«Գնանք կինո»

«Գնանք կինո»
«Գնանք կինո»

Կինոթատրոնները շատ էին, ու դրանց քանակը փաստում էր ոչ միայն մշակույթի, այլև լավ տրամադրության մասին: Կինո գնացող ընտանիքները շատ էին: Մարդիկ սիրում էին կինո գնալ: Ոչ միայն նայել կինոն, այլև՝ կինո գնալ. սրանք տարբեր բաներ էին: Միասին կինո նայելը, մինչ այդ համապատասխան հագնվելն ու հարդարվելը փոխում էին կինոն ընկալելու սովորական պրոցեսը: Երբ դահլիճի լույսերն անջատվում էին, ու աշխատողը փակում էր դուռը՝ դահլիճում նստած անծանոթ ու մինչ այդ իրարից անտեղյակ մարդիկ միավորվում էին նույն զգացմունքներով, տագնապներով, հիացմունքով կամ՝ հակառակը: Մոտ երկու ժամ անծանոթ մարդիկ միասին էին ապրում զգացմունքը:

Երևանը կինոթատրոններով քաղաք էր: Իմ՝ կինոթատրոնում տեսած առաջին կինոն էի ուզում հիշել: Տրամաբանորեն դա պիտի լիներ կամ «Նաիրի» կինոթատրոնում, որն ամենահարազատն էր, ու որտեղ մայրս բերում էր ինձ երկրորդ դասարանում ժամը 12.30-ի սեանսներին 1978-ի ուսումնական ամբողջ տարին, քանի որ կես դրույքով էր աշխատում այդ միակ տարին:

Կամ պիտի լիներ կինո «Կոմիտասը», որտեղ մենք ապրում էինք մինչև 1979-ը: Բայց՝ ո՛չ: Դահլիճում իմ տեսած առաջին կինոն շատ զարմանալի մի տեղ էր: Ես հինգ տարեկան էի, մորս հիմնարկի՝ ВНИИКЭ կոչվող գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում ցուցադրում էին «Քինգ Քոնգ» ֆիլմը:

Մարդ չկար, ում հետ կարող էին ինձ թողնել, ու երեկոյան ուշ տարան Հայէլեկտրագործարանի մոտ գտնվող գիտահետազոտական ինստիտուտի դահլիճ: Մինչև գնալը քննարկվում էր՝ կվախենա երեխան, թե՝ոչ: Երեխան ոչ միայն չէր վախեցել,այլև զարմացած նայում էր, թե մեծ մարդիկ ո՛նց են ուշադիր նայում կապիկի արկածները: Հետո ասում էին, իբր ֆիլմը ոչ մի տեղ չէին թույլ տվել ցուցադրել, թեև անհասկանալի էր՝ ինչո՛ւ: Այդ դահլիճում ժամանակին համերգ էր ունեցել նաև Վիսոցկին: Հիմա ավերակ է:

Հերթականությամբ երկրորդ կինոթատրոնը կինո «Կոմիտասն էր»: Մինչև ութ տարեկանս ապրել ենք Կոմիտասում, ու ինձ թվում էր՝ կինոն նախաճաշելու, գործի կամ դասի գնալու նման պարտադիր բան է: Բազմաթիվ ֆիլմերի մեջ այսօր երկու ֆիլմ եմ հիշում, որ տեսել եմ կինո «Կոմիտասում», մեկը՝ «Լեդի Կարոլինա Լեմ» ֆիլմն էր՝ իշխանուհու ու Բայրոնի սիրո պատմության մասին, մյուսը՝ մեքսիկական «Грибной человек» ֆիլմը, որտեղ հարուստ մեքսիկացին սունկն ուտելուց առաջ փորձելու էր տալիս հատուկ այդ գործի համար նախատեսված ստրուկին: Ֆիլմերի աֆիշները ռուսերեն էին միշտ, բացառությամբ՝ հայկական ֆիլմերի: Քանդեցին կինո «Կոմիտասը», բայց հիշվում է:

«Սասունցի Դավիթ» կինոթատրոն: Սա հատուկ էջ էր իմ կյանքում. ընդամենը մեկ դիտում, բայց՝ ինչպիսի: Ղարաբաղից ավարտական դասարանները գալիս էին Երևան տասնօրյա էքսկուրսիայի: Պապիս տան հարևան աղջիկներից մեկն էր այդ տարվա խմբում, ու նա ապրելու էր մեր տանը: Ես իրենց խմբի հետ պտտվում էի քաղաքում, ու վերջում հայտնվեցինք «Սասունցի Դավիթ» կինոթատրոնում, որտեղ առաջին անգամ նայեցի «Կտոր մը երկինքը»:

Ես երրորդ կամ չորրորդ դասարանում էի: Երբ երեք կանանց քաղաք մտնելու տեսարանն էր էկրանի վրա, ես բնազդորեն զգում էի, որ ինչ-որ բան կա, որովհետև ամոթի քչփչոց անցավ դահլիճով: Կողքիս նստած աղջիկն ինձնից առավել շատ էր շփոթված, չնայած ինքը տասներորդ դասարանում էր, ու ինքը ինձ էր թևով խփում, որ շփոթմունքը թաքցնի: Կինոդիտումից հետո Ղարաբաղի ավարտական դասարանի խմբի հետ կյանքում առաջին անգամ ճաշել եմ ճաշարանում, կայարանի ճաշարանում, ու ավելի համով բան աշխարհումչկար: Ինձ հարցրել էին, թե ես կարո՞ղ եմ մեր տանն ապրող իրենց աշակերտին ինքնուրույն տուն տանել, բնականաբար ասել էի՝ այո: Երբեք մինչ այդ կայարանում մենակ չէի եղել ու մանավանդ ինքնուրույն այդտեղից տուն չէի գնացել: Սիրտս զարկում էր:

Պատկերացնում էի՝ եթե սխալվեմ, ամռանը որ գնամ պապիս տուն՝ հոգիս ոնց էին հանելու ծաղրելով: Երբ խմբից բաժանվեցինք, ու նա ինձ ասաց՝ դե, տար, կարծես ինքը մեծ գումար էր, ես էլ՝ ինկասատոր, աշխարհի ամենահարազատ յոթ համար տրամվայը հայտնվեց ուղիղ դիմացս: Փրկված էի, որովհետև յոթ համար տրամվայը, իր նեղ, կարմիր կոնքերը օրորելով, ուղիղ գալիս էր մեր՝ Պարոնյան-Լեոյի խաչմերուկի դալանի մոտ: Մնում էր երրորդ դասարանցի երեխան կողմնորոշվեր՝ դեպի ո՛ր կողմ գնացող տրամվայը նստի: Այդ տասներորդցի աղջկան, որին պիտի տուն տանեի, միայն մի բան խնդրեցի՝ ցույց տուր կենտրոնը որ կողմն է՝ աջ, թե ձախ: Ու յոթ համարի տրամվայը մեզ հասցրեց ուղիղ դալանի մոտ, «Կտոր մը երկինքը» նայած, կայարանի ճաշարանում ճաշած ու գոհ:

«Զվարթնոց» կինոթատրոնում ես չեմ եղել ու ափսոսել եմ ահավոր: Ուսանող էինք: Աղջիկներն իմացել էին, որ «Զվարթնոցում» բաց տեսարաններով «Греческая смօковница» ֆիլմն էր, իրենք արդեն տեսել էին: Պատրաստվում էինք գնալ, ինչպես միշտ, անպատեհ ժամանակ համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնից ինձ կանչել էին հանձնելու բաց թողած չգիտեմինչերը:

«Արագած» կինոթատրոնում եղել եմ մեկ անգամ: Հորաքրոջս տանն էի, հորաքրոջս ամուսինը որոշեց ինձ մշակութային օր պարգևել, գնացինք կինո «Արագած»: Առաջին հնդկական ֆիլմը տեսել եմ այդտեղ՝«Զիտան ու Գիտան»: Տպավորիչ էր:

Մի տեսակ ուրիշ տեսակ էին կրկնվող ֆիլմերը: Դրանցից մեկի աֆիշը կպցնում էին Լենինի պողոտայից Սուրբ Սարգիս տանող գետնանցումից երբ դուրս էիր գալիս տրիկոտաժի խանութ կար՝ ա՛յ, այդ պատին: Սունդուկյան թատրոնի այգում գտնվող բացօթյա կրկնվող ֆիլմերի ամառային դահլիճն էր: Շատ ուրիշ հաճույք էր Երևանի ամառային երեկոյի մեջ ֆիլմ նայելը, երբ մի կողքիդ մայրդ է, մյուս կողքիդ՝ մորդ հավատարիմ ընկերուհին, իսկ եղբայրդ անընդհատ հարցեր է տալիս: Այդտեղ նայել եմ երկրորդ և վերջին հնդկական ֆիլմը՝ «Ջունգլիների արքան»: Վաղուց չկա ամառային դահլիճը:

Կինո «Պիոները» մեր դպրոցին կից հաստատությունն էր, հա՛մ դպրոցից էին տանում, հա՛մ ինքնուրույն էինք գնում: Մենք իրենց անգիր գիտեինք, իրենք՝ մեզ: Կինո «Պիոների» աֆիշը փակցվում էր այն շենքի պատին, որը հիմա քանդման վտանգի տակ է: Կինո «Պիոներում» վաղուց ճաշ են ուտում:

«Հայրենիք» կինոթատրոնի շքեղ շենքում, մի ամառային տաք օր, ես, մայրս ու եղբայրս նայեցինք «Экипаж» սովետական ֆիլմը: Սուր սյուժեով, սիրուն, մելոդրամատիկ հատվածներով, բարի վերջաբանով ֆիլմ: Երջանիկ էինք, ո՛չ Առաջին մասի շոգն էինք զգում, ո՛չ կենտրոնից հեռու լինելը: Վաղուց բան չկա «Հայրենիք» կինոթատրոնի շենքում:

Փառահեղ «Ռոսիա» կինոթատրոնը, որն իմ մանկական հայացքով փչացնում էր քաղաքի տեսքը: Հետո՝ տարիներ անց, ես հասկացա, որ կինթատրոնի շենքը խորհրդային ավանգարդ ճարտարապետության լավագույն նմուշներից էր: Ահռելի թվով ֆիլմեր ենք նայել «Ռոսիայում»: Մի անգամ մայրս երկար համոզեց իրանագետ հորս, որ պարսկական ֆիլմ կա «Ռոսիայում», գնանք նայենք: Չէր համոզվում, ասում էր՝ վերնագրից չի՞ երևում, որ էրեխեքի հետ գնալու ֆիլմ չի: Հետո դժգոհ վեր կացավ եկավ: «Երկար գիշեր» ֆիլմն էր: Այսօրվա հայացքով էրոտիկ մասը մուլտֆիլմ էր իհարկե, իսկ ֆիլմը տխուր էր: Իրենց հայտնի երգչուհի Գուգուշն էր խաղում:

Բակի աղջիկներով արձակուրդի մի օր հավաքվել, նստել էինք տրամվայ ու հասել «Ռոսիա» կինոթատրոն: «Ով ով է» ֆրանսիական ֆիլմն էինք նայում ու առաջին ագամ էինք տնից այդքան հեռու գնացել, մոտավորապես երրորդ-չորրորդ դասարանում էինք: Կինո «Ռոսիան» բոլոր կինոթատրոններից տարբերվում էր իր ներսի շքեղությամբ: Այստեղ ոչ սովետական բուտերբրոդներ էին վաճառում, բար կար, կոկտեյլներ, կարմիր կաշեպատ նստարաններ: «Ռոսիան» ուներ խաղասենյակ, որտեղ կարելի էր թողնել երեխաներին ու մտնել ֆիլմ նայելու: Ես նախապես զգուշացրել էի, որ ինձ չնվաստացնեն այդպես, ես գերադասում էի տանը մնալ: «Ռոսիայի» կողքին թեյարան կար, հսկա ինքնաեռով ու տեղում թխվող թխվածքով: Ցուրտ ու ձնոտ ձմեռներին, երբ մինչև սեանսը սառած մտնում էիր թեյարան, ինքնաեռի անգույն թեյը լցնում բաժակիդ մեջ ու շնչում նոր թխած բուլկու հոտը՝ երջանկության հստակ չափաբաժին էր: Ո՛չ կինոթատրոնը կա, ո՛չ թեյարանը:

«Հրազդան» կինոթատրոնում երկու անգամ եմ եղել ու բոլորովին չեմ հիշում՝ ինչ ֆիլմ եմ նայել, միայն հիշում եմ, որ մայրս ու ընկերուհին նույն սաբոներն էին հագել: Դահլիճը փոքր էր, շատ փոքր: Վաղուց չկա:

Կինոյի տան դահլիճը էլիտ դիտումների համար էր, ու գնում էի հորս հրավերով: Միշտ պրեմիերաների: Վերջինը «Մատենադարան» ֆիլմի դիտումն էր: Այդ օրը ռևանշ ունեի հորս նկատմամբ. ֆիլմի հրավիրատոմսն ինձ անձամբ տվել էր ռեժիսոր Հովիկ Հախվերդյանը, ու այդպիսով արդեն մեծ էի:

Կինո «Մոսկվան»: Մեծ ու հիմնական կինոդահլիճը: Երևանում կար երկու կինոթատրոն, որի բոլոր ֆիլմերը ես հաստատ նայել եմ, մեկը կինո «Մոսկվան» էր, մյուսը՝ կինո «Նաիրին»:

Կինո «Մոսկվան» հետնամասում տոմսարկղ ուներ, որի հերթերը խորհրդային դժնդակ հերթերից էին, անհույս, անհեռանկար, ու երբ տոմսը ձեռքիդ դուրս էիր գալիս, ուրեմն կյանքը հրաշալի էր, ու գնում ենք կինո: Կինո «Մոսկվայի» բոլոր ֆիլմերի մեջ տպավորվել են իննսունականների անտրամադիր օրերին նայած ֆիլմերը՝ «Կնքահայրը», «Վայրի խոլորձը» ու էլի մի երկու բան: Իսկ խաղաղ Հայաստանում նայած վերջին ֆիլմը խորհրդային ամփոփիչ տարում, հիշում եմ, Թենգիզ Աբուլաձեի «Покаяние»-ն: Նորից հիշեցնեմ, որ աֆիշները ռուսերեն էին: Այնպես ստացվեց, որ այս ֆիլմը եղավ խաղաղ պայմաններում մեր ընտանեկան վերջին դիտումը:

Սա մեր խորհրդային վերջին կինոսեանսն էր: Քաղաքի բոլոր ծանոթ դեմքերը կային այդ օրը: Ֆիլմից հետո մնացել քննարկում էին ֆոյեում, չկա ավելի հրաշալի բան, քան լսել հետաքրքիր մեծերի զրույցը, չնկատվել, բայց կլանել ու հավաքել ամեն ինչ գլխի մեջ, զարմանալ, թե այդ հրաշալի ֆիլմի մեջ ոնց են թերություն գտնում, ինչու են ասում «իտալական կինոյից լրիվ ազդված», ինչու չեն շշմում ֆիլմում հնչող կարևոր նախադասությունից՝ «ում է պետք տաճար չտանող ճանապարհը»: Հետո, շատ տարիներ անց, այդ անհավանական խելացի մտքերը սովորական կթվան, բայց երբեք չես նվազեցնի արժեքը լսածիդ:

Իմ սիրելի, հարազատ, ամենահարազատ կինոթատրոնը՝ «Նաիրի»: Այստեղ ես դրսի հաստատության դիսկոմֆորտ չունեի երբեք, այստեղ տանը մոտ վիճակ էր: Ես հիշում եմ «Նաիրին» վեց-յոթ տարեկանից: Ես վստահ եմ, որ «Նաիրիում» չկա մի ֆիլմ, որ բաց թողած լինեմ, վստահ եմ՝ նայել եմ բոլորը: Անհնար էր բաց թողնել՝ աֆիշը կանչում էր: «Նաիրի» սկզբում մորս ձեռքը բռնած էի գալիս, մայրս հերթ էր կանգնում Իսահակյան փողոցի կողմի տոմսարկղում ու ճաղապատ փոքր պատուհանից առնում երկու տոմս: Հետո ես ինքս էի գալիս՝ Կրուպսկայայի դպրոցից ուղիղ «Նաիրի»:

Հաճախ, երբ շատ լավ ֆիլմ էր լինում, ու տոմսի խնդիր կար՝ հայրս նախապես զանգում էր ու ասում, որ 7.30-ին լինենք կինոթատրոնի մոտ, իսկ ինքը կողքի խանութ-սրճարանում սպասում էր: Երեկոյան սեանսից հետո «Նաիրիից» տուն ոտքով ճանապարհը հստակ երջանկություն էր՝ կինոյից հետո, միասին, ուրախ, դատարկ խանութներից ինչ-որ մի բան գտնելով դեպի տուն, դեպի կլոր սեղանի շուրջը թեյ խմելու: Իմ սիրուն կինո «Նաիրին»: Այդտեղ ձևավորվել ենք. յոթ տարեկանից մինչև դասարանի ընկերներով՝ «Սկվազնյաչոկից» աջարական խաչապուրի առած ու օթյակում նստած՝ ծիծաղից կիսաքանդ, երբ աջարական կլոր խաչապուրին երեսի կողմով օթյակի բազրիքից ընկնում է ցած՝ հանդիսատեսի վրա, ու դուք ծիծաղից գլորվելով դուրս եք թափվում Իսահակյան փողոց ու վազում «խայտառակված», որ կորչեք բոլորի աչքից, հետո արդեն հասուն կինոդիտող, հետո արդեն՝ որպես կինո տանող:

Կինո տանում էին ինձ, կինո գնում էի ես, կինո տանում էի ես, կինո գնում ենք արդեն միասին՝ նրանց հետ, ում տանում էի ես, բայց արդեն՝ միայն կինո «Մոսկվա»:

Մեզ կրթեցին կինոթատրոնները, հետո ռևերանս արին ու… կորան:

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am