«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները հասկանալու խնդիր ունի». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

Պարո՛ն Բաղդասարյան, արդեն պարզ է կառավարության ամբողջական կազմը: Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը:

– Կարևորագույն նշանակումը եղավ այսօր՝ Արարատ Միրզոյանը արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվեց, բայց այս մասով չեմ կարող բան ասել, որովհետև, քանի դեռ հայտնի չէ նպատակը, հայտնի չեն նաև խնդիրները, որոնք դրված են ԱԳՆ-ի առջև, չենք կարող ասել՝ նրա նշանակումն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ: Ամեն դեպքում, ճիշտ կլիներ, եթե պրոֆեսիոնալ դիվանագետ նշանակվեր այդ առանցքային պաշտոնին:

Իսկ ընդհանրապես, կադրային քաղաքականությունը պետք է համապատասխանի կառավարության ծրագրին, այսինքն՝ սկզբից պետք է ունենայինք կառավարության ծրագիրը, հետո հասկանանք, թե ովքեր կարող են այն իրականացնել հնարավորինս լավ:

Կառավարության ծրագիրն ավելի շատ ընդհանուր կենացների, ցանկությունների շարադրանք է, քան որևէ կոնկրետ գործողության, այդ պատճառով էլ որևէ բան ասել կադրային քաղաքականության մասին չեմ կարող:

– Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ մարդկանց պաշտոնավարումից:

– Մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ, որովհետև նախորդ կառավարության համեմատ շատ բան չի փոխվել: Տեսնում ենք, որ կառավարության գործելաոճն էլ, մեծ հաշվով, չի փոխվել, մոտեցումները չեն փոխվել, իսկ այս պարագայում ինչ-որ փոփոխություններ ակնկալել պետք չէ:

– Եթե ասում եք, որ գրեթե փոփոխություն չկա ո՛չ կառավարության կազմի, ո՛չ գործելաոճի մեջ, ապա ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում այս պարագայում:

– Երկու հիմնական խնդիր կա, առաջինը՝ արտաքին քաղաքական մարտահրավերներն են: Մենք տեսնում ենք սահմաններին լարվածության անընդհատ աճ, սպառնալիքներ Ադրբեջանից, ճնշում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի ստորագրվի այդ խաղաղության համաձայնագիրը, այսինքն՝ փաստաթղթավորվի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան:

Երկրորդ՝ Հայաստանի ներսում տեսնում ենք գնաճ, սոցիալական իրավիճակի վատթարացում, ինչը բնակչության մեջ ինչ-որ պահի կարող է դժգոհության մեծ ալիք առաջացնել:

Իսկ այս երկու խնդիրների համադրությունը հիմքեր է տալիս ենթադրելու, որ առաջիկայում ներքաղաքական կյանքը կտրուկ կակտիվանա, կտրուկ կակտիվանան նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը, նաև՝ արտախորհրդարանականները:

– Պարո՛ն Բաղդասարյան, համաձա՞յն եք այն տարածված տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանը կադրային լուրջ խնդիր ունի, որ պրոֆեսիոնալ կադրերը չեն համաձայնում նրա հետ աշխատել, այդ պատճառով էլ Փաշինյանը կադրային նման նշանակումներ ու տեղափոխություններ է անում:

– Նիկոլ Փաշինյանը ոչ թե կադրային քաղաքականության հետ խնդիրներ ունի, այլ՝ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները հասկանալու: Նա դժվար կամ ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչ հարցեր պետք է լուծի Հայաստանի կառավարությունը, ու քանի որ չունի այդ պատկերացումը, բնականաբար, չի կարող լինել կադրային քաղաքականություն:

Դրա համար կարող է, ասենք, ինչ-որ մեկը, որը լավ անգլերեն գիտի, նշանակվի ԱՄՆ-ում դեսպան, մեկ ուրիշը, որն ընդհանրապես դիվանագիտության հետ կապ չունի, կարող է նշանակվել արտգործնախարար:

Կարող եմ էլի օրինակ բերել. պաշտպանության բարձրաստիճան զինվորականներից մեկն ասում է, թե մեր զինվորի մի ձեռքին պետք է լինի գնդացիր, մյուսին՝ Աստվածաշունչ, շատ գեղեցիկ է հնչում, բայց Հայաստանի իշխանությունները երկար տարիներ փորձում էին աշխարհին ներկայացնել, որ սա կրոնական պատերազմ չէ, որովհետև արտաքին քաղաքականության տեսանկյունից դա էր ճիշտ, իսկ այսօր նման բան է հնչում, ու բոլոր լրատվամիջոցները տարածում են:

Փոքր օրինակ եմ բերում՝ ցույց տալու համար, որ այս իշխանություններն անգամ չեն պատկերացնում, թե ինչ պետք է անեն, իսկ եթե չեն պատկերացնում, ինչպե՛ս պետք է ճիշտ կադրային նշանակումներ անեն, հետևաբար՝ կադրային նշանակումներ անում են իրենց թիմակիցներին չնեղացնելու տրամաբանությամբ, որպեսզի թիմը հանկարծ չպառակտվի:

– Նշեցիք արդեն, որ կենացային ու բարի ցանկությունների մակարդակում է Կառավարության հնգամյա ծրագիրը, բայց տարբերություն չե՞ք տեսնում նախորդի ու երեկ հրապարակած ծրագրերի միջև:

– Գիտե՞ք՝ կենացներն էլ տարբեր են լինում, իհարկե նախորդ ու այս կենացների միջև կա տարբերություն: Օրինակ՝ ինչպե՞ս կարող է տնտեսության զարգացման հնգամյա ծրագիրը լուրջ լինել, եթե որևէ մեկը չգիտի, թե հինգ տարի հետո Հայաստանի Հանրապետության սահմանները որտեղով կանցնեն, եթե չգիտենք, թե ինչպիսին է լինելու մեր երկիրը մեկ կամ երեք տարի հետո՝ ի՞նչ իմաստ ունի քննարկել, թե ինչպիսին պետք է լինի տնտեսությունը, կամ ինչ-որ մարզերի զարգացման ծրագրեր քննարկել, երբ չգիտենք՝ ո՛ր մարզը մեր վերահսկողության տակ կլինի, որը՝ ոչ:

Բացի այս, ծրագրում պետք է լինեին կոնկրետ քայլեր, որ, օրինակ՝ պետք է անենք այսպես, որ լինի այնպես, իսկ ծրագրում չկան այդ կոնկրետ քայլերը, դրա փոխարեն կան դեկլարատիվ բնույթի հայտարարություններ ու ցանկություններ, որ մենք ուզում ենք լինի այսպես:

– Կառավարության առաջարկած հնգամյա ծրագրում խոսվում է երկրի սահմանների պաշտպանության, արտաքին քաղաքականության, Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման, բանակի հզորացման մասին: Այս ամենում հուսադրող, ՀՀ-ի զարգացմանը նպաստող կետեր չե՞ք տեսել:

– Չգիտեմ՝ իրատեսակա՞ն է հուսադրող բան տեսնել, թե՞ ոչ, որովհետև Հայաստանի հասարակությունը չգիտի, թե իրականում ինչ չհրապարակված պայմանավորվածություններ են եղել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ու այս տարվա հունվարի 12-ին:

Ընդհանուր կետերը գիտենք, բայց դրանցում տարընթերցումներ կան՝ մենք մի բան ենք հասկանում, Ադրբեջանը՝ այլ։ Օրինակ՝ նրանք փախստականների վերադարձ ասելով հասկանում են, որ փախստականները պետք է վերադառնան Սյունիք, Գեղարքունիք, իսկ քանի դեռ այդ հարցերում հստակեցում չկա, այս իշխանություններն էլ մտադրված չեն հստակեցման, հետևաբար չգիտեմ՝ լավատեսության հիմքեր ունենա՞նք, թե՞ չէ:

Մի բան գիտեմ, որ Հայաստանը հիմա պիտի պարզապես իր բոլոր ուժերը մոբիլիզացնի հավանական նոր պատերազմի դեմն առնելու ու մեր սահմանները պաշտպանելու համար: Մեր թիվ մեկ խնդիրը սա պետք է լինի և ոչ թե խաղաղության մասին դեկլարատիվ հայտարարություններ անելը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am