«Իրավիճակը մոտ է անդառնալիության կետին և հղի է պետականության կորստի, մեր քաղաքացիների կյանքի ու առողջության համար վտանգներով». Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Տեսակետ կա, որ եթե բոլոր քաղաքական ուժերն առաջիկա օրերին չնստեն մեկ սեղանի շուրջ, ապա տանուլ ենք տալիս ողջ երկիրը: Ձեր կարծիքով՝ կողմերից ո՛րը պետք է ընդառաջ գնա:

– Իրավիճակը գնահատում եմ խոր ճգնաժամային, բավականին լարված: Սա հետևանք է նրա, որ արդեն 3-4 ամիս է, որ քաղաքական ուժերը և հատկապես առճակատվող լրատվամիջոցները չեն կարողանում լուծել քաղաքական ճգնաժամը: 

Ընդ որում, այս հարցում ամենամեծ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի և կառավարող ուժի ուսերին է, որոնք բացարձակապես անադեկվատ են իրենց պատասխանատվության չափին: 

Իրավիճակն իսկապես բավականին մոտ է անդառնալիության կետին և հղի է ինչպես պետականության կորստի, այնպես էլ մեր քաղաքացիների, մեր քույրերի ու եղբայրների կյանքի ու առողջության համար վտանգներով: 

Լուծումը ես տեսնում եմ այսպես. կա՛մ շատ կարճ ժամանակում կողմերը նստում են բանակցության սեղանի շուրջ, ընդ որում՝ չդնելով վերջնագրեր այդ սեղանին, այսինքն՝ խոսում են հնարավոր բոլոր տարբերակների մասին, կա՛մ ես կարծում եմ, որ Հայաստանի հանրությունը, էս երկրի տերերը պետք է կամարտահայտություն ցուցաբերեն և այդ երկուսին մեկուսացնեն քաղաքականությունից որպես վտանգավոր տարրերի: 

– Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում մի քանի անգամ հնչեցրեց «վե՛րջ թավիշին» արտահայտությունը և ներողություն խնդրեց քաղաքացիներից՝ համաձայնելով, որ իշխանությունը շատ թավշյա է գործել: Ձեր կարծիքով՝ որքանով 3 տարի անց իշխանությունները կարող են վերջ դնել թավիշին, և որքանով է դա արժանահավատ:

– Եթե խոսքն այն մասին է, որ կառավարող ուժը պետք է կոշտ դիրքորոշում ունենա, կոշտ արձագանքի ապօրինություններին, ապա ես կարծում եմ՝ կառավարող ուժը թավիշին վերջ տալու պայմաններում խնդիր է ունենալու իր սեփական քաղաքական թիմի մի կեսին նույնպես անդրադառնալու, ինչի պատրաստակամությունը չի նշմարվում: 

Այսինքն՝ երբ ասում են «վե՛րջ թավիշին», հիմնականում նկատի են ունենում նախկին կառավարության, նրանց հետ ասոցացված մարդկանց, ուժերի գործողություններին արձագանքելուն: 

Բայց մենք պարտավոր ենք տեսնել, որ կառավարող ուժի աջակիցներն ու անդամները ևս պակաս վատ վարք չեն դրսևորում ինչպես հանրային խոսքի որակի առումով, այնպես էլ գործողությունների: 

Հիմա եթե թավիշին վերջ տալը երկու կողմերին է վերաբերելու, կարելի է դա դրական դիտարկել: Բայց եթե դա վերաբերելու է միայն քաղաքական ընդդիմադիր ճամբարը ճնշելուն, դա բռնապետություն հաստատելու կարճ ճանապարհ է, որի ճանապարհին մենք խոչընդոտ ենք դառնալու: 

– Քաղաքացին ի՞նչ անի, երբ մի կողմում իշխանությունն է, որին ապիկար է համարում, մյուս կողմում 17 ուժերն են, որին շատ լավ հիշում է նախորդ իշխանության ժամանակահատվածից: Ըստ էության, քաղաքացին մնացել է մոլորված, և նախկինի վերադարձի հեռանկարը ստիպում է ամեն գնով աջակցել ներկաներին: 

– Քաղաքացիները պետք է վերաբերմունք ցույց տան և մեկուսացնեն քաղաքականությունից այդ երկու վտանգավոր սուբյեկտներին, եթե իրենք շարունակում են իրենց վտանգավոր արշավը Հայաստանի պետության և ՀՀ քաղաքացիների շահերի դեմ: 

Այսինքն՝ երբ տանում են էսկալացիայի, որից լուծում չեն կարողանալու ստանալ: «Քաղաքացու որոշում» կուսակցությունը երեկվանից փաստացի մեկնարկել է մի գործընթաց, որի արդյունքում մենք գնալու ենք հասնենք այդ քաղաքացիներին, հնչեցնելու ենք նրանց համար գործիքակազմը և նպատակն այս ամենի, և տալու ենք նրանց հնարավորություն և գործիքներ այդ սուբյեկտներին քաղաքականությունից մեկուսացնելու և նրանց արկածախնդրությունը կանխելու հարցում:

– Վերջին օրերին Արմեն Սարգսյանի դիրքորոշումն ինչպե՞ս եք գնահատում: Այս իրավիճակը կարո՞ղ է ընդհանրապես նախագահ-իշխանություն կապը ընդմիշտ կտրի, և անվստահություն հայտնեն հենց նախագահին: Նախագահն այս օրերին հանդիպում է բոլոր ուժերի հետ, կարծես ճշգրտում է իր աջակիցների շրջանակը:

– Ես վերլուծաբան չեմ, չեմ խոսի հնարավորությունների մասին, թե արդյոք անվստահություն կհայտնեն նախագահին կամ չեն հայտնի: Ես նախագահի գործելակերպը գնահատում եմ քաղաքական: 

Այսինքն՝ այն, ինչ ինքն անում է, քաղաքական գործընթաց է, որի շրջանակներում ինքը փորձում է որոշակի բալանսավորման պայմաններում քաղաքական գործընթաց տանել: Ինչ ուղղությամբ, ինչ արդյունքի հասնելու համար է դա արվում՝ ես չգիտեմ, տեղյակ չեմ: Այն, որ նախագահն այն, ինչ անում է, անում է քաղաքական գործընթացի շրջանակներում, տեսանելի է:

Մանե Հարությունյան

MediaLab.am