«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» սկսում է իր գործունեությունը

Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի նախագահ Վահե Հակոբյանի հայտարարությունը․

««Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» սկսում է իր գործունեությունը։Մեր գլխավոր նպատակն է պահպանել եւ հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։ Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը հանդիսանում է հենց հիմադրամը եւ մենք նախանձախնդիր հետեւելու ենք Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում։

Հիմնադրամը նախատեսում է մշակութային եւ կրթական ծրագրեր, որոնք արդեն իսկ սկսում ենք իրագործել։Առաջին մեծ ծրագիրը դա Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին, Երեւանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։Մեծ հույս ունենք, որ Հայկոյի ընկերներն ու շատ հայտնի երաժիշտներ կունենան իրենց մասնակցությունն այս համերգին։Մեր ծրագրերում է նաեւ ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» HAYKO MUSIC FEST ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը։

Մենք ուզում ենք ստեղծել երաժշտական գրականություն՝ նոտագրելով Հայկոյի ստեղծագործությունները։ Սրա նպատակն է ժամանակակից կոմպոզիտորական միտքը դարձնել հասանելի երաժիշտների համար, դասագրքային մոտեցմամբ փորձել այն կիրառել երաժշտական ուսումնական հաստատությունների ջազային ֆակուլտետներում։Հիմնադրամը կունենա նաեւ կրթական ծրագրեր եւ կրթաթոշակներ։Հայկոյի հիսնամյակին ընդառաջ կստեղծվեն գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր Հայկո կոմպոզիտորի եւ նրա ստեղծագործական կյանքի մասին։

Հայկոյի երգերի հիման վրա կստեղծվի երաժշտական ներկայացում, որը կունենա իր խաղցանկային գրաֆիկը։Մենք հավատում ենք, որ կարող ենք միասին մեղմել կորուստը, արժանապատիվ պահպանել եւ ցուցադրել Հայկոյի ժառանգությունը, աջակցել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին եւ ստեղծել մշակութային նոր արժեքներ եւ վառ պահել Հայկո Հակոբյանի հիշատակը»։