«Այն ինչ տեսա, դրանից հետո չեմ կարող ապրել, ես գործ չունեմ մի երկրում, որտեղ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, ինչի՞ հետևանք էր պատերազմում մեր պարտությունը։

– Բարդ հարց է։ Հոկտեմբերի վերջին ԿԳՄՍ նախարարության պատվերով ինձ խնդրեցին մի քանի մոտիվացնող բան գրել։ Ես գրել էի՝ «Սա հողի կռիվ չէ, սա մշակութային կռիվ է, դուք կռվում եք ձեր մշակույթի, ձեր տեսակի համար, ձեր ապրելու համար»։ Իսկ մենք հանգիստ անցանք այդ փաստը, և սկսվեց այս ներքաղաքական գզվռտոցը։ 

Մեր մշակութային, քրիստոնյա կոդի 30-40 տոկոսը թողեցինք թուրքին։ Քո քրիստոնյա կոդը թողեցիր։ Եվ իրականում սա գրեթե բոլորի համար ոչ մի բան է։ 

Մարդիկ այսօր չեն էլ հասկանում, թե տղերքն ինչի համար են զոհվել, գիտեն, թե գնացել են բլուրների ու ժայռերի համար են իրենց կոտորել։

Այդ գիտակցությունը նստած է բոլորի մեջ՝ ինտելեկտուալից մինչև ռամիկ։ Դուք չունեք դեմք, 30 տարի և նաև վերջին 2,5 տարիներին պլանավորված այդ կոդը ջնջում են մեր միջից։

Ես ինձ վրա եմ զգացել դա, որովհետև իմ բոլոր ֆիլմերի հիմքում դրված է քրիստոնյա մշակութային կոդը։ Դուք չեք պատկերացնում, թե ես ինչ դիմադրության եմ հանդիպել հենց այստեղ՝ ներսում։ 

Նպատակադրված թուլացրեցին, հիմքերը կոտրեցին, բա այսպես պետք է լիներ։ Բա դու պիտի Փաշինյան բերես իշխանության, բա ո՞ւմ պետք է բերես։ Սրանց հեչ պետքը չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Պառլամենտ եկան, լռության րոպե չարեցին անգամ։

Իմ կյանքում ջրբաժան եղավ այն օրը, երբ ես տեսա «Ռոյթերզի» նկարած տեսանյութը, որում երևում էր, որ մեր տղաների դիակները թափված էին ճամփեզրին՝ աղբի նման։ Իմ կյանքը կիսվել է մինչև այդ տեսնելը և դրանից հետո։ 

Դրանցից հետո ես չեմ կարող ապրել։ Ես գործ չունեմ մի երկրում, որտեղ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել։

Վարչապետի հրաժարականն են պահանջում այսօր հայտնի քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Ի՞նչ իրավիճակ է քաղաքական դաշտում։

– Մենք մի խնդիր ունենք հիմա՝ չենք կարող հետ գնալ։ Սա Փաշինյանի դիսկուրսն է, որ կուտը տվեց, բոլորը խայծը կերան, թե հետ ենք գնում։ 

Այդ մարդուն, բացի ներքին քաղաքականությունից, ոչինչ չի հետաքրքրել։ Նա միշտ զբաղված է եղել գզվռտոց հրահրելով, այդ դիսկուրսը հիմա ինքը նորից բերեց։ Եվ 2,5 տարի մենք արտաքին քաղաքականություն չենք ունեցել։ Ոչ թե չեն կարողացել, այլ չի հետաքրքրել արտաքին քաղաքականությունն իրենց, ինչպես մշակույթը։ Ներքին գզվռտոց է միայն։

Մարդկանց մեջ նման տեսակետ կա, որ կառավարության դեմ բողոքող ուժերն էլ են վարկաբեկված, ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։

– Բա ի՞նչ են, եթե վարկաբեկված չեն։ Թող Հանրապետական կուսակցությունից ասեն՝ իրենք մեղքի զգացում չունե՞ն Փաշինյան ծնելու համար։ Կանգնել ու մեծ-մեծ խոսում են։ Երբ Սահմանադրություն էին փոխում, որ երկարացնեին իրենց նախագահի կյանքը, կոստյում էին կարում նրա համար, բայց էդ կոստյումը եկավ-հասավ Փաշինյանին։ 

Բա դուք չե՞ք հասկանում, որ դուք եք բերել նրան։ Դուք մեղքի զգացում չունե՞ք։ Դրա համար եմ ասում՝ ոչ մի հետադարձ։ Նիկոլից առաջվանը ամբողջն աղբանոց է։

– Լուծումը ո՞րն է, ինչպե՞ս կարող ենք այս իրավիճակից դուրս գալ։

– Բարդ հարց է։ Ես ավելի դաժան պատերազմի մտավախություն ունեմ։ Այդ մտավախություններս ապացուցում են ռուսական ինքնաթիռները, որոնք անընդհատ գալիս են՝ հարձակողական զենքով։ 

Բոլորին պարզ է, որ սրանք արդեն խաղաղապահ ուժեր չեն այնտեղ, այլ ռուսական բազա է, որը պատրաստվում է լուրջ մարտական գործողությունների։ Հենց այնպես նրանք այդքան զինամթերք չէին բերի։

Երկրի ներսում էլ հակառուսական ուժերը ոչ մի կերպ չեն սսկվում։ Նրանք, ովքեր գոռում էին՝ «ռուսական բազան վերցրեք, գնացեք այստեղից», պատկերացնո՞ւմ են՝ ինչ կլիներ այստեղ, եթե այդ բազան չլիներ։ 

Սպիտակ թուրք էիք անվանում ռուսներին, սևերը եկան, լա՞վն են։ Պատերազմի ժամանակ այստեղ հայհոյում էին դաշնակցին։

– Իսկ դաշնակիցն իրեն դաշնակցի՞ պես պահեց։

– Իհարկե ահագին բան է արել Ռուսաստանը։ Մենք անընդհատ ասում ենք՝ ռուսը մեղավոր է, ինչ եղավ, ռուսն է մեղավոր։ Հայաստանում որոշ շրջանակներ խնդիր ունեն ռուսներին վերացնել Հարավային Կովկասից։ 

Եվ դրա հետ մեկտեղ կվերանա Հայաստանը, բայց դա նրանց չի հետաքրքրում։ Չեն հասկանում, որ այստեղ երկու ընտրություն ունենք, ես չեմ ասում՝ դա լավ է, բայց փաստ է՝ կա՛մ ռուսական կայսրություն՝ սպիտակ թուրք, կա՛մ սև թուրք։

Նոր բանակցողը կարո՞ղ է տարածքների հարցում իրավիճակ փոխել այս պայմաններում, որոշ հայանպաստ լուծումների հասնել։

– Պետք է անպայման նոր բանակցող լինի։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բարոյական իրավունք չունի բանակցելու, այլ նաև մնալու իրավունք չունի։ Ինձ նման շատ մարդիկ են մտածում։ Նա ոչ թե վարչապետի աթոռին պետք է նստի, այլ տրիբունալի առաջ։

Հիմա մեզնից ոչինչ կախված չէ, չենք կարող ոչ մի բան փոխել։ Ով ասում է՝ կգանք, կփոխենք, սուտ է ասում, աթոռակռիվ է անում։ 

Խոսքը իրավիճակ փոխելու մասին չէ, խոսքն այն մասին է, որ մի քիչ գոնե էներգիան տանենք ուրիշ ուղղությամբ։ Ես մի քանի պատգամավոր ընկերներ ունեմ, գրեցի՝ ձեր միջից մեկին գտեք, փոխեք Նիկոլ Փաշինյանին, որ գոնե մի քիչ կրքերը հանգստանան։

– Դեռ պատերազմի առաջին օրերից է հայտնի եղել, որ ուժերն անհավասար են, ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էլ այդ մասին ասաց։ Կա՞ր տարբերակ առաջին փուլում կանգնեցնել այս պատերազմը ու այսքան կորուստներ չունենալ։

– Իհարկե հնարավոր էր։ Ավելի հետ գնացեք, հնարավոր էր նորմալ բանակ ունենալ, նորմալ զինտեխնիկա։ Լիքը բան էր հնարավոր։ Այո՛, պետք է կասեցվեր առաջին փուլում, և չի կարելի մեղքը սրա-նրա վրա գցել։ 

Շատ խորքային հարց է, թե ինչո՛ւ չի կասեցվել պատերազմը, և ինչո՛ւ են մտածված տարել կապիտուլյացիայի։ Երկու տարբերակ կա՝ կամ՛ սա դավաճան է, որովհետև Պուտինի խոսքն ինձ համար հիմք չեն։ Պուտինի խոսքը Ալեն Սիմոնյանին կարող է հուզել, որ կտրի կոնտեքստից ու տարածի, ինչը ցույց է տալիս, թե ինչքան ճղճիմ են իրենք։ 

Ես թուրքական հրապարակումներն եմ նայում, ասում են՝ «ձեռք չտաք Նիկոլ Փաշինյանին, մենք շնորհակալ ենք նրան»։ Ես ասում եմ՝ երկու տարբերակ կա՝ կա՛մ կարող էր, չի կանգնեցրել, դավաճանություն է արել, կա՛մ, եթե դավաճանություն չի արել, ուրեմն ընդհանրապես իրավիճակին չի տիրապետել։ Երկու տարբերակն էլ հանցագործություն է։

Ես չգիտեմ, թե այս իրավիճակում ինչ պետք է փոխվի, մենք պետք է փոխվենք, հիվանդ ազգ ենք։ Մինչև մենք չփոխվենք, սա ենք ունենալու։ Սա կրթության հետ կապված խնդիր է, որը 10-12 տարվա մեջ գոնե պետք է կարողանալ լուծել, մակարդակ պետք է փոխել մարդկանց մեջ, որ չզբաղվեն միայն սերիալ ու քֆուրով լայվեր նայելով։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am