«Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության հրահրումը ուղղված է ոչ թե Հայաստանին պատժելուն, այլ ՀԱՊԿ-ի հեղինակազրմանը». Բենիամին Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, երեկ հայ-ադրբեջանական սահմանին Գեղարքունիքի հատվածից ադրբեջանական զինված ուժերի հարձակում է տեղի ունեցել, տեղյակ եք: Ի՞նչ եք կարծում, արդյոք դա որևէ կապ ունի՞ ՀԱՊԿ-ի որոշման և Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու հետ:

Նախ՝ եկեք փորձենք հասկանալ, թե ինչ ռացիոնալ պատճառ կարող է լինել վերջին դեպքերի հետ, խոսքը միայն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին չէ, երկու օր առաջ էլ Արցախում հարձակում տեղի ունեցավ:

Մինչև դեկտեմբերի կեսերը հասկանալի էր, թե ինչու է Ադրբեջանը սրում սահմանային լարվածությունը, ճնշում գործադրում, ներխուժում հայկական տարածքներ: Ադրբեջանը ցանկանում էր անուղղակիորեն գոնե ստանալ հավաստիացում, որ Հայաստանն Արցախը համարում է Ադրբեջան, և ցանկանում էր Սյունիքի մարզով ճանապարհներ ստանալ դեպի Նախիջևան:

Եվ կարծես թե դեկտեմբերի կեսերից սկսած այդ խնդիրները լուծվեցին՝ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գոնե երկաթուղին (Երևան-Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ-Բաքու) գործելու է Սյունիքի մարզում, իսկ դեկտեմբերի 24-ին էլ իր մամուլի ասուլիսում վարչապետը նշեց՝ զրո տոկոս շանս կա, որ Արցախը կարող է չլինել Ադրբեջանի կազմում՝ փաստացի ակնարկելով, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպումը և դրան դեկտեմբերի 24-ին հաջորդած Փաշինյանի ասուլիսը, ըստ էության, Ադրբեջանի պահանջների կատարման մասին էին: Ադրբեջանը, երևի թե, դրանից ավելին չէր էլ կարող երազել:

Դրա համար եթե մայիսից սկսած մինչև 2021-ի դեկտեմբերի կեսերը հասկանալի էր, թե ինչու է Ադրբեջանը ավելացնում ռազմական ճնշումն ու շանտաժը, ապա դեկտեմբերի կեսերից սկսած այդ պատճառը վերացել է: Հիմա մենք պետք է հասկանանք՝ ի՛նչն է փոխվել վերջին օրերի ընթացքում մինչև 2022-ի հունվարի 10-ը:

Կարող է լինել երկու պատճառ. առաջին՝ ինչ-որ փակ խողովակներով Հայաստանի կառավարությունը փոխանցել է, որ իր դիրքորոշումը այս հարցերի շուրջ փոխվել է, այսինքն՝ ինքն արդեն չի ցանկանում երկաթուղային միջանցք կամ ճանապարհ տրամադրել Սյունիքի մարզի տարածքով, իսկ Արցախի հարցում էլ գտնում է, որ Հադրութի շրջանը և Շուշին օկուպացված են, Ադրբեջանը պետք է այդտեղից դուրս գա և այլն: Այս հանգամանքը ես շատ քիչ հավանական եմ համարում, որովհետև եթե նման բան լիներ, հաստատ որևէ կերպ հասանելի կլիներ այդ տեղեկությունը:

Իսկ երկրորդ պատճառը և, իմ կարծիքով՝ այդ ամենի ռացիոնալ բացատրությունը ղազախական իրադարձություններն են:

– Ղազախստանի հետ կապված իրադարձությունների մասով ինչի՞ց է դժգոհ Ադրբեջանը. Հայաստանը չպե՞տք է զորախումբ ուղարկեր, թե՞ ընդհանրապես, ՀԱՊԿ-ի գործողություններին է դեմ այդ երկիրը:

– Չէ՛, Հայաստանի միջամտելու խնդիր չկա այս դեպքում, բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը չէր կարող վետո դնել որոշման վրա: Այսինքն՝ այսպես թե այնպես, Հայաստանը պետք է որոշմանը կողմ քվեարկեր: Իմ գնահատմամբ՝ ճիշտ կլիներ, որ Հայաստանը կողմ քվեարկելով Ղազախստան խաղաղապահ զորախումբ ուղարկելու որոշմանը, այդուհանդերձ, զորախումբ չուղարկեր այդ երկիր:

Իմ կարծիքով՝ Ադրբեջանը հրահրում է լարվածությունը ոչ այնքան այն բանի համար, որ Հայաստանը 100 զինվոր է ուղարկել Ղազախստան, այլ սա կարող է ուղղված լինել ՀԱՊԿ-ի դեմ կամ ՀԱՊԿ-ի վարկաբեկմանը:

Ադրբեջանը հիմա շատ լավ հասկանում է, որ սահմանային այս միջադեպին ՀԱՊԿ-ը չի միջամտելու, 2021-ի մայիսին չի միջամտել, հիմա էլ չի միջամտելու տարբեր պատճառներով: Սա ամեն դեպքում հարված է նաև ՀԱՊԿ-ի հեղինակությանը, որովհետև հերթական անգամ ցույց է տրվում, որ ՀԱՊԿ դաշինքի անդամ պետության տարածքի նկատմամբ ոտնձգություն է կատարվում, և դաշինքից արձագանք չկա:

Այնպես որ, ես կարծում եմ՝ սա ուղղված էր ոչ թե Հայաստանին պատժելուն, այլ ՀԱՊԿ-ի հեղինակության էլ ավելի նվազեցմանը: Առանց այն էլ այդ կառույցի վարկանիշը չէր փայլում:

– Պարո՛ն Պողոսյան, երեկ Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտեց ադրբեջանական սադրանքը և ընդգծեց «հայադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման» անհրաժեշտությունը: Ինչո՞ւ է ԱԳՆ-ն խոսում հետքաշման մասին այն դեպքում, երբ ադրբեջանական զորքերը, ըստ էության, Հայաստանի տարածքում են:

– Իրոք, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչո՞ւ է հայկական կողմը նման բանի մասին խոսում, որովհետև հայելային հետքաշում նշանակում է զորքերը հետ քաշել որոշակի հատված: Բայց չէ՞ որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են, որոշ հատվածներում մեր զորքերը բավական խորքում են:

Եթե ընդունենք, որ ադրբեջանական զորքերը 2-3 կմ առաջացել են և գտնվում են Հայաստանի տարածքում, ապա ՀՀ զինված ուժերը տեղակայված են Հայաստանի սահմանից 3-4 կմ ներս: Եթե հայելային հետքաշում ասելով հասկացվում է 3-4 կմ, դա նշանակում է, որ Ադրբեջանը այդքան հետ է գնալու և վերադառնա նախկին Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահման, իսկ եթե մեր զորքերն էլ իրենց հերթին են նույնքան հետ քաշվում, դա նշանակում է, որ մեր զորքերը մեր սահմանից առնվազն 6 կմ հետ են գնալու: Դա էլ իր հերթին նշանակում է, որ մեր տարածքից 6 կմ դառնալու է չեզոք կամ բուֆերային գոտի: Դա ինձ համար բացատրություն չունի:

– Շատ լավ, պարո՛ն Պողոսյան, արդեն մեկ օր է անցել երեկվա սահմանային միջադեպից, ու պարզ է, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին, հետևաբար ստեղծված իրավիճակում որո՞նք կարող են լինել Հայաստանի քայլերը: Օրինակ՝ կարո՞ղ է 100 հայ զինվորներին հետ կանչել Ղազախստանից:

– Ո՛չ, չեմ կարծում, թե հետկանչը ճիշտ մոտեցում է: Ուղարկելուց հետո հետ կանչելը անիմաստ է, մանավանդ եթե Ղազախստանի նախագահի երեկվա ելույթին հավատանք, առաջիկայում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի ամբողջ խմբաքանակը դուրս է բերվելու երկրից:

Այն վնասը, որ Հայաստանը կրեց Արևմուտքի վերլուծական որոշակի շրջանակների կողմից՝ որակվելով Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների սպասարկող, արդեն փաստ է: Հետևաբար, հետ կանչելով՝ այդ վնասը վերականգնել հնարավոր չէ:

Ի՞նչ կարող է անել Հայաստանը հիմա: Միակ տարբերակը ստեղծված իրավիճակում այն է, որ Հայաստանը պետք է փորձի հնարավորինս արագ զինված ուժերի բարեփոխումների գործընթաց սկսել և փորձել դուրս գալ նոկաուտի վիճակից:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am