Արցախի ընդունած օրենքները, հայտարարությունները տարածաշրջանում կամ Արցախի շուրջ ընթացող գործընթացներում չեն կարող որևէ էական ազդեցություն ունենալ. Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ SputnikԱրմենիա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

Պարո՛ն Պողոսյան, Արցախի Հանրապետության խորհրդարանը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարված իրավիճակը՝ որքանո՞վ եք իրատեսական համարում Մինսկի խմբի վերագործարկումը:

– Թե՛ այդ հայտարարությունը, թե՛ բռնազավթված տարածքների մասին օրենքը, որն այսօր ընդունվեց երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ, Արցախի խորհրդարանի կողմից ձեռնարկված ճիշտ քայլեր են, սպասելի ու նույնիսկ բնական: Հասկանալի է, որ արցախյան հասարակությունը նման քայլեր պետք է աներ, բայց, մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո Արցախի ընդունած օրենքները, հայտարարությունները շատ քիչ ազդեցություն կարող են ունենալ Հարավային Կովկասում ու նաև Արցախի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների վրա:

Այսինքն՝ եթե վերցնենք այն տերությունները, որոնք Հարավային Կովկասում շահեր ունեն, ապա չեմ կարծում, որ հիմա այնտեղ ինտենսիվորեն ուսումնասիրում են այս օրենքն ու հայտարարությունը: Դա ավելի շատ Արցախից դուրս կընկալվի որպես Արցախի հայության ոգու ճիչը կամ պոռթկումը ընդդեմ անարդարությունների կամ հանուն պատմական արդարության վերականգնման, ինչին միջազգային հանրությունը ըմբռնումով կմոտենա: Բայց, կրկնում եմ՝ տարածաշրջանում կամ Արցախի շուրջ ընթացող գործընթացներում այն որևէ էական ազդեցություն ուղղակիորեն չի կարող ունենալ, որովհետև Արցախի Հանրապետությունը չունի այդ կշիռը:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքներին. խնդիրն այն է, որ հիմա մի փոքր անորոշ է, ընդհանրապես՝ Մինսկի խմբի մանդատի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, որովհետև նրա հիմնական մանդատը արցախյան հակամարտության կարգավորումն էր, որի հիմքում ընկած էր Արցախի կարգավիճակի հարցը, որի վերաբերյալ կար անհամաձայնություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև: Բայց բոլորս ենք հասկանում, որ հիմնական խաղացողները Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունն էին, և միջազգային հանրությունը ձևավորել էր Մինսկի խումբ, որը պետք է օգներ Հայաստանին ու Ադրբեջանին հաղթահարելու այդ անհամաձայնությունը:

Պատերազմից հետո ունենք մի վիճակ, երբ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախը չկա, հետևաբար չկա նաև կարգավիճակի հարց, ու ինքը բանակցելու ոչինչ չունի այս շրջանակում: Հայաստանի դիրքորոշումն էլ մի փոքր լղոզված է ու անհասկանալի. հայտնի չէ, թե Հայաստանը հիմա պնդո՞ւմ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, համաձա՞յն է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավար կարգավիճակով, կամ, ընդհանրապես, ի՞նչ է հասկանում տարածքային իմաստով Արցախ ասելով: Խոսքը վերաբերում է ներկայիս 3 հազար քառակուսի կիլոմետրի՞ն, մինչև պատերազմը եղած 11,5 հազար քառակուսի կիլոմետրի՞ն, այսինքն՝ այս հարցերին հստակ պատասխաններ չկան:

Ուստի, կարծում եմ, որ միջազգային հանրության մոտ էլ կա տարակուսանք՝ ընդհանրապես կա՞ կոնֆլիկտ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Արցախի կարգավիճակի հարցով: Նույնիսկ սա հստակ չէ, որովհետև, եթե չկա կոնֆլիկտ կամ, առնվազն, չկա սուր կոնֆլիկտ, ապա Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով:

Քանի դեռ այս հարցում հստակություն չի մտցվել, իսկ հստակություն պետք է մտցվի Հայաստանի դիրքորոշման մեջ՝ ի վերջո Հայաստանն ինչի՞ համար է պայքարում, քանի դեռ չկա այդ հստակեցումը, ինքնին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտն առկախված է: Եթե հասկանալի չէ՝ կա՞ կոնֆլիկտ, թե՞ ոչ, ինչո՞վ պետք է զբաղվի Մինսկի խումբը, որովհետև նրա հիմնական մանդատն է օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտության կարգավորման գործընթացում, որի մեխը Արցախի կարգավիճակն էր, մնացած հարցերը Մինսկի խմբի հիմնական մանդատին չեն առնչվում:

Հետևաբար, քանի դեռ Հայաստանը չի հստակեցրել իր դիրքորոշումը, ու քանի դեռ միջազգային հանրությունը չունի հստակ պատկերացում՝ հիմա հայ-ադրբեջանական կոնֆլիկտ Արցախի հարցում կա՞, թե՞ ոչ, ակնկալել Մինսկի խմբի ակտիվացում իր հիմնական մանդատի շրջանակում ուղղակի տրամաբանական չէ:

– Ճի՞շտ եմ հասկանում ձեր միտքը, թե որպեսզի Արցախի հայտարարությունները, օրենքները լսելի լինեն, պետք է նմանօրինակ հայտարարություններ հնչեցնի նաև Հայաստա՞նը:

– Որպեսզի Արցախի հարցում որևէ գործընթաց գոնե լսելի դառնա, այո՛, այդ կոչերը, հայտարարությունները, ես չեմ պնդում, որ դրանք բառացի պետք է նույնը լինեն, պետք է գան նաև Հայաստանի Հանրապետությունից: Եթե դրանք շարունակեն գալ միայն Արցախի Հանրապետությունից, ապա դրանք Հարավային Կովկասում ընթացող գործողությունների վրա ազդել չեն կարող:

– Այսինքն՝ եթե Հայաստանից հնչեն նման կոչեր, անգամ աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում, համանախագահող երկրները ականջալո՞ւր կլինեն դրանց:

– Ես ասում եմ, որ եթե Հայաստանի անունից են հնչում նման հայտարարություններ, ապա դրանք գոնե կընթերցվեն ու տարածաշրջանում շահեր ունեցող մայրաքաղաքներում կքննարկվեն, թե ինչպիսի՞ն կլինեն արձագանքն ու արդյունքը՝ լրիվ առանձին քննարկման թեմա է:

– Իսկ մոտ ապագայում Հայաստանի կողմից նման ուղերձներ կհնչե՞ն, ու, ըստ ձեզ, պատճառը ո՞րն է, որ դրանք չեն հնչում, պարո՛ն Պողոսյան:

– Բարդ է ասել՝ կհնչեն, թե ոչ, ես արդեն ասացի, որ բացարձակ անորոշություն է Արցախի հարցով Հայաստանի դիրքորոշման մեջ: Ինչո՞ւ է առկա այս անորոշությունը՝ կդժվարանամ ասել, գուցեև Հայաստանին փոխանցվել է, որ եթե հստակ դիրքորոշումներ արտահայտվեն, ապա դա կխափանի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերագործարկումը:

Իմ գնահատմամբ՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը Հայաստանին հստակ ասել են, որ Արցախի հարցում ցանկացած հայտարարություն կամ հստակեցում կնշանակի, որ Թուրքիան դուրս կգա հարաբերությունների կարգավորման, իսկ Ադրբեջանը՝ տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացից:

 – Ձեր նշած այս համատեքստում, որ Հայաստանին ասվել է կոնկրետ երկրների կողմից, որոշ վերլուծաբաններ նշում են, որ Արցախում շրջանառության մեջ դրված այդ նախագիծը, որն արդեն օրենք է, չէր կարող կյանքի կոչվել առանց Ռուսաստանի համաձայնության: Համակարծի՞ք եք:

 – Ես համաձայն եմ, որ Արցախում ոչ թե նման օրենքի շրջանառում, այլ նույնիսկ շատ ավելի մանր հարցեր չեն կարող կարգավորվել առանց Ռուսաստանի համաձայնության կամ թույլտվության, հետևաբար միանշանակ է, որ այս օրենքի հարցում եղել է Ռուսաստանի համաձայնությունը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կարո՞ղ ենք ակնկալել, որ Ռուսաստանի գործոնով պայմանավորված՝ գոնե ինչ-որ չափով այդ օրենքը կամ հայտարարությունները լսելի կլինեն:

– Եթե փորձենք հասկանալ, թե սա ինչո՞ւ էր պետք Ռուսաստանին, ապա, ամենայն հավանականությամբ, սա ևս մեկ խաղաքարտ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Չմոռանանք, որ մոտենում է 2025 թվականը, հասկանալի է, որ ռուսական զորքերը որևէ տեղ չեն գնալու, ու հասկանալի է, որ Ռուսաստանին ցանկալի է, որ իր զորքերը այնտեղ մնան Ադրբեջանի համաձայնությամբ՝ առանց ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության առաջացման:

Այս օրենքը կարող է լինել գործոններից մեկը, որով Ադրբեջանին կհասկացնեն, որ ավելի լավ է առանց ավելորդ լարվածության համաձայնել նաև 2025-ից հետո Արցախում ռուսական զորքերի մնալուն: Ռուսաստանը կարող է Ադրբեջանի հետ հարաբերություններում այս օրենքն ու նմանօրինակ հայտարարությունները օգտագործել, բայց միայն Արցախից եկած հայտարարությունները տարածաշրջանային գործընթացների ու Մինսկի խմբի աշխատանքների ու այլնի վրա ազդեցություն ունենալ չեն կարող:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am