Ադրբեջանը պատասխանել է Հնդկաստանի ԱԳՆ-ի՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Հնդկաստանի ԱԳՆ-ի` նախօրեին արված հայտարարությանը, որով կոչ էր արվում Ադրբեջանին անհապաղ իր զորքերը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքից, գրում է Factor.am-ը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հարցերի հիմնական պատճառը 2020թ-ի նոյեմբերից առաջ «Ադրբեջանի տարածքների օկուպացիան է, Հայաստանը խախտել է Ադրբեջանի միջազգային ճանաչված սահմաններն ու հիմա Բաքուն միայն վերականգնում է իր միջազգայնորեն ճանաչված սահմանները»։

«Շատ տարօրինակ է, որ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որը վերջին 30 տարում ադրբեջանական տարածքներից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերման կոչեր չէր անում, հիմա խոսում է զինված ուժերի դուրսբերման մասին։

Ակնհայտ է, որ այդ վերջին հայտարարությունն արվել է առանց հարցի տարբեր ասպեկտների մանրամասն ուսումնասիրության»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել էր, որ Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին։

«Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- հայտարարել էր խոսնակը:

Նա նաև ընդգծել էր, որ Հնդկաստանը մշտապես կողմ է արտահայտվել երկկողմ վեճերի խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով:

«Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության հեռանկարում»,- նշել էր Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը: