«Երկու ամիս կոպեկ չեմ աշխատել»․ Շոու բիզնեսը՝ կարանտինում

Հայաստանի շոու բիզնեսի երգիչ-երգչուհիները նույնպես կարանտինային շրջանում ծանր օրեր են ապրում․ նրանց ծրագրած համերգներն ու հանդիսությունները հետաձգվել են, ռեստորանները, որտեղ երեկոյան երգում են, գումար աշխատում, փակ են։ 

Այս ոլորտի ներկայացուցիչները, սոցիալական հարթակներն օգտագործելով, պարբերաբար փորձում են կապի մեջ լինել իրենց երկրպագուների հետ, սեփական օգտահաշիվներով կազմակերպում են «համերգներ» և այլն։ Սակայն դա ֆինանսապես չի բարելավում նրանց վիճակը։

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից Ռուզաննա Անդրեասյանը, որը երգում է նաև երևանյան ռեստորաններից մեկում, արդեն մեկ ամսից ավելի է՝ անգործ է, ինչը նշանակում է, որ եկամտի որեւէ աղբյուր չունի:

«Ես կարծում եմ՝ պետք է հասկանալ, որ արտակարգ իրավիճակ է, որևէ մեկը չի պլանավորել, որ այսպես լինի։ Բոլորիս կամքից անկախ է նման իրավիճակ ստեղծվել։ Դեռևս դիմադրում ենք ու լուրջ խնդիրներ չունենք»,- «Մեդիալաբին» ասում է երգչուհին։

ՀՀ արտակարգ դրության պարետի որոշումը՝ մայիսի 4-ից որոշ ծառայությունների համար սահմանափակումները վերացնելու մասին, ըստ Ռուզաննա Անդրեասյանի, լավ է, ինչի արդյունքում որոշ սրահներ գուցե բացվեն։ 

«Կարծում եմ, որ բացվեն սրահներ, մարդիկ կվերադառնան աշխատանքի, բայց կարևորն այն է, որ նրանց առողջությունը չվտանգվի։ Մոտակա մեկ ամսվա ընթացքում, կարծում եմ՝ կսկսենք ամբողջությամբ աշխատել»,- հուսյ ունի Անդրեասյանը։

Կառավարության հակաճգնաժամային ծրագրերի թիրախում, որպես տուժած ոլորտ, լսել է՝ ռեստորանային բիզնեսն ընդգրկված է․ 

«Կառավարությունը հնարավորինս մարդկանց օգնություն տրամադրել է։ Հատկապես այն մարդկանց, որոնք դրա կարիքը շատ ունեն։ Ես որքան գիտեմ՝ ռեստորանները ևս ընդգրկված են կառավարության օգնության ծրագրերում։ Համենայնդեպս, դրա համար շնորհակալ ենք»։

«Էն էլ ոնց եմ տուժել, շատ-շատ եմ տուժել, որովհետև մարտի 10-ից ընդհանրապես չեմ աշխատել, իսկ չաշխատելով ու միայն ծախսելով ապրել նորմալ չի։ Օրինակ՝ եթե դուք 2 ամիս կոպեկ չաշխատեք ու մինիմում 400 հազար դրամ փող ծախսեք, ո՞նց եք պատկերացնում ապրելը սենց»,- «Մեդիալաբին» ասում է շոու բիզնեսի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արսեն Գրիգորյանը (Ռոմանսի Արսեն)՝ հրաժարվելով ասել, թե որքան ժամանակում կարող է հետ բերել ծախսած 400 հազար դրամը։

Երգիչը կարանտինում չի ձանձրանում՝ զբաղվում է սպորտով, ֆիլմեր է դիտում, մի քանի երգ է գործիքավորել, բայց գրքերի հետ գլուխ չի դնում։

«Ամեն մեկը մի ձև հաղթահարում է կարանտինը, օրինակ՝ ես սպորտով եմ զբաղվում, իմ տան մոտ այգի կա, դուրս եմ գալիս, վազում եմ։ Սպորտն իմ կյանքն ա, երաժշտության նման նույն կարևորությունն ունի։ Շատ ֆիլմեր եմ դիտել, սիրուն, հետաքրքիր իսպանական սերիալներ «Նեթֆլիքսից»,- նշում է Գրիգորյանը։ Իսկ ահա գրքերի համար երգիչը ժամանակ չունի․ «Ֆիլմի ժամանակ ունեմ, գրքի ժամանակ չունեմ։ Գրքեր ուղղակի չեմ կարդում»։

Տանը մնալը նրա համար դարձել է սովորական, ասում է՝ կարանտինը վերանա, դժվարությամբ է վերադառնալու աշխատանքային, նախակարանտինյան նորմալ կյանք։ 

Ընկերների, հարազատների հետ շփվում է FaceTime-ով, մեկ ամսից ավելի է՝ ծնողներին չի տեսել․ 

«Ես էդ կարանտինին շատ լուրջ եմ նայում, եթե չի կարելի՝ ուրեմն չի կարելի։ Կառավարությունը պահանջում ա պահպանել կարանտինի, մեկուսացման կանոնները, բայց մեր ազգը․․․ 

Հասկանալի է, որ շատ բարդ ա էդքան մնալ տունը, բայց սաղ աշխարհում պահպանում են կանոնները, իսկ մեր ազգը․․․ էհէէ, հեչ վեջները չի, վթարները իրար վրա, ընենց են փողոցում քայլում, որ մտածում ես՝ հեսա կգան վրովդ կանցնեն, ոչ մեկ էդ սոցիալական հեռավորությունը չի պահպանում։ 

Մի խոսքով, մեր ազգը չի փոխվի, չեն հասկանում՝ չի կարելին ինչ է, չեն հասկանում հիվանդության լրջությունը։ Մեկ էլ կարող ա հարցնեն՝ հավատո՞ւմ ես էս հիվանդությանը, ասում եմ՝ այ մարդ, հո Եհովայի վկայի խնդիր չի, որ հավատամ կամ չհավատամ։ Իհարկե լուրջ ա էս ամենը»։

Այդուհանդերձ, երգիչը սպասում է, որ սահմանափակումների թուլացման հետևանքով վարակակիրների թիվը շատանալու է․ 

«Հեսա որ մեղմացրին, վարակակիրները շատանալու են, եթե մի օրվա մեջ 130 մարդ է հայտնաբերվում, պատկերացրեք՝ ինչ կլինի, որ մեղմացվի»։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am