Նիկոլ Փաշինյան․ կեղծ Աբրահամը

Մհեր Արշակյան

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե համաձայն է իր որդուն տալ Ադրբեջանին բոլոր գերիների դիմաց։

Էս մարդն իրեն աստվածաշնչյան Աբրահամի տեղն է դրել, որն իր որդուն՝ Իսահակին պատրաստ էր զոհ մատուցելու Աստծուն ըստ Իր հրամանի, և «երբ նա ձեռքն առավ դանակը, որ իրականացնի Աստծո հրամանը, հանկարծ երկնքից լսվեց Տիրոջ հրեշտակի կանչը, որն արգելում էր դիպչել տղային»։ 

Մարդ նույնիսկ չգիտի, թե ի՛նչ մտածի։

Ընկեր, եղբայր, Հայր, Նիկոլ, ի՞նչ գործ ունես քո որդու հետ, քո Աշոտի հետ, նույնիսկ եթե ինքը համաձայն է, որ իրեն մեր բոլոր գերիների դիմաց փոխանակես։

Դու միայն քեզ կարող ես փոխանակել, ոչ թե քո որդուն։

Գնա Ադրբեջան, Ալիևին ասա՝ եկել եմ բոլոր գերիների դիմաց, ես՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարս, հանձն եմ առնում զոհաբերվել, թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի։ Այսինքն՝ դու, պարո՛ն պաշտոնակատար, քո որդով բազա՞ր ես անում, գերի ունեցող մայրերի քվե՞ ես մուրում։ 

Ի՞նչ անուն դնենք արածիդ, մա՛րդ արարած, ասա իմանանք։ Աշոտը գիտակից տղա է, չէ՞։ Ինքը հայտնե՞լ է նման ցանկություն։ Դու, այսինքն՝ ուզում ես, որ տղադ մեռնի, ճի՞շտ ենք հասկանում։

Շատ լավ, բայց Աբրահամից հետո Հիսուս Քրիստոս է ծնվել, որը դարձավ և Հայրը, և Որդին, ինքը զոհաբերվեց։ Ի՞նչ է կատարվում Հայաստան երկրում, ինչի՞ է մեր վարչապետն այսքան երեխա։

Աշոտը քո ի՞նչն է, դու ուզում ես ասել, որ միակ որդո՞ւդ ես զոհաբերում։ Եթե Աշոտին զոհաբերում ես բոլոր գերիների դիմաց, ի՞նչ ունես առաջարկելու այն մայրերին, որոնք արդեն կորցրել են իրենց որդիներին։

Սա ի՞նչ խենթանոց է, պարո՛ն Փաշինյան։ 

Իսկ իրականում գիտե՞ս՝ ի՛նչ ես արել՝ դու սրբագրում ես երեկ ասված քո հայտնի խոսքը՝ գերիները մեզ ևս մեկ-երկու ամիս գերի մնալը կներեն։ Հենց սա ես սրբագրում։

Էսօր մտքովդ ինչ անցավ, ասեցիր՝ էլ սուտինյոր, էլ «շինել»։ Ովքե՞ր էին քեզ ծափահարողները։ Ու ինչի՞ ես «Սերժիկին ու Ռոբիկին» ասում։

Ենթադրենք, թե նրանք բանակցեցին ու վերցրեցին Ալիևի համաձայնությունը, ենթադրենք՝ Ալիևն էլ ասեց՝ թող գա։ Բայց ո՞վ ասեց, որ Աշոտը Ալիևի համար ավելի լավն է, քան մնացած գերիները։

Ալիևը մարդկանց քանակ է պահում իր ձեռքը, ոչ թե հեղինակություն։ Քեզ հասկանում ենք, դու ասում ես, որ քո որդին մյուսներից լավը չէ, բոլորն էլ որդի են, բայց էստեղ էականը Աշոտն է։

Եվ հետո՝ պետության ղեկավարը սպառե՞լ է գերիներին վերադարձնելու բանակցային բոլոր տարբերակները։ Այսինքն՝ գերիների բոլոր մայրերը հիմա պիտի նստեն ու սպասեն, թե երբ են «Սերժիկն ու Ռոբիկը» Ալիևի հետ խոսում, կորզում նրա համաձայնությունը, որ հանգիստ շո՞ւնչ քաշեն։ 

Դա՞ է մնացել գերիների հարցը լուծելու միակ տարբերակը։ Այսինքն՝ պետությունը փակե՞նք։ Էս ի՞նչ նախընտրական գժանոց եք մեզ ներքաշում։

Հիմա ի՞նչ մտածեն բոլոր այն հայրերն ու մայրերը, որոնք չեն ուզում իրենց որդիներին առաջարկել հանձնվել Ադրբեջանին՝ մեր մյուս գերիների դիմաց։

Հասկանո՞ւմ եք՝ ինչ անհարմար բան եք առաջարկում, մյուսներին առաջարկում եք մտնել ձեզ նման չվարվելու մեղքի տակ։ Իսկ դա արդեն մարդկային չէ։

Ի՞նչ անեն մյուս հայրերը՝ կախվե՞ն, որ չեն ուզում իրենց որդիներին զոհաբերել՝ առանց նրանց կարծիքը հարցնելու։ Այսքանը։

Մհեր Արշակյան

MediaLab.am