Ռումինիայի խորհրդարանում ցեղասպանության հարցով լսումներին պատգամավորները շեշտել են ճանաչման անհրաժեշտությունը

Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում առաջին անգամ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներ, որին ելույթներով հանդես են եկել բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները՝ շեշտելով ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

Դեսպանը տեղեկացրեց, որ այդ լսումները տեղի են ունեցել Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի նախաձեռնությամբ:

«Առաջին անգամ է, որ Ռումինիայի խորհրդարանում տեղի են ունենում լսումներ Հայոց ցեղասպանությանը վերաբերյալ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները բավականին ակտիվ ելույթներ են ունեցել, որոնցում նշել են ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակության մասին, այնպես էլ հատուկ շեշտել են Ռումինիայի կողմից ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին աջակցություն ցուցաբերելու և երկու ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամական հարաբերությունների հանգամանքները»,-ասաց դեսպանը:

Մինասյանն այս գործընթացը համարեց Ռումինիայի հայ համայնքային կառույցների, մասնավորապես, հայազգի պատգամավորների երկար տարիներ գործադրած ջանքերի արդյունք: