«Ինչքան զանգում եմ՝ անհասանելի ա, մինչև օրս անհասանելի ա, ի՞նչ անեմ»․ միակ որդու կորստին մայրը ոչ մի կերպ չի ուզում հավատալ

«Որ գնում եմ Եռաբլուր, չեմ ուզում գալ, ուզում եմ մնալ տղայիս մոտ։ Ամուսինս զանգում ա, ասում ա՝ Դոնարա՛, չե՞ս գալիս, ասում եմ՝ Արմենիս մոտ եմ, հեսա կգամ։ Որ ինձ մնա, ես չեմ գա, գիշերն էլ կմնամ, միասին կմնանք»,- 64-ամյա մայրը միակ որդու կորստյան հետ համակերպվել չի կարողանում։

Դոնարա Բադասյանի որդին՝ 31-ամյա Արմեն Բադասյանը պայմանագրային զինծառայող էր՝ դիպուկահար և հետախույզ։ Արցախյան պատերազմի ժամանակ որպես հետախույզ ամենաթեժ կետերում էր՝ Ջրականից Հադրութ, Հադրութից Ֆիզուլի, Ստեփանակերտ, մոր խոսքով՝ որտեղ անհրաժեշտ էր, ինքն այնտեղ էր։

Արմեն Բադասյանը նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հայտարարության ստորագրումից հետո է զոհվել՝ վիրավորներին օգնության հասնելիս։ Մայրը պատմում է․ «Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը գնացել է, որ վիրավոր փրկի, էդ անտեր անօդաչու թռչող սարքը հարվածել է։ Պայմանագիրը կնքվել էր, իրենք խախտել էին»։

Մինչև պատերազմը Դոնարան ընտանիքի հետ ապրել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ունի երեք աղջիկ, Արմենը միակ տղան էր։ Պատերազմի թեժ օրերին տղան հորդորում է ընտանիքին դուրս գալ տնից, հոկտեմբերի 10-ին ընտանիքը տեղափոխվում է Հադրութից Եղվարդ՝ հույսով, որ շուտով վերադառնալու են։
Բադասյանների ընտանիքը չէր կարող պատկերացնել, որ ոչ միայն այլևս չեն կարողանալու վերադառնալ իրենց տուն, որտեղ թողել էին ամեն ինչ՝ տունը, ապրուստի միջոցը, ինչ ստեղծել էին իրենց կյանքի ընթացքում, նաև ամենադաժանը՝ կկորցնեն միակ որդուն։ 

Ողբերգական լուրը ընտանիքն իմանում է նոյեմբերի 10-ին։ Դեռևս նախորդ օրը, երբ մայրը տղայի հետ խոսել էր, խնդրել էր վերադառնա՝ նշելով, որ Շուշին արդեն անցել է թշնամու ձեռքը: «Ասեցի՝ Արմե՛ն, պապան նայեց, արդեն Շուշին տված ա, փախի, արի, ցավդ տանեմ, ասեց՝ մամ, ես փախնող տղա չեմ»,- արցունքների միջից հիշում է որդեկորույս մայրը։

Մոր զգայուն սիրտն նոյեմբերի գիշերն արդեն զգում էր, որ ինչ-որ բան է լինելու, ողջ գիշեր չի կարողացել քնել: 

«Իմ սիրտը զգում ա, որ մի բան պիտի լինի։ Ինքը Ապրիլյան պատերազմին էլ, որ մասնակցել էր, 4 օր սոված էր մնացել, ես էլ էդ օրերին չէի կարողանում ուտել: Քառօրյա պատերազմը որ վերջացավ, ասեց՝ մա՛մ, գիտես՝ 4 օր սոված եմ եղել, ասեցի՝ հա՛, ցավդ տանեմ: Ամուսինս ասեց՝ մամադ էլ չէր կերել, մոր սիրտը գիտի, էլի, ասի՝ իմ սիրտը զգացել էր, որ սոված ես, հաց չեմ կերել, ես շատ կապված եմ եղել, որ մի բան ա եղել, զգացել եմ։ Նոյեմբերի 9-ի գիշերն էլ ոչ իմ քունս էր տանում, ոչ ամուսնուս, ամուսինս ծխում էր, գնում-գալիս։ Ամուսնուս ասեցի՝ Սուր՛իկ, էս գիշեր քունս չտարավ, ինքն էլ ասեց՝ Դոնար, իմն էլ»,- հիշում է մայրը և շարունակում, որ աղջկա ամուսինն է զանգել ու հայտնել սարսափելի լուրը։ 

«Փեսես զանգեց, ասեց՝ զոքա՛նչ, աները տա՞նն ա, հեռախոսը տուր, լեզուս պապանձվի, մի բան եմ հիմա ասում ձեզ: Ամուսնուս հարցրեցի՝ ի՞նչ ա եղել, Սուրի՛կ, ասեց՝ Արմենը չկա։ Ասում եմ՝ գժվե՞լ ես, ասում ա՝ չէ՛, մեր Արմենը չկա, զոհվել ա»,- հուզված ասում է Դոնարան։

Այդ օրվանից սկսած մայրը չի դադարում զանգել որդուն՝ կարծում է՝ սխալմունք է, որ տղան կպատասխանի կամ կզանգի, համակերպվել կամ հավատալ եղելությանը՝ մայրը չի կարողանում։

«Զանգում եմ Արմենիս՝ բաժանորդը անհասանելի ա, էլի եմ զանգում՝ անհասանելի ա… Մեկ էլ ի՞նչ տեսնեմ՝ իրիկունը բոլորը հավաքվում են՝ գյուղացիներ, հարազատներ, ասում եմ՝ էս ի՞նչ ա կատարվում։ Հեռախոսս վերցրեցի, գնացի էլի զանգեմ, ամուսինս ասում ա՝ ո՞ւր ես գնում, Դոնարա, ասում եմ՝ զանգում եմ Արմենիս, ասում ա՝ Արմենը չկա, ասում եմ՝ չէ՛, սուտ ես ասում: Ինչքան զանգում եմ՝ անհասանելի ա, մինչև օրս անհասանելի ա, ի՞նչ անեմ»,- կսկիծով ասում է մայրը։

Դոնարան տղայի մարմինը չի տեսել, ասում է՝ ընտանիքի անդամները թույլ չտվեցին, քանի ասում էին՝ անճանաչելի է դարձել։

«Ասում էի՝ ուզում եմ գամ, տեսնեմ: Ամուսնուս ու իր քեռու տղու հետ գնացինք Պլանի գլուխ, ինձ էլ տարան, բայց չթողեցին մտնել: Մեքենայում նստած էի, մի հատ սկորի եկավ, սիրտս էնպես թպրտաց, ասեցի՝ Արմենս ա: 20 րոպեից հետո ամուսինս եկավ, ասեցի՝ Սուրի՛կ, իմ Արմենն ա, ասեց՝ հա՛, Դոնարա՛: 

Բայց որ չթողեցին տեսնեմ, մինչև հիմա մտածում եմ, որ տղաս գալու ա, մի օր զանգելու ա ասի՝ մա՛մ, որտե՞ղ եք, ես էլ գամ ձեզ մոտ»,- հուզվում է մայրը։

Որդին ընկերասեր էր, բարի, հոգատար, ուշադիր, բոլորի սիրելին էր՝ և՛ հարազատների, և՛ գյուղացիների։ Մայրն ասում է՝ մինչ օրս զանգում են ծանոթներ, տղային ճանաչողներ, ցավակցում ու ասում՝ չեն հավատում։ 

Մայրն ասում է՝ ինքն էլ կարոտից վառվում է, ամեն ինչ, ինչ կապված է տղայի հետ հիշում է ու կարոտում․ «Ես իրա բարի լույսին, բարի գիշերին էլ եմ ծարավ, իրեն էլ, իր ժպիտին էլ եմ կարոտ»,- նշում է մայրը։

Երազում հաճախ է տղային տեսնում՝ տղան խոսում է, հարցեր տալիս, հետո երազն ավարտվում է, մայրն արթնանում է ու աչքին է ընկնում տղայի հիշատակի անկյունը, նկարները, ու մայրը վերադառնում է դաժան իրականություն, երբ ինքն ապրում է, իսկ տղան՝ ոչ:

«Երազումս եմ տեսնում, ասում ա՝ մա՛մ, գլուխս ցավում ա, ասում եմ՝ գիտեմ, Արմե՛ն ջան, ոչ մեկին չեմ թողնի քո հետ խոսի, սենյակում պառկի, հանգստացի… Արթնանում եմ, նկարներն եմ առջևս»,- դողացող ձայնով պատմում է մայրը։

Որդեկորույս մայրն ասում է՝ նոյեմբերի 10-ից հետո իր կյանքը կանգ է առել, իմաստազրկվել, բայց ուժ են տալիս տղայի երեխաները, որոնց համար փորձում է ապրել:

«Ոչ ուզում եմ ապրել, ոչ էլ, բայց Արմենս երկու ժառանգ ունի, երկու տղա, մեծը՝ 6 տարեկան, փոքրը՝ 4, դրա համար ես ու ամուսինս ուզում ենք պայքարել, որ ապրենք, իրենց նպատակներին հասցնենք»,- ասում է Դոնարան։

Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

Արփինե Արզումանյան

MediaLab.am