«Այս գնաճը համաշխարհային երևույթ է, շուտով կվերադառնա կառավարելի մակարդակ». տնտեսագետ Աշոտ Խուրշուդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը

– Պարո՛ն Խուրշուդյան, փաստորեն երկնիշ տնտեսական աճ, ինչպես ակնկալում էին կառավարության առանձին անդամներ, չեղավ, չի էլ սպասվում: Դուք՝ որպես մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը:

– Դե, գիտեք, այդ հայտարարությունը չհասկացա, ինչ արվեց, քանի որ դեռ այն ժամանակ էլ նման հայտարարություն անելու հիմքեր չկային, երկնիշ տնտեսական աճը իրատեսական չէր: Համավարակի հետևանքով տնտեսական անկում էր արձանագրվել, և նախորդ տարվա առաջին կեսին ավելի ցածր բազա ենք ունեցել, քան այս տարի, և բնական է, որ այս տարվա առաջին ամիսներին տնտեսական աճը մեծ էր լինելու, և դրա հիման վրա ասել, որ հաջորդ ամիսներին նույնպես աճ կլինի, ճիշտ չէ:

Որպեսզի ցուցանիշները իրատեսական լինեն, պետք է համեմատություն կատարել 2019 թվականի հետ, իսկ այդ դեպքում կարող ենք վստահ ասել՝ տնտեսությունը 2021-ին չվերականգնվեց 2019 թվականի մակարդակին: Այո՛, այսօր 4.3 տոկոս տնտեսական գրանցվեց, բայց դա չի կարող հասնել 2019-ի ցուցանիշին:

Հայաստանի պարագայում տնտեսության վերականգնումը մի քիչ ավելի երկար տևեց:

Բայց այլ խնդիր է ի հայտ գալիս. կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի հայտնաբերման մասին տեղեկության տարածմանը զուգահեռ նավթի գինը կտրուկ անկում ապրեց: Այսինքն՝ համաշխարհային տնտեսությունը դեռևս ապրում է քովիդին զուգահեռ, այդ խնդիրը դեռևս լուծված չէ: Այդ անորոշությունը կա աշխարհում, կա Հայաստանում:

– Տեսեք՝ դուք ասում եք 4.3 տոկոս կկազմի այս տարի տնտեսական աճը, բայց կառավարությունում ավելի լավատես են և վստահ են, որ կունենան 5-6 տոկոսանոց աճ: Ինչպե՞ս հասկանալ սա:

– Չէ՛, չի լինելու նման բան: Լավատեսությունը լավ բան է, բայց զուտ թվերին, ցուցանիշներին նայելով՝ ես անձամբ հիմքերը չեմ տեսնում: Միշտ պետք է պատասխան ունենալ՝ ինչի՛ հաշվին է այդ աճը գրանցվում: Տնտեսության մեջ չկար այդպիսի ուղղություն, ինչի արագության հաշվին հնարավոր էր ապահովել ակնկալվող նման ցուցանիշ:

– Պարո՛ն Խուրշուդյան, հանրապետությունում գրեթե երկնիշ թվերով գնաճ է, այսինքն՝ որոշ ապրանքների մասով այդ աճը երկնիշ թվերի է հասնում՝ 11-12 տոկոս: Իսկ ընդհանուր առմամբ, 8 տոկոսանոց գնաճ է: Մյուս կողմից էլ՝ աղքատության ցուցանիշն է աճել: Սրանք կարո՞ղ են միմյանց հետ կապ ունենալ: Ի՞նչ բացատրություն կտաք:

– Գնաճը երկարաժամկետ կտրվածքով կարող է ազդել աղքատության վրա: Բայց, տեսեք՝ աղքատության ցուցանիշը, որը հրապարակվում է, սովորաբար նախորդ տարվա իրավիճակն է արտահայտում, այսինքն՝ այդ ցուցանիշը նախորդ քաղաքականությունների հետևանք է:

Աղքատության պատկերը Հայաստանում լիովին առնչվում է տնտեսական կառուցվածքի հետ: Ես ժամանակին դեմ էի, որ պրոգրեսիվ հարկը վերացվի, ինչը կխորացնի աղքատությունը: Այսինքն՝ մենք չենք դիտարկում ցածր եկամուտ ստացող մարդկանց: Մարդիկ աշխատում են ցածր եկամտի սահմանների շրջանակում, և Հայաստանում միշտ այդպես է եղել՝ եկամտային աղքատությունը միշտ բարձր է եղել, քան ծախսային աղքատությունը: Այսինքն՝ մարդիկ բացի իրենց մշտական ու ցածր եկամտից, ունեն այլ տնտեսություն, դրսից փոխանցվող գումարներ, և ես չէի ուզի խառնել տնտեսության ու աղքատության թեմաները:

Ինչ վերաբերում է գնաճին, այո՛, այն բարձր է և բարձր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ամսեամիս գնաճը մի քանի տոկոսով աճել է, բայց աստիճանաբար արդեն տարվա սկզբին կվերադառնա 4 տոկոսի ցուցանիշին: Բայց դա չի նշանակում, թե գները կնվազեն, այլ ուղղակի գնաճը կկանգնի ցածր մակարդակի վրա:

Դա ցույց է տալիս ոչ միայն դրամավարկային քաղաքականությունը, այլ նաև տնտեսվարողների ակնկալիքները:

Իսկ երկնիշ թվերով աճել են, օրինակ՝ սննդի և ալկոհոլային խմիչքների գները, ինչը համաշխարհային ֆենոմեն է, և հենց համավարակով պայմանավորված սննդի գները աճեցին, և Հայաստանը՝ որպես բաց տնտեսությամբ երկիր, չի կարող փակել սահմանները և խուսափել այդ միտումից: Ի վերջո, ապրանքները ներկրվում են և նաև արտահանվում, և տնտեսվարողը թանկացման պարագայում գերադասում է սնունդը արտահանել:

Բայց, օրինակ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ ամբողջ աշխարհում սննդի գները 27 տոկոսով են աճել, այսինքն՝ ավելի շատ, քան Հայաստանում: Դա համաշխարհային խնդիր է, ինչպես ամբողջ աշխարհը, մենք էլ պետք է ընդունենք այդ փաստը: Բայց շուտով գնաճը կվերադառնա կառավարելի մակարդակ:

Եթե կարճ ձևակերպելու լինենք, կարող ենք ասել՝ ինչ եղել՝ եղել է, սրանից վատ չի լինելու: Բայց սա այն պարագայում, եթե համավարակի համաշխարհային նոր ալիք չլինի, նոր լոքդաուններ չլինեն: Հիմա երկրները բոլորը սպասում են:

– Պարո՛ն Խուրշուդյան, կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում է ներկայացրել 2022-ի համար: Ավելին, իշխանական առանձին պատգամավորներ խոստացել են 7 տոկոս տնտեսական աճ: Դուք ի՞նչ եք սպասում: Կա՞ն հիմքեր նման խոստումների համար:

– Հիմք կա, այս տարի տնտեսական աճը ցածր եղավ, ավելի հեշտ կլինի 7 տոկոսանոց աճ ապահովել մյուս տարի: Այսինքն՝ կվերականգնվի 2019 թվականի տնտեսությունը: Մի քիչ աճ կարձանագրվի, և երկու տարվա մեջ հազիվ կվերադառնանք այն աճի գծին, որի վրա կանգնած էինք: Դա իրատեսական է, այո՛, և չպետք է զարմանալ:

Բայց մենք այլ խնդիր ունենք՝ մեր պոտենցիալ ՀՆԱ-ն է անկում ապրում, որովհետև կապիտալ ներդրումները տարիներ շարունակ անկում են ապրել: Ա՛յ դա մեծ խնդիր է: Օրինակ՝ բյուջեի նախագծում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ աճեր են գրված, որը, իմ հաշվարկով, արտադրողականության գրեթե եռապատիկ աճ է ենթադրում, բայց դա ինձ համար կասկածելի է: Չկան հաշվարկներ՝ ինչո՞ւ պետք է այդ ոլորտում մեր աշխատանքի արտադրողականությունը կտրուկ աճի, արդյոք մեր ծրագրավորողների եկամուտը մի քանի սանդղակ բարձրանալո՞ւ է: Դա մի քիչ կասկածելի է, այդ ոլորտում նման կանխատեսումների հիմք չեմ տեսնում:

Տնտեսությունն իր ավանդական ճյուղերով կվերականգնվի, աճը կարձանագրվի, բայց ՏՏ ոլորտում նման մեծ աճի հիմքեր չեմ տեսնում, ինչպես ներկայացված է բյուջեում:

– Դատելով ձեր կանխատեսումներից, պարո՛ն Խուրշուդյան, լավատեսորեն եք տրամադրված հաջորդ տարվա ցուցանիշների առումով, ինչը հնարավոր չէ ասել ընդդիմության մասին: Ընդդիմադիր գործիչները նույնիսկ բոյկոտեցին բյուջեի նախագծի քննարկումները, նրանց առանձին ներկայացուցիչներ ճգնաժամի մասին են խոսում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Դե, դրա համար էլ նրանք ընդդիմություն են: Ընդդիմության գնահատականները ավելի շատ քաղաքական են, ավելի քիչ՝ տնտեսական: Իհարկե, ընդդիմության քաղաքական գնահատականները կարող են առաջացնել վստահության ճգնաժամ տնտեսության նկատմամբ:

Բայց հիմա ուղղակի նայելով մակրոտնտեսական ցուցանիշներին՝ չեմ տեսնում վստահության ճգնաժամ: Չեմ էլ տեսնում տնտեսական բուռն աճ: Այն տնտեսությունը, ինչ կա, կշարունակի ու մի թեթև կաճի: Իհարկե, կտրուկ աճ հնարավոր է ապահովել կարճաժամկետ միջոցառումներով, ծրագրերով, բայց դրանք քիչ արդյունավետ են: Օրինակ՝ կարելի է ասֆալտ փռել ու ապահովել աճ, բայց դա կարճաժամկետ միջոցառում է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am