Օրենքի պահանջն է, որ ընտրական ցուցակների առաջին դեմքերը բանավիճեն Հանրային հեռուստաընկերության եթերում, բայց այս ընտրություններում այդ պահանջը չի գործի. Վարդինե Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՔԱՎ ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը

Տիկի՛ն Գրիգորյան, Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով ի՞նչ կանոններ են սահմանվում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հեռուստաբանավեճի կազմակերպման ու անցկացման համար:

– Օրենսգրքի փոփոխություններով, որոնք չեն տարածվում այս արտահերթ ընտրությունների վրա, հստակ սահմանված են կարգավորումները: Հանրային հեռուստաընկերությունն առնվազն երեք բանավեճ պետք է կազմակերպի՝ թեմաներն ու կանոնները որոշելով:

Նախատեսված է պահանջ, որ բանավեճերից գոնե մեկին պարտավոր է կանչել քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարներին: Այլ ձևով կարգավորում, որ պարտադրես ցուցակի առաջին համարներին գնալ բանավեճի, չկա, որովհետև պետք է ասես, եթե չգնան՝ ինչ կլինի, դրա համար պարտավորությունը լրատվամիջոցի վրա է, որ ինքը պետք է անպայման հրավիրի քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխավորողներին:

Փաստորեն, այս կարգավորումն ուժի մեջ չի մտնում այս տարի, իսկ գործող Ընտրական օրենսգրքով ի՞նչ է սահմանվում:

– Գործող Ընտրական օրենսգիրքը, որով անցկացվելու են այս ընտրությունները, հեռուստաբանավեճի վերաբերյալ որևէ կարգավորում չի սահմանում, այսինքն՝ բանավեճն ընդհանրապես օրենքի պահանջ չէ, սա ուղղակի ձևավորվող ավանդույթ է, ինչպես եղավ 2018 թվականին, հիմա էլ կլինի, այսինքն՝ ոչինչ չի ստիպելու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին մասնակցել հեռուստաբանավեճին, բայց լրատվամիջոցը կհրավիրի:

Չգիտեմ՝ իրականում այդքան քաղաքական ուժերի ներկայացուցիչների բանավեճն ինչպես կկազմակերպեն, բայց ապագայի համար արդեն Հանրային հեռուստաընկերությունն ինքը կկարգավորի՝ ինչպես է կազմակերպելու բանավեճը նման դեպքերում՝ ժամանակը հատկացնելով, թեմաները որոշելով և այլն: Հիմա Հանրայինը նման պարտավորություն չունի, ուղղակի կազմակերպում է բանավեճը, թեկնածուներն էլ՝ կամավորության սկզբունքով:

Պարզ է, որ իրենց կկանչեն, քանի որ գործում է հավասար լուսաբանման սկզբունքը, բայց թեկնածուները կմասնակցեն, թե չեն մասնակցի՝ հարցի մյուս կողմն է:

Տիկի՛ն Գրիգորյան, այս արտահերթ ընտրություններին, երբ մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժեր, ի՞նչ ձևաչափով ճիշտ կլինի կազմակերպել հեռուստաբանավեճը, բոլորին միասի՞ն, թե՞ փուլերով:

– Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում: Եթե վերցնեն սոցիալական հարցումների տվյալներով ֆավորիտների ցանկ ու նրանց հրավիրեն՝ դա անհավասար կլինի, այսինքն՝ խտրականություն չունենալու համար պետք է բոլորին կանչեն, բայց նաև հարց է, թե դա ինչպես պետք է կազմակերպեն:

Երևի կսահմանեն, ըստ ցանկության, պարզ է, որ բոլորը կցանկանան, ու մենք մի աբողջ օր բանավեճ կնայենք, կարծում եմ, համահայկական մարաթոնի նման:

 – Իսկ այս ձևաչափը որքանո՞վ է արդյունավետ, կարծում եք՝ այն օգնո՞ւմ է մարդկանց կողմնորոշվելու, թե քաղաքական որ ուժին ի վերջո պետք է տան իրենց քվեն:

– Կարծում եմ՝ ամենակարևոր բաներից է: Մենք իրականում նախատեսում էինք, որ առնվազն չորս բանավեճ լինի, բայց, հաշվի առնելով ժամանակի սղությունը և կազմակերպման հնարավոր խնդիրները՝ մտածեցինք, որ ավելի լավ է քիչ նախատեսել, բայց ավելի շատ անել, այդ սկզբունքով փոխվեց երեքի, բայց, կարծում եմ, որ ամենակարևորն է:

Հաշվի առնելով, թե մեր քաղաքական դաշտում որքան շատ է փոխադարձ մեղադրանքների, բամբասանքների ու ջրբաժանների տենդենցը, գոնե առերես շփման ընթացքում, երբ կարող են իրար պատասխանել, դա շատ կարևոր է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am