Մտածել, թե Թուրքիան իրեն ուղարկված օգնությունով քաղաքականություն է որոշելու, միամտություն է. թուրքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա, իսկ «այդ հնարավորությունը մեծացել է, երբ մենք որոշեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին: Եվ Թուրքիայի կառավարությունն ու հանրությունը մեր գործողությունները հենց ճիշտ այդպես էլ ընկալեցին ու ընդունեցին»: Թուրքական կողմում և՞ս տեսնում են այդ մեծ հնարավորությունները։

– Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունը նույնն է, ինչ 1 ամիս առաջ, 3 ամիս առաջ, ինչ 1 կամ 10 տարի առաջ։ Այսինքն՝ մենք որևէ կերպ չենք մոտեցել կամ հեռացել, նույն վիճակն է հարաբերությունների կարգավորման գործընթացում։ 

Երկրաշարժի ժամանակ ու դրանից հետո Հայաստանի օգնությունը ընդամենը մարդասիրական քայլ էր, ոչ ավելի, ինչն էլ Թուրքիան ընդունեց։ Թուրքիան այդքան միամիտ չէ, որ x տոննա օգնությամբ գնվի կամ հումանիստական քայլերին մեծ կարևորություն տա, Թուրքիան ընդունել է նաև մյուս երկրների օգնությունը, անգամ իրեն թշնամի համարվող Հունաստանից, Իսրայելից։ Մտածել, թե Թուրքիան իրեն ուղարկված օգնությունով քաղաքականություն է որոշելու, այնքան էլ տեղին չէ ու միամտություն է։

– Այդ դեպքում երկրի ղեկավարն ինչո՞ւ է առաջնորդվում միամտությամբ։

– Պարզապես երկրի ղեկավարը լավատես է, ինչպես լավատես էին նաև նախկինում Սերժ Սարգսյանը, ավելի քիչ լավատես՝ Ռոբերտ Քոչարյանը, էլ ավելի շատ լավատես՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսինքն՝ բոլորն էլ ասել են, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություն կա, նույն Սերժ Սարգսյանը վստահ էր, որ կկարգավորվի, որ գնաց Բուրսա, մասնակցեց հանդիպմանը, արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին արձանագրությունը, այսինքն՝ բոլորը հավատացել են ու մտածել, թե իրենք ամենամոտն են հարաբերությունների կարգավորմանը։ Հիմա նույնպես մոտ ենք, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվի այսպես ասած խաղաղության պայմանագիրը։ 

– Ադրբեջանի պայմաններո՞վ։

– Այնքան էլ կարևոր չէ, Թուրքիան ուղղակի սպասում է այդ պայմանագրի կնքմանը։ Թուրքիայից հնչող հայտարարությունները հիմնված են հենց այդ սպասման վրա, եթե Թուրքիան վստահ լինի, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կնքելու այդ պայմանագիրը, ապա հարաբերությունները կարգավորելու գործընթացը չի շարունակի։ Նրանք ուղղակի համոզված են, որ այդ պայմանագիրը շուտով կստորագրվի։ 

– Պարո՛ն Իսպիրյան, Թուրքիայի նախընտրական կյանքում ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։ Գործող իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության շանսերն են մեծ հաղթանակի համար։ Հայաստանի համար որի՞ հաղթանակը շահավետ կլինի։

– Թուրքիայում ոչ մեկը հայամետ չէ, բացի այն թևից, որը հաղթելու շանսեր չունի, օրինակ՝ քրդական կուսակցությունները, ձախակողմնյաները, նրանց կարող ենք ասել հայասեր, ընկերասեր, հարևանասեր, բայց մյուս կուսակցությունները, որոնք ներկա պահին խորհրդարան մտնելու իրապես շանսեր ունեն ու իրապես իրենք են վերցնելու իշխանությունը՝ թե՛ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և թե՛ մյուս թևը՝ այդ հինգ-վեց կուսակցությունից բաղկացած դաշինքը, ու գլխավորապես նրանց մայր ընդդիմություն համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունը, հայամետ չեն։ Այսինքն՝ որքան «հայասեր» է Էրդողանի կուսակցությունը, նույնքան էլ ընդդիմությունն է։ 

Ընդդիմության առաջնորդն իր անձնական գաղափարներով հայերի նկատմամբ թշնամաբար չի տրամադրված, սակայն այդ կուսակցությունը Աթաթուրքի գաղափարախոսության կրողն ու շարունակողն է, այսինքն՝ անձն այդ պարագայում այնքան էլ նշանակություն չի ունենալու։ 

Թուրքիայում անցկացված սոցհարցումները, բնականաբար, հակասական տվյալներ են հաղորդում, ամեն դեպքում այս պահին, եթե որևէ լուրջ բան տեղի չունենա, Էրդողանի հաղթելու հավանականությունը ցածր է, բայց կուսակցությունը խորհրդարան կմտնի։ 

Չմոռանանք նաև, որ Էրդողանը հեշտ հանձնվողներից չէ, ու չգիտենք, թե ընտրություններից առաջ ինչ կարող է տեղի ունենալ։ Այնուամենայնիվ, ով էլ հաղթի՝ մեզ համար էական տարբերություն չի լինելու, նրանք շարունակելու են հետևել իրենց ազգային շահին։

– Ադրբեջանը մինչև նախագահական ընտրությունները Թուրքիայի դրդմամբ ավելի լայնածավալ ռազմական էսկալացիայի կդիմի՞, թե՞ ոչ։

– Էրդողանն ունի սերտած մի կանոն, որ Թուրքիայում իշխանությունը սկսում է վարկանիշ հավաքել, երբ պատերազմում է որևէ երկրի կամ երևույթի դեմ։ Ժամանակին դա Սիրիան էր, Իրաքն էր, ներքին քրդերն էին, այսինքն՝ սա հեռու չէ Թուրքիայից։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դա կախված է Էրդողանի հաշվարկներից, բայց նման արկածախնդրության գնալը վատ հետևանքներ է ունենալու։ Ձեր նշած տարբերակը պահուստային է Էրդողանի համար, դեռ կա Սիրիայի գործոն, քրդերի գործոն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am