Պարետ Ավինյանի կարծիքով՝ Հայաստանը կոմեդիայի թատրոնի բեմ է։ Մարդը որոշել է, որ կաթողիկոսը, վարչապետը, ԱԺ և ՍԴ նախագահները և էլի մի քանիսը պաշտոնական ընդունելությունների ժամանակ կարող են դիմակ չկրել։
Բայց դա չի՞ ենթադրում, որ ՀՀ շարքային քաղաքացիների համար էլ կլինեն ինչ-որ արարողություններ, որոնց ժամանակ նրանք կարող են դիմակ չկրել։ Կամ գոնե այդ քաղաքացիների միջի «խառոշիները», որոնց ցուցակը կարող է հաստատել պարետը։
Նա, ի՞նչ է, հակամարմիններո՞վ է օժտել հիշյալ պաշտոնյաներին։ Նրանք ավելի հավասա՞ր են իրար, քան մենք իրենց։ Ինչի՞ հիման վրա է պարետը նման որոշում կայացրել։ Թե՞ այդ բոլորը Պուտինի հետ մի սենյակում էին կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ստանալիս։
Որն էլ լինի նման որոշման մոտիվը, պարզաբանում է պետք, որ իմանանք գլխներիս գալիքը։ Որովհետև դա կեղտոտ որոշում է և ահա թե ինչու։ Մարդիկ այսօր էլ հիվանդանում են կորոնավիրուսով։ Հիվանդանում են ու մահանում։
Ա՛յ էդ մահացողների և նրանց հարազատների «տեսանկյունից» է այդ որոշումը դաժան։ Այսինքն՝ մեռնողը թող մեռնի, մենք ունենք մեր անմահների ցանկը։ Էս կառավարության միջից լրի՞վ են հանել էթիկայի զգացումը, չկա՞ր մեկը, որ բռներ Ավինյանի ձեռքը։
Կաթողիկոսի պարագայում գոնե կարող ենք ենթադրել, որ Աստված նրան ուղղակի չվարակվելու երաշխիքներ է տվել, և Ավինյանը շատ փոքր է այդ երաշխիքների դեմ կռվան ունենալու համար։
Բայց իրենց չհիվանդանալու կամ չմեռնելու երաշխիքն ո՞վ է տվել։ Եվ ո՞վ է, ընդհանրապես, որոշել, որ «ով էշ, մենք՝ փալան»։
Հետո էլ նեղանում են ծիծաղի առարկա դառնալու համար։ Հասկացանք, որ հանրապետական չեք, և ամենահիմար որոշումն անգամ էս ժողովրդին ձեր դեմ չի հանի, բայց նման որոշումները հակառակի պես ցույց են տալիս նրանց, որոնց դուք դրել եք հիմարի տեղ։ Իսկ հիմարին տեղյակ չեն պահում իր հիմարության մասին ու որոշումներ կայացնելիս էլ նրա կարծիքը չեն հարցնում։
Բայց սա կորոնավիրուս է, ընկերնե՛ր, ու սա, եթե չեմ սխալվում, մահացու հիվանդություն է։ Դուք մեզ էնքան հստակ եք ասում, որ ով՝ ով, դուք մեռնող չեք։ Դա նաև էն մասին է, որ դուք արդեն կարողանում եք տարբերել «սահմանները» մեր ու ձեր միջև։
Չէ՛, ինչ-որ բան այս հեղափոխության մեջ սխալ է գնում։ Չէի ասի, թե ճակատագրական սխալ է, որովհետև ճակատագրական սխալների վրա «ղժժալ» չկա։ Բայց քանի պարետը կա, զվարճանալու առիթները չեն պակասի։ Միայն դպրոցներին վերաբերող սահմանափակումները հերիք են։
Դե, ասենք, այն, որ դասամիջոցներ չեն լինելու։ Էդ դեպքում ի՞նչն է խանգարում շարունակել հեռավար ուսուցումը կամ կազմակերպել մի դասապրոցես, երբ այդքան շատ երեխաներ իրար հետ գործ չեն ունենա։
Կամ ո՞ւր են երեխաների վարակման հավանականության, էլ չեմ ասում՝ մահացության մասին ձեր ցուցանիշները։ Բոլորը դուրս են եկել բոլորի դեմ։ Ցո՛ւյց տվեք այդ ցուցանիշները, ա՛չք վախեցրեք։
Ավելին, դուք պարտավոր եք ցույց տալ նաև վարչապետի և նշված բոլոր պաշտոնյաների անմահության հնարավորությունները, գուցե մենք էլ ենք ոտ ու ձեռ ընկնում ու ինչ-որ ճանապարհով էդ անմահությունից բաժին վերցնում։ Հրաման հրապարակելով չէ, հարգելի՛ պարետ։ Մենք ծիծաղի թեմա չենք։ Եթե ձեզ համար ամեն ինչ անցած է, կորոնավիրուսն արդեն «ում շունն է», մեզ համար դեռ «ում շունը» չէ։
Մհեր Արշակյան
MediaLab.am