Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը հրաժարվել է հավատարմագրել մի շարք ռուս դիտորդների՝ մասնակցելու հունիսի 7-ին նախատեսված ընտրությունների դիտարկմանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը ոչ պաշտոնական ձևաչափով տեղեկացրել է, որ առաքելության կազմում որոշ ռուս քաղաքացիների ներկայությունը ցանկալի չէ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ռուսաստանի Պետդումայի երեք պատգամավորների և Կարաչայ-Չերքեզիայի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի։
Զախարովան նշել է, որ Մոսկվան մինչ այժմ պաշտոնական բացատրություն չի ստացել մերժման պատճառների վերաբերյալ։
«Ռուս դիտորդների հավատարմագրումը մերժելու որոշումը խոր ափսոսանք և տարակուսանք է առաջացնում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Նա նաև հավելել է, որ ռուսական կողմը «պատրաստ չէ ընդունել նման տրամաբանությունը» և ստիպված կլինի դա հաշվի առնել Երևանի հետ հետագա հարաբերություններում։



















