«Արևմուտքը, կարող ենք ասել, նախագահի միջոցով վարչապետին մեսիջ է փոխանցում, որ դու այլևս մեզ պետք չես»․ Քաղտեխնոլոգ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում։

– Հասարակության մեջ բարոյահոգեբանական ընկճվածություն կան և պարտություն, որը չի կարող հանգեցնել երկրի զարգացման, եթե տեղի չունենա իշխանափոխություն։

– Ինչպե՞ս եք պատկերացնում իշխանափոխությունը այն դեպքում, երբ բարձրագույն իշխանությունն ասում է, որ դա կարող է տեղի ունենալ կայունության ապահովման և սահմանադրական ճանապարհներով։

– Բնականաբար, աշխարհի բոլոր երկրների ղեկավարներն էլ նշում են, որ պետք է կայունություն լինի, այսինքն՝ իշխանությունը չպետք է փոխվի։ Սա տրամաբանական է, Սերժ Սարգսյանն էլ էր 2018-ի ապրիլի 21-ին ասում՝ երկրում պետք է լինի կայունություն, բայց երկու օր հետո հրաժարական տվեց։ 

Աշխարհի բոլոր երկրներում, մասնավորապես՝ խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում իշխանությունները միշտ ասում են՝ պետք է լինի կայունություն, իսկ դրա տակ պետք է հասկանալ, որ չեն ուզում հեռանալ իշխանությունից։ 

Չէ՞ որ իշխանությունը առավելություն է։ Բայց խնդիրն այն է, որ այս իշխող ուժի ինտելեկտուալ մակարդակը այնպիսին է, որ տարավ պարտության, ավելին՝ կապիտուլյացիայի։ Բնականաբար, որպես պարտված կողմ նա չի կարող երկրին զարգացում բերել։ 

Այո՛, խանութները կաշխատեն, մի քանի արտադրամասեր կգործեն, բայց որևէ էական աճ երկրում տեղի չի ունենա։ Այժմ պետք է վերլուծություններ կատարել՝ ինչ պատերազմ էր սա, ինչ հետևանքների կարող է հանգեցնել, ինչեր կարող են այս պատերազմի հետևանքով մեզ սպառնալ և այլն։ 

Սակայն այս իշխանության մեջ ռազմական բլոկի կարողությունները թույլ են, նրանց մոտ վերլուծական միտք չկա և ավելին՝ մերժում են ցանկացած վերլուծություն։ Ստեղծված իրավիճակում իշխանափոխությունն է, որ կարող է երկրի զարգացում բերել։ 

– Դուք իշխանափոխության անհրաժեշտության մասին եք խոսում, և մենք տեսնում ենք հրապարակ՝ լի նախկին իշխանության ներկայացուցիչներով, որոնք մի քանի տարի առաջ մերժվեցին։ Դա՞ է այլընտրանքը։

– Խնդիրը դա չէ, այլընտրանքը լիքն է՝ նախկիններ, ներկաներ, արդեն նշանակություն չունի, քանի որ Ղարաբաղի 90 տոկոսը հանձնված է Ադրբեջանին։ Հասարակությունը ում կընտրի՝ դա էլ կլինի իշխանություն։ 

– Եթե դիտարկե՞լ եք, ի՞նչ է առաջարկում հրապարակը, հնարավո՞ր է չեղարկել այս պահին միակ խնդիր համարվող եռակողմ հայտարարությունը։

– Նրանք դեռևս առաջարկում են իշխանափոխություն և առաջարկում խորհրդարանական ընտրություններ, որպեսզի բարոյահոգեբանական վիճակը առաջին հերթին փոխվի։ 

Ինչ վերաբերում է չարաբաստիկ հայտարարությանը, ամենայն հավանականությամբ, անկախ նրանից, ով կլինի ՀՀ վարչապետը, այդ քարտեզը չի կարող փոխել, այդ հայտարարության տեքստը չի փոխվի։ 

Նույնը մնալու է։ Բայց հիմնական խնդիրը Հայաստանի զարգացման շարունակականությունն ապահովելն է․ այն իշխանությունը, որը գնացել է կապիտուլյացիայի, չի կարող զարգացնել երկիրը մի պարզ պատճառով՝ նրան էլ ոչ մեկը չի հավատա, ներդրումներ չեն գա։ Սա միանշանակ է։ 

Իսկ եթե Հայաստանի տնտեսության մեջ գումարներ չներդրվեն, ապա տնտեսությունը, երկիրը չի զարգանան։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իմաստն այն է, որ ադեկվատ իշխանություն ձևավորվի, ներդրումներ բերվեն, երկրի կշիռը բարձրացվի, հետո տեսնենք՝ ինչ ենք անում։

– Պարո՛ն Բադալյան, երեկ ՀՀ նախագահը ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարեց։ Ինչպե՞ս եք դրա գործունեությունը կամ ստեղծումը պատկերացնում։

– Ընդհանրապես, ՀՀ նախագահը շատ զգուշավոր քաղաքական գործիչ է։ Եթե նկատել եք, մինչև հիմա նա երեխաների հետ պաղպաղակ էր ուտում, պարում էր, թեթև ապրում էր, բայց տեսնում ենք, որ վերջին շաբաթվա ընթացքում տարբեր հանդիպումներ է անցկացնում քաղաքական գործիչների հետ և երեկ հայտարարություն տարածեց, որ հիմք ընդունելով այդ հանդիպում-քննարկումների արդյունքները, սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում և նոր պրոֆեսիոնալ կառավարություն ձևավորել։ 

Շատ հատկանշական է այն, որ նախագահը ոչ թե իր տեսակետը ներկայացրեց, այլ ասաց, որ քննարկումների արդյունքն է այդպիսին։ 

Նա շատ դիվանագիտորեն ներկայացրեց միտքը։ Եթե նախագահը չունենար բավական ուժեղ աջակցություն, նման հայտարարություն դժվար թե աներ։ 

– Արտաքին ուժերի՞ կողմից։

– Այո՛, արտաքին ուժերի, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, որոնք պահանջում են վարչապետի հեռացումը, որովհետև, չմոռանանք՝ եռակողմ հայտարարությամբ վարչապետը համաձայնություն տվեց ռուս խաղաղապահների մուտք գործելուն՝ «քցելով» արևմտյան ուժերին։

Արևմուտքը հույս ուներ, որ իր խաղաղապահները մուտք կգործեին Արցախ, իսկ հիմա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ամբողջությամբ խաղից դուրս մնացին, իսկ նրանք այն երկրներն էին, որոնք մեծապես աջակցում էին ՀՀ վարչապետին՝ ոչ մի բան չանելով։ 

Արևմուտքը, կարող ենք ասել, նախագահի միջոցով վարչապետին մեսիջ է փոխանցում, որ դու այլևս մեզ պետք չես։ 

– Ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, եթե վարչապետը չընդունեց այդ մեսիջը։

– Չեմ կարող կանխատեսել, բայց էլի եմ ասում՝ նախագահը հենց այնպես նման արտահայտություն չէր անի, որ դուր գար հասարակությանը, որովհետև նա իր պաշտոնն ստանձնելուց հետո այնպիսի քայլեր չի կատարել, որ փորձի դուր գալ ինչ-որ շերտի․ ստորագրել է բազմաթիվ վիճահարույց օրենքներ, երբեք հանրության, մասնագետների կարծիքը հաշվի չի առել։ Իսկ հիմա խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մեսիջ է հղում կամ, որ ավելի ճիշտ կլինի՝ այդ մեսիջը հղում են նրա միջոցով։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am