Նույն գաղափարի մեջ գտնվող տղաներ, աղջիկներ պետք է իրենցով կազմակերպվեն ու ինչ-որ գործողություններ անեն. Ռոբերտ Քոչարյանի որդի

Այսօր մենք տեսանք ոստիկանական ուժերի բիրտ, ոչ համաչափ և որոշ դեպքերում՝ լկտի պահվածքը: Այդ մասին այսօր հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Նրա խոսքով, այդ գործողությունները ցույց են տալիս, որ «իշխանությունները սարսափած են և տեսնում են, որ ալիքը գնալով մեծանում է»:

«Ոստիկանները որտեղ տեսնում են շատ մարդ կա, բան չեն անում, երբ տեսնում են մարդիկ քիչ են, սկսում են իրենց լկտիություններն անել», -ասել է նա:

Հարցին, թե արդյոք հավաքված ժողովուրդը բավարար է իշխանափոխություն անելու համար, Քոչարյան կրտսերը պատասխանել է. «Ինձ թվում է՝ դեռ ամեն ինչ առջևում է: Կարծում եմ՝ մեր պես մտածող ահագին մարդ պետք է փողոց դուրս գա: Ամեն մեկը պետք է հասկանա, որ հենց իրենից է կախված ամեն ինչ: Նույն գաղափարի մեջ գտնվող տղաներ, աղջիկներ պետք է իրենցով կազմակերպվեն ու ինչ-որ գործողություններ անեն, փողոցներ փակեն: Քանակի մասով կարծում եմ, բավարար է, բայց ինչքան շատ մեզ միանան, այնքան հեշտ կլինի»: