Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է

Օգոստոսի 10-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։

Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները  պարզել են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը․ Երևանի 29-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսված է տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։