«Ես ընդհանրապես կապ չեմ ունեցել փուչիկների պատվիրման հետ». Կարեն Ավագյանը խորհուրդ է տալիս «անհանգստանալ» սեփական ճակատագրով

«Ես ընդհանրապես կապ չեմ ունեցել փուչիկների պատվիրման հետ». Կարեն Ավագյանը խորհուրդ է տալիս  «անհանգստանալ» սեփական ճակատագրով
«Ես ընդհանրապես կապ չեմ ունեցել փուչիկների պատվիրման հետ». Կարեն Ավագյանը խորհուրդ է տալիս «անհանգստանալ» սեփական ճակատագրով

Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Փուչիկների» գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ԱԺ ընտրություններին ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ, այրվել եւ պայթել են երիտասարդների ձեռքում գտնվող հազարվոր փուչիկները, որոնք լիցքավորված են եղել, ոչ թե հելիումով այլ մեթանով:

Պաշտոնական տվյալների համաձայն, առնվազն 155 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել է Երեւանի բուժհաստատություններ: Որոշ երիտասարդների համար հատուկ պլաստիկ վիրաբույժ էր հրավիրվել Գերմանիայից;

Դեպքի առընչությամբ, մեղադրանք էր առաջադրվել միայն փուչիկները լիցքավորողին` Բոզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

««Փուչիկների գործով» մեղադրվող Ս. Բոզոյանի դատավճռի մասին լուրը հրապարակվելուց հետո կրկին իմ հասցեին կարդացի քննադատական կարծիք, թե ինչպես եմ կարողանում հանդուրժել ընտանիք պահող անձնավորության դատապարտման եղելությունը,- Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր էջում Բոզոյանի դատապարտումից հետո գրառում է կատարել այդ օրը երիտասարդներին` փուչիկներով հրապարակ ուղեկցող ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը, որի կերպարը շատերի մոտ ասոցացվում է տեղի ունեցած ողբերգության հետ:

Սա այն պարագայում, երբ նման տեսակետներ հնչեցնողները, առավել քան համոզված եմ, շատ լավ էլ գիտեն, որ ես ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքների և փուչիկների պատվիրման ու ձեռքբերման գործընթացի հետ։ Թե ինչի համար են իրենք կապ փնտրում, թողնենք իրենց խղճին։

Եկեք չմոռանանք նաև այն հարյուրավոր ընտանիքների մասին, որոնք մեզ հետ միասին այդ չարաբաստիկ միջադեպի օրը խորը ցավ ապրեցին: Փա’ռք Աստծո, անդառնալի կորուստներ չունեցանք: Եվ չնայած Բոզոյանն ընդունել է իր մեղքը, համոզված եմ, որ իրականում չի պատկերացրել, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ իր արածը:

Իսկ ահա նրանք, ովքեր «անհանգստացած» են Բոզոյանի ճակատագրով, թող մտահոգվեն սեփական ճակատագրերով։ Ցավում եմ, որ այս ամիսների ընթացքում մարդիկ, բացի էժանագին դիվիդենտներ շահելուց և իրենց նենգ երեսը ցույց տալուց, ըստ էության, ոչնչով չէին հետաքրքրվում։ Մեզ համար այդ ծանր օրերին այդ մարդկանցից և ոչ մեկին չտեսանք հիվանդանոցներում` երեխաների կողքին… Փոխարենը լսում ենք իրենց «ընտանիքների» վառ երևակայության արդյունքները։ Եվ վերջում. խնդրում ու պահանջում եմ՝ դժբախտ պատահարները մեր իրականության մեջ չդարձնել ինչ-ինչ դիվիդենտներ հավաքելու, միավորներ կուտակելու միջոց»։

 

© Medialab.am