Մենք պատրաստ ենք աջակցել խաղաղության գործընթացին. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջին անցակետի տեղակայումը խաթարում է գործընթացը,  վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայման կապակցությամբ ԱՄՆ-ն երեկ մտահոգություն է հայտնել, քանի որ դա խաթարում է գործընթացը: Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև լինեն բանակցություններ, և խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել»,-ասաց դեսպանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սա չի՞ վնասում խաղաղության գործընթացին՝ Քրիստինա Քվինն ասաց. «Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը»:

Նա վերահաստատեց՝ ԱՄՆ-ն փորձում է առաջ շարժվել, ջանքեր գործադրել՝ խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ:

Անդրադառնալով որպես զսպող միջոց՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր կիրառմանը՝ դեսպանը նկատեց, որ այս պահին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ԱՄՆ-ն ինչ կանի ապագայում, այդ մասին չի կարող որևէ մեկնաբանություն տալ: