Բայրամովը նշել է, թե ինչ պայմաններով է հնարավոր ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքել. Factor.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է համարում ինքնիշխանության ու սահմանների անձեռնամխելիության փոխադարձ ճանաչման դեպքում։ Ադրբեջանցի պաշտոնյան այս մասին ասել է Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ունեցած ելույթում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին, գրում է Factor.am-ը։

«Նախարարն իր խոսքում անդրադարձել է Ղարաբաղի վերականգնման ու վերաինտեգրման թեմային, նշել, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ շարունակելու է համագործակցել ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ստեղծել է նոր հեռանկարներ՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու համագործակցության համար, և ԵԱՀԿ-ն կարող է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում»,- ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ ասել է Բայրամովը։

Ըստ գերատեսչության՝ ներկա փուլում «հնարավորություն է ստեղծվել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար»։

«Ներկա փուլում, «օկուպացիայի» վերացման արդյունքում, հնարավոր է դարձել Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, որը հնարավոր է երկու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման հիման վրա։

Մասնավորապես, անդրադարձ է եղել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բայրամովը նշել է նաև, որ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակումն առանձնահատուկ կարևորություն ունի։