Իշխանությունը վերջնականապես հրաժարվել է Արցախից ու հիմա քննարկում է ընդամենը հայ-ադրբեջանական հարաբերությունները. Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, Արցախում տիրող սահմանային լարվածությունն ինչո՞վ եք բացատրում և ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այսօր՝ գործադիրի նիստին արված մեկնաբանությունները ադրբեջանական սադրանքների վերաբերյալ։

– Լարվածության աճը կանխատեսելի էր, որովհետև ինչ-որ ժամկետներում Հայաստանի իշխանությունները որոշակի խոստումներ են տվել, օրինակ՝ խոստացել էին, որ այլևս ոչ մի քաղաքացի չի ծառայելու Ղարաբաղում, ինչի կյանքի կոչումը ադրբեջանցիներն արագացնում են, խոսքը նաև Լաչինի միջանցքի բնակավայրերը հանձնելու մասին է, ինչի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում՝ մեկ ամիս առաջ ասաց, որ, այո՛, այն բնակավայրերը, որոնք չեն եղել նախկին ԼՂԻՄ-ի կազմում, անցնելու են Ադրբեջանին: Հիմա նրանք այս գործընթացներն արագացնելու նպատակով հավելյալ ճնշումներ են իրականացնում։ 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա արձագանքներին, ապա դրանք ես համարում եմ անիմաստ դժգոհություն, ըստ էության, դժգոհում էր Ադրբեջանից, Ռուսաստանից ու վերջ, այսինքն՝ առանց որևէ կոնկրետ բան ասելու, հերթական անգամ մեղքը բարդում է Ռուսաստանի ու Ադրբեջանի վրա՝ Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարում, Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում, եթե այսպես շարունակվի՝ կդիմենք միջազգային ատյաններ: 

Սա էր նրա ասելիքը, ինչը ես ընկալում եմ այսպես, որ Հայաստանի իշխանությունները վերջնականապես հրաժարվել են Արցախից ու Արցախի հարցում, այդ թվում՝ ռազմական, քաղաքական, իրենց վերապահել են միայն մեկ գործառույթ՝ որ եթե այնտեղ լարվածությունն ավելանա, իրենք այդ թեմայով աղմուկ բարձրացնեն ու դիմեն միջազգային ատյաններ: Սրանից բացի Հայաստանի իշխանությունները որևէ կերպ Արցախի ճակատագրով մտահոգված չեն։

– Համաձա՞յն եք Փաշինյանի ասածին, որ Ադրբեջանն այսկերպ ուզում է չեղյալ հայտարարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

– Ես կարծում եմ, որ այդ խաղաղության դարաշրջանը, որի մասին անընդհատ խոսում է Նիկոլ Փաշինյանը, բացի մեզնից ոչ մեկին պետք չէ, քանի որ Ադրբեջանը համարում է, որ ինքը հաղթել է ու դրա դիմաց ստացել է ավելի քիչ, քան կարող է ստանալ, դրա համար էլ նրանց Հայաստանի ճանապարհները բոլորովին չեն հետաքրքրում, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ասի՝ ուզում եք՝ հենց այսօր եկեք, օգտվեք։ 

Ադրբեջանին այդ ճանապարհները պետք չեն, նրանց պետք է միջանցք, այսինքն՝ այդ ճանապարհները, որ տարածքով անցնում են, լինեն իրենց իրավասության տակ։ Դրա համար էլ Ադրբեջանը խաղաղության դարաշրջան չի ուզում կամ ուզում է պայմանով, որ իրենց ասած Զանգեզուրի միջանցքը բացվի, կամ եթե դա չի բացվում՝ իրենք փակում են Լաչինի միջանցքը, վերջնականապես հայաթափում են Արցախը, այսինքն՝ ստանում են իրենց ուզածը, ու ի հետևանք՝ Հայաստանը մնում է շրջափակման մեջ ու թուլանում է, որովհետև, միևնույն է՝ ճանապարհները չեն գործելու, սա է իրենց ծրագիր մինիմումն ու մաքսիմումը։

– Պարո՛ն Բաղդասարյան, իսկ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախում որևէ ՀՀ քաղաքացի չի ծառայում, ինչի՞ մասին է խոսում։

– Ադրբեջանն այդպիսի պահանջ էր դրել, ենթադրում եմ, որ դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում կար այդ պահանջը, բայց քանի որ այնտեղ ժամկետային զինծառայողներ են, որոնց ծառայության ժամկետն ավարտվում էր այս տարվա ամռանը, դրա համար էլ այդպիսի ժամկետ է դրվել, ու Հայաստանը հիմա շատ արագ արդեն պաշտոնապես ասաց, որ վերջին զինակոչիկները վերադարձել են Հայաստան, ու այլևս նորը չի լինելու այնտեղ։

– Իսկ որքանո՞վ արժանահավատ կլինի այս հայտարարությունը, եթե նկատի ունենանք, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը մոտավորապես երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ այդ գործընթացն ամբողջովին կավարտվի միայն սեպտեմբերին։

– Խնդիրը հավատալ-չհավատալը չէ, Ադրբեջանին ձեռնտու լինի հավատալը՝ կհավատա։ Ոչ մի կապ չունի՝ այնտեղ կա՞ն ՀՀ զինծառայողներ, թե՞ չէ, ցավոք սրտի, ես կարծում եմ, որ իսկապես Հայաստանի զինծառայողներ չկան այնտեղ, համենայնդեպս՝ ժամկետային։ 

– Այսինքն՝ ձեր համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները որոշակի խոստումներ են տվել Ադրբեջանին, ու վերջինս ռազմական ճնշմամբ փորձում է արագացնե՞լ այդ խոստումների կատարումը։

– Ես նման բան չասացի․ Հայաստանի իշխանությունները բազմաթիվ խոստումներ են տվել, հիմա հերթով կատարում են դրանք, ուղղակի Ադրբեջանն ավելի է շտապեցնում՝ ճնշում գործադրելով, իսկ հայկական կողմը փորձում է ժամանակ ձգել։ 

Հայկական կողմը մինչև հիմա չի ասել, որ հրաժարվում է որևէ բան անելուց, ավելին՝ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետի վերաբերյալ էլ ասացին, որ այնտեղ իրենց համար անընդունելի որևէ բան չկա։ Ուղղակի Ադրբեջանը փորձում է արագացնել գործընթացները, որպեսզի հնգամյա ժամկետից առաջ ասեն, որ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն Արցախում երկարացնելու կարիք չկա, նրանք այսպիսի հեռահար նպատակ ունեն։

– Իսկ հայկական կողմն ինչո՞ւ է փորձում ժամանակ ձգել։

– Կարծում եմ՝ նախ վախենում է ներքաղաքական ցնցումներից, և երկրորդ՝ ինչքան ավելի ուշ լինեն այդ զիջումները, այնքան ավելի սահուն կլինեն, այսինքն՝ մի բան է, երբ Արցախից Հայաստան է գալիս, դիցուք՝ 5-10 հազար մարդ մեկ ամսում, այլ բան է, երբ մի քանի ամսում է գալիս 100 հազար մարդ։ Այսինքն՝ նրանց պետք է այդ բոլոր զիջումները փոքր չափաքանակներով, կամաց-կամաց մատուցել հասարակությանը՝ ցնցումներից խուսափելու համար։

– Պարո՛ն Բաղդասարյան, իսկ Փաշինյանի այդ դժգոհությունը ռուսական կողմից որևէ արձագանք, հետևանք կունենա՞։

– Կարծում եմ՝ ռուս խաղաղապահները կշարունակեն իրենց գործունեությունը պայմանավորել ոչ թե Նիկոլ Փաշինյանի գոհ կամ դժգոհ լինելով, այլ՝ Ռուսաստանի շահերով։ Եթե Ռուսաստանի շահերը թելադրեն, որ այդ պահին պետք են կոշտ միջամտություն, հակազդեցություն Ադրբեջանին, այդպես էլ կանեն, եթե համարեն, որ պետք է նպաստել Ադրբեջանի ագրեսիային, այդպես էլ կանեն՝ առանց հաշվի առնելու, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի կամ Ալիևի դժգոհությունները։ Չպետք է պատրանքներ ունենալ, թե ռուս խաղաղապահները եկել են Արցախի հայությանը պաշտպանելու, նրանք Արցախում են՝ Ռուսաստանի պետական շահը պաշտպանելու համար։

– Իսկ ձեր դիտարկմամբ՝ Ռուսաստանին ձեռնտո՞ւ է, որ Արցախը հայաթափվի։

– Ո՛չ, որովհետև եթե այնտեղ չլինի հայ բնակչություն, նրանց գոյությունն անիմաստ կլինի, բայց նրանք այդ հարցը քննարկում են ոչ թե մեզ հետ, այլ այդ հարցը սակարկության առարկա են դարձնում Ադրբեջանի հետ, ու ամեն անգամ կարող են Ադրբեջանից ինչ-որ բան կորզել, ինչ-որ զիջում այլ հարցերում, ու դա միշտ մեր հաշվին է լինելու։

– Այսինքն՝ Արցախին վերաբերող որևէ հարց Հայաստանի հետ չի՞ քննարկվում։

– Բնականաբար չի քննարկվում, ու Հայաստանի իշխանությունները կարծես թե ուրախ են դրանից, որ ազատվել են այդ գլխացավանքից, դրա համար էլ իրենք վերջնականապես հրաժարվել են Արցախից ու հիմա քննարկում են ընդամենը հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am