Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնաբանել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը։ Կալասի հայտարարությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում։
«Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն։ Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, ինչը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»,– նշել է Կալասը։
ԵՄ Խորհուրդը որոշում է ընդունել Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ աջակցության նպատակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա։
Նշվում է, որ այդ աջակցությունը կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և կխթանի զինված ուժերի փոխգործունակությունը՝ ապագայում միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից իրականացվող առաքելություններին։
Միաժամանակ ընդգծվում է, որ ԵՄ-ն հանձնառու է ամրապնդել Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնվելով ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։



















