Քովիդով վարակման 2 դեպք՝ Գյումրու մանկական հիվանդանոցում․ փոքրիկներին տեղափոխել են Երևան․ Factor.am

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում մանկահասակ երեխաների՝ քովիդով վարակման երկու դեպք է գրանցվել։ Նրանց տեղափոխել են մայրաքաղաքի կլինիկաներ․ մեկին՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն, մյուսին՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը։ «Նրանց մոտ քովիդը հաստատվել է երկու օր առաջ, տեղափոխումը եղել է երեկ։ Տրիաժը երեկ է տեղ հատկացրել, հավանաբար տեղ չկար։ Երեխաներից մեկը երկու ամսական է, մյուսը՝ չորս ամսական»,- հայտնեց Հասմիկ Խաչատրյանը։                        

Հարցին՝ ընտանիքներում կորոնավիրուսով վարակված անձինք կայի՞ն, Հասմիկ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո՛, տանը հիվանդ ունեին, կոնտակտավոր էին երեխաները։ Դա էր պատճառը, որ մենք սկսեցինք թեստավորել։ Երկու ամսականը դինամիկայում ծանրացավ, իսկ չորս ամսականի մոտ՝ հակառակը․ մինչև տրիաժում տեղ եղավ, արդեն լավացում ունեինք։ Այս պահին մենք հաճախ ենք թեստավորում փոքրիկներին, այն բալիկներին, որոնց մոտ թոքաբորբ է կասկածվում։ Նրանցից ոչ մեկի պատասխանը դրական չէր եկել մինչև վերջին երկու օրը, բացառությամբ այս երկու փոքրիկների։ Նրանց թեստավորեցինք ու պատասխանը դրական եկավ։ Կարելի է ասել՝ վերջին 1-1,5 ամսվա ընթացքում այս երկու դեպքն էր»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը։