Հասարակության բևեռացումը. հույսեր և սևեր

Վահրամ Թոքմաջյան

Նախօրեին ավարտական փուլ մտավ «Սասնա ծռեր» խմբավորման գործով դատական գործընթացը: Դատախազությունը ութ տարի և մինչև ցմահ պատժաչափեր պահանջեց խմբի մի շարք անդամների նկատմամբ:

Մեր խնդիրը չէ քննարկել դատախազի պահանջների իրավաչափությունը և գործի մանրամասները: Մենք պետք ունենք դիտարկել այս ամենը քաղաքական համատեքստում:

Քաղաքական համատեքստում դատախազության այս պահանջը շրջվելու է իշխանության դեմ: Դատարանը ինչ վճիռ էլ կայացնի, այն նորից շրջվելու է իշխանության դեմ:

Եթե անգամ վերանանք այս գործից ու գանք արդարադատության համակարգին, ապա ակնհայտ է, որ ցանկացած որոշում, նույնիսկ բյուրեղյա արդարության, դառնալու է քաղաքական շահարկումների թեմա:

Սա ունի իր հիմնավոր պատճառները: Հեղափոխությունից հետո իշխանությունը չի կատարել որևէ բարեփոխում այս համակարգում:

Բացառապես բոլորը հին դեմքեր են: Չնայած այն հանգամանքին, որ այդ նույն դատարանները կայացնում են նաև իշխանությանը ոչ հաճո որոշումներ, ամեն դեպքում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արդարադատությունն ասոցացվում է քաղաքականության հետ: Իսկ վերոնշյալը կարող է քաղաքական-հասարակական լուրջ անջրպետի պատճառ հանդիսանալ:

Մարդկանց մեջ օբյեկտիվ հարցեր են առաջանում, որոնց պատասխանն իշխանությունը գոնե այս պահին չունի:

Ինչո՞ւ պատժված չեն հանցագործներ, թալանչիներ, մարդասպաններ հռչակվածները: Ինչո՞ւ են նրանք ազատության մեջ և դեռ մի բան էլ ներազդում են Հայաստանում ընթացող գործընթացների վրա:

Հնի ու նորի քաղաքական դիսկուրսը շատ մոտ ապագայում սպառելու է իրեն: Հինը խառնվելու է նորի յուրայիններին, ու մենք տեսնելու ենք օրգանապես ծայրահեղ բևեռների միավորում, ցանկացած առիթի օգտագործում օրվա իշխանության դեմ հների կողմից՝ նոր դեմքերով: 

2018 թ. Երևանի ավագանու ընտրարշավի ժամանակ, երբ ներկայիս քաղաքապետը բաժանում կատարեց սևերի ու սպիտակների, առաջին հայացքից կարող էր թվալ, թե դա քարոզչական հնարք է՝ ցանկալի արդյունք ապահովելու համար:

Ժամանակի ընթացքում այդ քարոզչական հնարքը դարձավ ապակառուցողական գաղափարաբանություն: Իշխանությունը խճճվեց իր իսկ բաժանումների մեջ:

Սրան պետք է գումարել սուբյեկտիվ գործոնը: Փողոց դուրս եկած և հեղափոխությանը մասնակցած ցանկացած քաղաքացի իրեն համարում է փայատեր:

Մենք չենք քննարկում, թե որքանով է ռացիոնալ այդ փայատիրության զգացողությունը: Ես ինքս բազմաթիվ անգամներ ասել եմ, որ հեղափոխությունից չի կարելի ակնկալել շատ արագ արդյունքներ: Քսան և ավելի տարիներ ապականածը երկու տարում չի մաքրվում: Սակայն իմ ասելը քիչ է: Քիչ է նաև իշխանության արդարացումը:

Իշխանության առաջնորդը սիրում է բարիկադներ: Իսկ երբ երկրում չկա բովանդակային քաղաքական դիսկուրս, այդ բարիկադը ձեռնտու է նաև մյուս կողմին, որն ունի փող, ռեսուրսներ:

Պարտվել է և ձգտում է ռևանշի: Այդ կողմն օգտագործելու է բոլոր «հիասթափվածներին»: Իսկ հիասթափվածներին մեղադրել չի կարելի:

Մարդը դուրս է եկել փողոց նաև արդարության զգացումի պակասից: Ինչ է տեսնում նա հիմա: Շարունակում է կքած մնալ իր սոցիալական խնդիրների և այլ բեռների տակ, իսկ այն վարչության պետ հարևանը, նաև որի դեմ ինքը պայքարում էր, վայելում է փափուկ կյանքը ու շատ դեպքերում շարունակում է մնալ վարչության պետ՝ չկրելով որևէ պատասխանատվություն նախկինում գործած հանցանքների համար:

Վարչության պետ հասկացությունը կիրառում ենք պայմանական: Չենք խոսում առաջին դեմքերի մասին: Խոսում ենք սովորական ազդակների մասին, որոնց բախվում է հեղափոխության փայատերն ամեն օր:

Իսկ հեղափոխության փայատերերը օր օրի նվազելու են՝ աջակցելով հասարակության առանց այն էլ բևեռացված վիճակի խորացմանը:

Սա առաջին հերթին ձեռնտու չէ իշխանությանը: Ուժեղ են այն իշխանությունները, որոնք իրենց երկրներում ունեն հանրային կոնսենսուս և առողջ բանավեճի մշակույթ:

Մեր հանրույթը միշտ պահանջում է արագ արդյունքներ: Արցախյան հաղթական պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացները դրա լավագույն ապացույցն են: Այսօր արդեն հեղափոխություն եզրը սպառել է իրեն:

Մարդիկ գնալով ավելի շատ պահանջներ են ներկայացնելու: Դրանք ունենալու են օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր:

Իսկ պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս կարծես չկա: Մարդկանց արդար ու ազնիվ պահանջները, շատ հմուտ տեխնոլոգիաների միջոցով, այդ ձկնորսների ձեռքում կդառնան գործիքներ:

Երեկվա սերը կգեներացվի ատելության, և գործընթացները կարող են անկանխատեսելի ելքեր ունենալ: Ես բնավ ինչ-որ աշխարհակործան դիտարկումներ կամ գուշակություններ չեմ անում:

Պարզապես մատնանշում եմ հնարավոր ելքեր, որոնցից պետք է զգուշանանք մենք՝ որևէ բևեռի մաս չկազմող և ցնցումներին դեմ քաղաքացիներս: 

Իսկ իշխանությունը կարիք ունի հետևությունների, յուր գործելաոճը վերանայելու, քաղաքական կտրուկ որոշումներ կայացնելու, այո, երբեմն՝ վիրահատական ու ցավոտ: Հակառակ դեպքում գույները կարող են փոխվել: 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am