«Լուսավոր Հայաստանը» ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Արկադի Խաչատրյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը  ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի թեկնածությունը։ Այդ մասին տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

Թեկնածուի կենսագրությունը ստորեւ.

«Արկադի Սանասարի Խաչատրյան

Ծնվել է 1975թ. hունվարի 29-ին Վանաձոր քաղաքում:

1997թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:

Նույն թվականին Մոսկվայում ընդունվել է Կառավարման պետական համալսարանի (ГУУ) Ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, համատեղությամբ աշխատելով նախ՝ «Ադիքս» ֆինանսական ընկերությունում որպես ֆինանսական բրոքեր, այնուհետեւ «Օնիքս» ՓԲԸ-ում որպես ֆինանսական մենեջեր:

Հետագայում տեղափոխվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա եւ, պաշտպանելով ատենախոսությունը, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Ավելի ուշ ավարտել է իրավագիտության ֆակուլտետը, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տմտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան:

2009թ. սովորել է Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցում՝ «Բանակցությունների վարում» կրթական ծրագրով:

1998- 2015թթ. հանդիսացել է քաղաքացիական ծառայող, զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Ծառայությունը սկսել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչությունում նախ՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետեւ բաժնի պետ, վարչության պետ, տեսչության պետի տեղակալ եւ ապահովագրական տեսչության-գլխավոր վարչության պետ:

Եղել է «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն:

Այնուհետեւ մրցութային կարգով քաղաքացիական ծառայությունը շարունակել է ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում որպես պետի տեղակալ, այնուհետեւ որպես փորձագիտական-վերլուծական վարչության պետ:

2012թ.-առ այսօր՝ ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս է:

2018թ.-առ այսօր՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (РАУ) քաղաքացիական իրավունքի եւ քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս է:

2015-2019թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ԿԲ խորհրդի անդամ, ԿԲ նախագահի խորհրդական։

Հանդիսացել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

2011-2013թթ. եղել է ՀՀ եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական, եւ ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաեւ  խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հարցերի խմբի անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակով:

Տնտեսագիտության թեկնածու է:

Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն՝ 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2012թ.):

Տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (2013թ.):

Բազմաթիվ գիտական եւ այլ հոդվածների հեղինակ է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ»։