«Նրանց համար թունելի վերջում լույս է, մեզ համար` խավար». Վրաստանի եւ Հայաստանի ընտրած ճանապարհների եւ սպասումների մասին

«Նրանց համար թունելի վերջում լույս է, մեզ համար` խավար». Վրաստանի եւ Հայաստանի ընտրած ճանապարհների եւ սպասումների մասին
«Նրանց համար թունելի վերջում լույս է, մեզ համար` խավար». Վրաստանի եւ Հայաստանի ընտրած ճանապարհների եւ սպասումների մասին

Մինչ Մաքսային եւ Եվրասիական միության արանքներում անորոշության մեջ դեգերող Հայաստանի իշխանությունները չեն կարողանում հստակություն մտցնել եւ անդամակցության կոնկրետ ժամկետներ նշել, Հայաստանում շատերի համար հունիսի 27-ից հետո, երբ հարեւան Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան ԵՄ հետ ասոցացման պայմանագիր կնքեցին, լի է հակասական զգացմունքներով` նախանձից, մինչեւ անտարբերություն,  ափսոսանք եւ հիասթափություն:

«Ինչպես տարիներ առաջ Մերձբալթյան երկրների դեպքում այդ զգացողությունն ունեցա, այնպես էլ այսօր Վրաստանի դեպքում. ափսոսանք, նախանձ ու ցավ եւ ապրում Հայաստանում նման ապաշնորհ իշխանություններ ունենալու համար,-«Մեդիալաբին» ասում է մասնագիտությամբ պատմաբան 60-ամյա Անահիտ Չիլինգարյանը,-Երկու հարեւան երկրներ, որոնց ճակատագրերը բաժանվում են. նրանց համար թունելի վերջում լույս է, մեզ համար` խավար»:

Ոչ բարեկամական Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւանությամբ շրջափակման մեջ լինելով, Վրաստանը Հայաստանի ցամաքային զարկերակն է:

Մոտ 225 կմ ընհանուր սահմանով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սակայն կապող ոչ միայն սահմաններն ու խորհրդային անցյալն են, այլեւ երկու երկրների միջեւ մշտապես գոյություն ունեցող մրցակցությունը, որը շատ լավ արտահայտված է հայտնի «Միմինո» ֆիլմում, երբ հային մարմնավորող Մհեր Մկրտչյանը մեքենայի ղեկին սկսում է ամեն ինչի լավը վերագրել  Հայաստանին:

Սակայն, վերջին տարիներին Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումներն, ըստ Հայաստանի շատ բնակիչների, հարեւան երկրում իրավիճակը լիովին փոխել են` քաղաքական կամքի առկայության շնորհիվ, ինչը այդպես էլ երազանք է մնացել Հայաստանի համար:

Եթե մինչեւ անցյալ տարի աշուն շատերը վստահ էին, որ Հայաստանի ճանապարհը եւս ուղիղ դեպի Եվրոպական միության  հետ տնտեսական ու քաղաքական համագործակցության սերտացման համաձայնագրերն են տանում (Ասոցացման համաձայնագիր), Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անակնկալ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց Հայաստանի` Մաքսային միություն մտնելու «պատրաստակամության» մասին:

«Մաքսային  միությունը, Ռուսաստանը պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար ամենալավ տարբերակն ա,-համոզված է 52-ամյա Երեւանի բնակիչ Վահրամ Մկրտումյանը,-առանց Ռուսաստան Հայաստանը շատ բատ վիճակում կհայտնվի, առանց մեջքի, առանց ուժի…. , թե չէ ում ա պետք Եվրոպան` իրանց այլասերված բարքերով: Ոչ մեկին: Մերը Ռուսաստանն ա ու ուժեղ Պուտինը, մեզ կպահի»:

«Ես ուզում եմ իմ երեխաները նորմալ երկրում ապրեն, որտեղ կինը` կին է, տղամարդը` տղամարդ, գենդերային հիմար հարցեր չկան, ու որտեղ Եվրատեսիլի Կոնչիտաները չեն ապրում»,-նշում է 27-ամյա վարսահարդար Լուսինե Հովակիմյանը:

Մինչ իշխանական վերահսկողության ներքո գտնվող հեռուստաընկերությունները եթերից արհեստականորեն ուռճացված ռեպորտաժներ են ներկայացնում,  որոնք պատմում են
«այլասերված Եվրոպայի» եւ Ռուսաստանի` Հայաստանի ռազամավարական գործընկերության եւ հիմնական աջակիցը լինելու, երկրում դրական տրամադրությունների եւ բարեկեցության մասին, վերջին տարիներին աճող արտագաղթի միտումների, աղքատության բարձրացող ցուցանիշների եւ կոռուպցիայի անփոփոխ համաթիվը շարունակում է մտահոգությունների տեղիք հանդիսանալ:

Չնայած իշխանությունների` աղքատությունը կրճատելու, բարեկեցության, աշխատաեղեր ստեղծելու եւ այլ կարեւոր հիմնահարցերի շուրջ նախընտրական շռայլ խոստումներին, վերջին հինգ տարիներին Հայաստանում իրավիճակը տարեցտարի ծանրանում է:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, վերջին հինգ տարիների ընթացքում աղքատությունը Հայաստանում աճել է 17 տոկոսով, ընդհանուր աղքատության ցուցանիշները հասցնելով 32,4 տոկոսի: Սոցիալական վիճակը, գործազրկությունը,  անպատժելիության մթնոլորտը, ներքաղաքական անորոշությունն ու հիասթափությունը միայն վերջին հինգ տարիների ընթացքում ստիպել է երկրից հեռանալ 246 հազար մարդու:

Սակայն, այս իրավիճակում էլ շատերը Հայաստանի փրկությունը տեսնում են Մաքսային միությանը միանալու եւ Ռուսաստանի կողքին լինելու մեջ, քանի որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ կա եւ մնում է հարյուր հազարավոր հայերի համար աշխատանքի եւ եկամտի միակ աղբյուրը: Հայաստանի բազմաթիվ ընտանիքներ բազմաթիվ տարիներ գոյատեւում են սեզոնային աշխատանքի` խոպան մեկնող տղամարդկանց աշխատանքի եւ Ռուսաստանից Հայաստան ուղղվող տրանսֆերտների շնորհիվ:

Դրա վառ վկայությունը հենց պաշտոնական վիճակագրությունն է: Ըստ ԿԲ տվյալների, Հայաստան ստացվող դրամական միջոցների առյուծի  բաժինը պատկանում է Ռուսաստանին` հանրապետության մասնավոր տրանսֆերտների համախառն ծավալի մոտ 79 տոկոսը։ Ընթացիկ տարվա մարտ ամսին, օրինակ, 125,6 մլն բանկային, ոչ առեւտրային փոխանցումների մեջ, Ռուսաստանից  փոխանցումների թիվը Հայաստան կազմել է 94,45 միլիոն դոլար:

Ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի, ապրիլ-մայիս ամիսներին 5000 մարդկանց շրջանում կատարած իրենց հարցումները ցույց են տվել, որ մարդիկ կողմ են Հայաստանի` Մաքսային միությանը միանալուն, քանի որ կերակրող ձեռքը շատերի համար ռուսական աշխատաշուկան է եւ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները:

«Հարցումները ցույց են տալիս, որ Մաքսային միություն մտնելու կողմնակիցների թիվը կազմում է 64.5 տոկոսը, դեմը` 7.4 տոկոսը: Եվրամիության կազմի մեջ մտնելու կողմնակիցները 16.2 տոկոսն են, դեմը` 12.2 տոկոսը: Շատերը իրենց կյանքը, եկամուտը ամեն ինչ կապում են Ռուսաստանի հետ, եւ բացատրությունը հենց դա»,-ասում է Ադիբեկյանը:

Օտար լեզուների մասնագետ Լիանա Մնացականյանն ասում է, որ կուզեր Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունն այնքան խստանար, որ հայերը զրկվեին արտագնա աշխատանքի մեկնելուց:

«Եւ միգուցե այդ ժամանակ շատերը հասկանային, որ մի փոր հացով ստրկացած կյանք վարելու փոխարեն, եկել է ոտքի կանգնելու եւ սեփական երկրի համար պայքարելու ժամանակը,-«Մեդիալաբին» ասում է Մնացականյանը,-ապատիայի, անորոշության մեջ, շատերը չեն էլ հասկանում, թե ինչ է իրականում տեղի ունենում»:

Երիտասարդական տարբեր ծրագրերի համակարգող 26-ամյա Փառանձեմ Հովհաննիսյանը հավելում է, որ Վրաստանում ապրելու տարիներին իր համար պարզել է, որ հայերն իրենց մտավոր կարողություններով, աշխատասիրությամբ  եւ ինտեգրվելու կարողությամբ շատ ավելիին կարող են ձգտել եւ հասնել, քան վրացիները:

«Ցավոք, իշխանությունների պատճառով մենք այսօր այլ ելք չունենք,-ասում է Հովհաննիսյանը,-իսկ կյանքը ցույց է տալիս, որ ամենակարեւոր պահերին «ռազմավարական ընկերը» լքում է մեզ միշտ` հանուն շահերի»:

Պատմաբան Անահիտ Չիլինգարյանն ընդունում է, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար «իրոք հուսադրող չէ», սակայն միեւնույն ժամանակ նշում է, որ մեծ հույսեր է կապում երիտասարդների հետ:

«Քաղաքացիական հասարակությունն` ի դեմս երիտասարդների այսօր կարողանում է խնդիրներ բարձրաձայնել ու լուծումների հասնել,-ասում է Չիլինգարյանը,- հույս ունենք մի օր էլ նման արմատական փոփոխությունների համար ոտքի կկանգնենք»:

© Medialab.am