«Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո շուկա է մտնում «Բեստ Ֆրութ» ընկերությունը

«Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո շուկա է մտնում «Բեստ Ֆրութ» ընկերությունը
«Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո շուկա է մտնում «Բեստ Ֆրութ» ընկերությունը

Միրգ-բանջարեղեն մթերող «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո շուկա է մուտք գործում նոր ընկերություն: Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է, որը ևս զբաղվում է պտուղ-բանջարեղենի մթերմամբ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը:

«Մեր մոտ շինարարական փուլն ավարտվել է, հիմա սպասում ենք, որ Եվրոպայից հասնեն ագրեգատորները, որտեղ սառեցվելու է այդ ամենը: Մենք հիմնականում զբաղվելու ենք բեռնափոխադրումներով և միրգ-բանջարեղենի մթերմամբ: Մեկ տարի է, որ մեր գործունեությունը սկսել ենք, պատրաստվում ենք մթերել նաև Արարատյան դաշտից ապրանքներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «Սպայկա» ընկերությունը, որը, ըստ ՊԵԿ-ի, չի կատարել 7 միլիարդ դրամի հարկային պարտավորություն, հայտնել է մի շարք գյուղերից միրգ-բանջարեղեն չմթերելու մասին: Հարցին՝ ի՞նչ ծավալով է «Բեստ Ֆրութ» ընկերությունը մթերումներ իրականացնելու, տնօրենն ասաց, որ այդ մասին վաղ է խոսել, քանի որ դեռ շուկան լրիվ չեն ուսումնասիրել:

«Անպայման մթերելու ենք, բայց թե որտեղից, ինչ՝ չգիտենք: Մեր սառնարանները «Սպայկա»-ի նման մեծ չեն, բայց որքան հնարավորություն կունենանք՝ կանենք: Ծավալների մասին կտեղեկացնենք»: Մեր հարցին, եթե 2018 թվականին է հիմնադրվել ընկերությունը, ինչու՞ նախորդ տարվանից մթերումներ չի իրականացրել, Արման Ամիրաղյանն ասաց, որ շինարարական խնդիրներ են եղել, որոնք ավարտել են նախորդ տարի ամռանը: «Հիմա համալրվում ենք, որ ամբողջ ուժով մտնենք շուկա»,- ասաց նա:

«Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերությունը սկսեցին հայտնի օգտատերեր ֆեյսբուքում գովազդել, գյուղացիներին ուղղորդել համագործակցության: Տնօրենից հետաքրքրվեցինք, թե այս զուգադիպություն ինչով է պայմանավորված, քանի որ ընկերությունը ֆեյսբուքում տարածում են նաեւ ՔՊ-ի երիտթեւի ակտիվ ներկայացուցիչները:

«Մեր ընկերությունը մեկ շաբաթ առաջ է սկսել գովազդներ անել, իսկ «Սպայկայի» շուրջ աղմուկը եղել է երկու օր առաջ: Հիմա, քանի որ վերջացրել ենք մեր աշխատանքերը, մեր գովազդներն ակտիվացրել ենք: ՔՊ-ի անդամները ՀՀ քաղաքացիներ են, իրավունք ունեն տարածեն, ինչպես ուրիշները: Ուրախանում են իրենց երկրի բարգավաճումով: Մենք էլ ուզում ենք աշխատել, հարկեր վճարենք»:

Հարցին, թե հիմա քանի աշխատակից կա ընկերությունում, տնօրենն ասաց, որ մի քանի հոգին են, բայց հետագայում շատանալու են: Նա հրաժարվեց հստակ ասել, թե որքա՞ն ներդրում են կատարել:

Նարեկ Կիրակոսյան