«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ քննվող որևէ քրեական գործ գոյություն չունի». Փաստաբան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի շուրջ օղակը սեղմվում է։ Իրավապահ մարմինները հարցաքննության են կանչել նաև նրա որդուն՝ Նվեր Ծառուկյանին։

«Մեդիալաբի» հետ զրույցում կրտսեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը վստահեցրեց, որ իր վստահորդը որևէ քրեական գործի հետ կապ չունի։ «Նվեր Ծառուկյանի հետ կապված որևէ քրեական գործ գոյություն չունի»,- ասաց փաստաբանը։ 

Սակայն Քննչական կոմիտեի վարույթում քննվող մի քրեական գործով նա օրերս կանչվել է հարցաքննության։ 

«Նվեր Ծառուկյանը մի քիչ վատառողջ է, մենք էլ խառն ենք պարոն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործերով, այդ պատճառով խնդրել ենք այս ամենից հետո ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։ Որևէ խնդիր չենք տեսնում չներկայանալու համար»,- ասաց Էմին Խաչատրյանը։

Քրեական գործը, որի նախաքննության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել հարցաքննել Նվեր Ծառուկյանին, մեկուկես տարվա վաղեմություն ունի։ 

2019 թվականի հունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել էր զինված միջադեպի։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյանի բնակիչ 30-ամյա Արտաշես Գևորգյանը, մահացել էր, իսկ դեպքից մի քանի օր հիվանդանոցում մահացել էր 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Ավելի ուշ նախաքննության ընթացքում այս գործով մեղադրանք է առաջադրվել 22 անձի, քրեական գործից մաս է անջատվել, 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործն ուղարկվել է դատարան, իրականացվում է դատաքննություն։ 

Իսկ անջատված մասով, ինչպես տեղեկացանք Քննչական կոմիտեից, նախաքննությունը դեռ շարունակվում։

Քննչական կոմիտեն նախաքննությամբ պարզել էր, որ դեպքի օրը մի խումբ երիտասարդներ իրենց բազմաթիվ կողմնակիցների, այդ թվում՝ գործով դեռևս չպարզված անձանց հետ, զինվել են ապօրինի մեծաթիվ հրազեններով, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով։ 

Նրանք հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել՝ իրենց մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի 7 ատրճանակներից, «ՏՏ» տեսակի 1 ատրճանակից, «ՊՍՄ» տեսակի 1 ատրճանակից և 2 որսորդական հրացաններից բազմաթիվ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:

Այդ օրերին տարբեր աղբյուրներով տեղեկություններ տարածվեցին, թե Գագիկ Ծառուկյանի որդին կրակ արձակելու հրաման տվողներից մեկն է եղել։ Փաստաբանը հերքեց նման տեղեկությունները և նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձությունների համատեքստում փորձում են որոշ տրամադրություններ առաջացնել հանրության շրջանում։ 

«Նման սուտ անպատկերացնելի է։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ քննվող որևէ քրեական գործ գոյություն չունի։ Այդ դեպքերին հաջորդած օրերին մամուլում շրջանառվում էին տեղեկություններ նրա մասնակցության մասին, բայց Նվեր Ծառուկյանը հասանելի է եղել քննությանը, մասնակցել է քննչական գործողությունների, նշանակվել են քննություններ, ներկայացվել է այլուրեքությունը»,- ասաց փաստաբան Խաչատրյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am