Ռազմական էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է, սակայն դա չթույլատրելու համար պետք է քայլեր ձեռնարկել․ փոխնախարար

Հարավային Կովկասում ռազմական էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Արման Սարգսյանը հաստատեց այն տեղեկությունները, որ հայ-ադրբեջանական սահմանին նկատվել է Ադրբեջանի զորքերի և տեխնիկայի կուտակում՝ նշելով, որ այդ մասին պաշտոնապես հաղորդագրություն է տարածել նաև Պաշտպանության նախարարությունը։

«Ավելորդ լարումից, մյուս բաներից խուսափելու համար ցանկալի է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք»,- ավելացրեց Սարգսյանը։Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն նշեց, որ  տեսանյութերում պարզ  երևում  են  հրետանային միջոցների  և մի շարք այլ ռազմական տեխնիկայի կուտակումներ։

«Այդ մասին խոսվել է: Չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևեք, մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք:  ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու եւ ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով:

Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է, սակայն մենք՝ որպես պետություն, պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի գործն  էսկալացիայի, առհասարակ ռազմական մեծ գործողությունների չհասնի»,- եզրափակեց Սարգսյանը։