Նախընտրական քա՞յլ. արդյոք «Ժառանգությունը» վայր կդնի՞ մանդատները

Մինչ շատերը կանխատեսումներ են անում փետրվարի 28-ին «Ժառանգություն» խմբակցության ամբողջ կազմով ԱԺ նիստը բոյկոտելու հետագա զարգացումների շուրջ, վերլուծաբանները տեղի ունեցածը որակում են որպես «ուշադրություն հրավիրելու միջոց»:
ԱԺ նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցությունն ամբողջ կազմով լքել է ԱԺ դահլիճը, որից հետո նրանք հայտարարել են, որ վարչության նիստ են հրավիրելու` իրենց անելիքները պարզելու համար:
Նման քայլի պատճառ էր դարձել այն, որ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը կեսից անջատել է Հովհաննիսյանի բարձրախոսը` հնարավորություն չտալով վերջինիս ելույթ ունենալ: Հովհաննիսյանն իր դժգոհությունն է հայտնել օրեր առաջ իշխանական կոալիցիայի կողմից նորացված համաձայնագրի վերաբերյալ` որակելով այն որպես «հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր»:

Ըստ համաձայնագրի` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը հայտարարել են առաջիկա նախագահական ընտրություններում ի դեմս գործող նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու պատրաստակամության մասին:

«Ժառանգությունը» հայտարարել է, որ մարտի 6-ին խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրում` խորհրդարանական խմբակցության «հետագա ռազմավարությունն ու մարտավարությունը» որոշելու համար:

Վերլուծաբանները, սակայն, կարծում են, թե «Ժառանգության» պատգամավորների այդ քայլն ուշադրություն հրավիրելու համար է, և ավելի շատ տեղավորվում է նախընտրական մարտավարության շրջանակներում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Մեդիալաբին» ասում է, որ, ըստ էության, Հայաստանն արդեն թևակոխել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ, և ամեն կուսակցություն իր տակտիկան է դրսևորում: «Ժառանգության» այս ակտիվացումն էլ քաղաքական վերլուծաբանը համարում է հենց այդպիսի մարտավարական քայլ:

«Այսպես թե այնպես, «Ժառանգության» շուրջ խոսակցություններն այնքան էլ շատ չեն: Ուստի այս քայլը, ըստ իս, զուտ նախընտրական քայլ էր»,- ասում է Երվանդ Բոզոյանը:

ԱԺ նիստի սկզբում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Ազգային ժողովի թե´ մեծ, թե´ քառօրյա օրակարգը պետք է արտահայտի ժողովրդի պահանջները, ինչը, ըստ նրա, այդպես չէ:

Կոալիցիոն հուշագրի ստորագրումը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նշանակում է` «ևս յոթ տարի շարունակվելու է պետական ինքնիշխանությանը վնասող արտաքին քաղաքականությունը»:

Իսկ ներքին քաղաքականության մեջ, ըստ նրա, հուշագիրը «խորացնում է անհավասարությունն ու անօրինականությունը, որը շարունակվելու է ևս յոթ տարի»:

Հենց այս ժամանակ էլ Նիկոյանն անջատել է Հովհաննիսյանի բարձրախոսը, ինչից հետո Հովհաննիսյանն իր ելույթը շարունակել էր տեղից և հայտարարել, որ «խորհրդարանում ընդդիմության և իշխանության ներկա համամասնությունը չի բավականացնում կուսակցապետների ախորժակը, և նրանք իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր այս աթոռների վրա»:

Հովհաննիսյանի հենց այս հայտարարությունից հետո «Ժառանգություն» խմբակցությունն ամբողջ կազմով լքել է խորհրդարանի դահլիճը:

«Հնարավոր է, որ այդ ամենի մեջ նաև էմոցիոնալ կոմպոնենտ կա»,- ասում է Երվանդ Բոզոյանը, սակայն շեշտում է, որ, իր կարծիքով, սա նախընտրական տակտիկայից դուրս չի գալիս և հազիվ թե որևէ ազդեցություն ունենա քաղաքական գործընթացների վրա: Քաղաքագետը հիշեցնում է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ից սկսում է հանրահավաքների շարք, Դաշնակցությունն ընտրական գործընթացների շուրջ շարժում է սկսել, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ստորագրել են կոալիցիոն հուշագիր, և այդ ամենի մեջ, ըստ քաղաքագետի, «Ժառանգությունը» «կարծես դուրս էր մնացել»:

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը ևս այն կարծիքին է, որ «Ժառանգության» այս քայլը ավելի շատ «կարճաժամկետ PR ակցիա» է:

«Չկա «Ժառանգություն» կուսակցություն, կա «Ժառանգություն» խմբակցություն, 5-6 հոգի, իսկ 131 պատգամավորի մոտ դա եղանակ չի ստեղծում: Եվ եթե անգամ նրանք մանդատները վայր դնեն, դա որևէ ազդեցություն չի ունենա քաղաքական գործընթացների վրա»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն, դեռ վաղ է համարում խոսել այն մասին, թե ի՞նչ որոշում կարող է կայացվել մարտի 6-ի նիստում:

«Մեդիալաբի» հետ զրույցում Փոստանջյանն ասում է, որ մինչ այդ իրենք որոշում են կայացրել չմասնակցել ԱԺ նիստերին: Իսկ արդյո՞ք հնարավոր է, որ մարտի 6-ին որոշում կայացվի մանդատները վայր դնելու մասին:

«Ես դեռ չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ ապագա որոշումներին: Առայժմ վաղ է խոսել այդ մասին, սակայն կարևորն այն է, որ մենք կարողանանք այնպիսի գործընթաց սկսել, որը կարողանա համախմբել ողջ հասարակությանը` հաղթահարելու այս չարիքը, որը համաճարակի նման ներխուժել է բոլոր ոլորտները»,- «Մեդիալաբին» ասել է Զարուհի Փոստանջյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am