Դանակահարություն Երևանում․ ոստիկանության բացահայտումը․ Տեսնայութ

Դեկտեմբերի 4-ին, կեսգիշերին մոտ, բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ ստացվեց, որ մարմնի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Այս հանգամանքը բարդացրեց իրավապահների աշխատանքը, սակայն բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին, և դեպքից կարճ ժամանակ անց արդյունք գրանցվեց։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ տղամարդուն վիճաբանության ընթացքում դանակահարել է 18-ամյա մի երիտասարդ։

Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն և ներկայացրեց հանցագործության գործիք դանակը։ Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։