Փաշինյանը ստանձնել է ժանդարմի դերակատարումը և ծավալում է կոլաբորացիոնիստական գործունեություն. Միքայել Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանը

– Պարո՛ն Նահապետյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԼՂ տարածքի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Ի պատասխան այս քայլի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին, նշելով, թե «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»: Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի այս որոշումն ու Ադրբեջանի մեղադրական հայտարարությունը։

– Այս իրադարձությունները տեղի չեն ունենում ընդհանուր պատկերից կտրված ինչ-որ միջավայրում, կա համատեքստ, որը հետևյալն է․ այս ամբողջ՝ Փաշինյան-Ալիև հարաբերությունները, խոշոր հաշվով, ու միջազգային հանրությունը՝ երրորդ կողմից, ունի հետևյալ մոդելը։ Կա մեկը, որը փորձում է բռնաբարություն կատարել, ու, հետևաբար, նա ման է գալու պատճառներ, որ արդարացնի իր այդ արարքը, կա Ստոկհոլմյան սինդրոմով զոհը, որն ի տես ամբողջ միջավայրի փորձում է ընդգծված խոնարհված վարք դրսևորել, որպեսզի ցույց տա, որ խնդիրը հաստատ իր մեջ չէ, ու կա միջազգային հանրությունը, որն այս իրավիճակին նայում է ստանդարտ արևելյան վայրենի միջավայրին նայողի աչքով։ 

Այս համատեքստում է ամեն բան տեղի ունենում. Իլհամ Ալիևին ինչ ուզում ես տուր ու ինչքան ուզում ես մարդասիրական քայլեր արա, միևնույն է, այդ մարդը քեզ մեղադրելու է, որովհետև իր նպատակն այլ է։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն էլ, ինչքան ուզում է մատուցել, որ սա իսկապես իրենց խաղաղության ձգտումն է, մեծ հաշվով, այդպես չէ։ Նիկոլ Փաշինյանի դեպքում էլ հետևյալն է․ ցուցադրաբար, ամբողջ աշխարհի առաջ հերթով կատարել Իլհամ Ալիևի պահանջները, որպեսզի ցույց տա, որ իր նկատմամբ, Հայաստանի նկատմամբ բռնություններն արդարացված չեն, հիմք չունեն, որովհետև ինչ պահանջում է Ադրբեջանը, խելոք անում է, ինչո՞ւ է «ծեծում»։

– Այսինքն՝ այս ամենն արվում է միայն նրա համար, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների չգնա՞ Հայաստանի դեմ։

– Ոչ թե որ ռազմական գործողությունների չգնա, այլ այն հույսով, որ երբ Ադրբեջանն այսպես թե այնպես ռազմական ագրեսիայի դիմի, միջազգային հանրության համար պարզ լինի, որ մենք մեզ խելոք էինք պահել, չարժեր մեզ ծեծել, մեղք ենք։

– Բայց դա ի՞նչ օգուտ է տալու պետությանը։

– Ոչինչ, Նիկոլ Փաշինյանին ընդամենը արդարանալու հնարավորություն է տալու, թե ինքը փորձել է ամեն ինչ անել, որ ռազմական ագրեսիա չլինի։ Նիկոլ Փաշինյանը վաղուց դադարել է մտածել այն կատեգորիաներով, որով մտածում են պետական քաղաքականություն վարող մարդիկ ամբողջ աշխարհում։ Ինքը շատ նեղ անձնական խնդիրներ է լուծում, ալիբիներ է հավաքում այդ մարդը։

– Ո՞րն է այդ նեղ անձնական խնդիրը, իշխանության մնա՞լը։

– Իշխանության մնալը չէ, ձևակերպված մեղքի տակ չմնալը, բայց դա իրեն չի օգնելու, որովհետև այն, ինչ անում է, ևս գնահատական ունի ու մեղք է, ինքը ծավալում է կոլաբորացիոնիստական գործունեություն, երբ Հայաստանը պարտվել է, ու հայ ժողովուրդը սկսել է մտածել՝ լավ, ո՞նց վերականգնվենք այս պարտությունից, Ադրբեջանը հարց է դրել, որ վերականգնում չպետք է տեղի ունենա, ու Հայաստանում պետք է գոյություն ունենա ժանդարմ, որը կերաշխավորի, որ հայ ժողովուրդը վերականգնվելու նպատակ չի դնի, իսկ եթե դնի էլ՝ չի հասնելու դրան։ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է այդ դերակատարումը։ 

Սա սոսկ հայկական դրսևորում չէ, Ֆրանսիայում մարշալ Ֆիլիպ Պետենը՝ Ֆրանսիայում պարտությունից հետո, այն դեպքում, երբ ուղիղ պարտավոր էր անել այնպես, որ Ֆրանսիան չպարտվի ֆաշիստական Գերմանիային, ինքն էլ նույն դերակատարումը ստանձնեց՝ ռեպրեսիաներ էր անում, օրենքներ էր փոխում, կարգախոսներ էր փոխում, ասում էր՝ մեր ազգի մենթալիտետն է սխալ, դրա համար մենք պարտվեցինք, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ և այլն։ Բայց Ֆիլիպ Պետենին այս ամենը չփրկեց, որ իրեն բոլոր հերոսական կոչումներից ու ուսադիրներից զրկեին, դատեին, ու նա իր կյանքն ավարտեց շատ անփառունակ ու չարքաշ ձևով։ Ընդ որում՝ նրա նկատմամբ ողորմած գտնվեց ֆրանսիացի ժողովուրդը, որովհետև Առաջին համաշխարհային պատերազմում նա հաղթանակի ճարտարապետներից էր, Նիկոլ Փաշինյանն իր հաշվեկշռում չունի այդ ավանսը։ 

Ադրբեջանն ասել է՝ մեզ այդպիսի մարդ է պետք, Նիկոլ Փաշինյան էլ իր համաձայնությունն է տվել։ Գեղեցիկ նախընտրական խոստումներ էր տալիս Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի մասին, Ադրբեջանն այդ ամենը լուռ տանում է մեկ պայմանով, որ Հայաստանում իշխանության ղեկին հայտնվի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն այդ պարետն է, որը հսկելու է, որ Հայաստանը չվերականգնվի, ու կորցրածը վերականգնելու խնդիր հանկարծ չդրվի։

– Վրաստանում Փաշինյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո խաղաղության գործընթացն ակտիվ ընթացք կստանա։ Դուք նման հույս ունե՞ք։

– Նոյեմբերի 9-ից ի վեր քանի անգամ հրապարակային ասել եմ, որ ես չեմ տեսնում գեթ մեկ պատճառ, որ Ալիևին պետք է ստորագրել մի փաստաթուղթ, որը կսահմանափակի իր հնարավորություններն ինչ-որ ավելի բաներ անելու հարցում։ 

Հետևաբար, այստեղից երկու ելք է ծագում՝ կա՛մ այդ թուղթը լինելու է այնպիսին, որով Ալիևին ոչինչ արգելված չէ, կա՛մ այդ թուղթը չի լինելու։ Երբ բոլոր գործոնները համադրում եմ, ինչպես նաև մյուս խաղացողների դիրքորոշումներին, որ նայում եմ, ինձ թվում է, որ ոչ մի թուղթ չի ստորագրվելու։

Քրիստինե Աղաբեկյան

Լուսանկարը՝ անձնականի արխիվից

MediaLab.am