Հնդկաստանի դեսպանին Հայկ Չոբանյանը համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ ստեղծելու առաջարկ է արել

Հեղինակ MediaLab

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, առաջարկել է քննարկել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։

Կարևորելով նախկինում  ձեռք բերված պայմանավորվածություններն ու իրականացված նախագծերը՝ նախարարը համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ ստեղծելու առաջարկ է արել: 

Կիշան Դան Դեվալին շնորհավորել է նախարարին՝ Հայաստանի անվտանգության և զարգացման տեսանկյունից կարևոր, նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամությունը, պատմամշակութային սերտ կապերը արդյունավետ համագործակցության հիմք են հանդիսանում: 

Կողմերը կարծիքներ են փոխանակել գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման շուրջ՝ շեշտելով, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ: