Քարակույտերից մաքրվել է Սիլիկյան 9-րդ փողոցի մի հատվածը՝ այդ կերպ կանխելով ինքնակամ կառուցապատման հավանական դեպքը, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան փողոցի մի հատվածում, համայնքային հողի վրա օրեր առաջ հայտնաբերվել էին քարակույտեր: Ըստ ամենայնի, դեռևս անձը չպարզված քաղաքացին տվյալ տարածը մտադրվել էր կառուցապատել՝ սեփական կարիքների համար:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցությամբ, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկական աջակցությամբ կազմակերպվել և իրականացվել են քարակույտերի հեռացման և տարածքը նախկին տեսքի բերելու աշխատանքները:
Ներկայումս աշխատանքներ են տարվում ինքնակամ քարակուտակումն իրականացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձին հայտնաբերելու ուղղությամբ՝ համապատասխան վարչարարություն իրականացնելու, ինչպես նաև համայնքային միջոցներով կատարված ծախսերը վերջինիս կողմից փոխհատուցելու համար: