ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին

Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին (ՌՀՍ-3)։ Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե պայմանագրից դուրս գալու, այլ միայն դրան մասնակցությունը կասեցնելու մասին է։

Պուտինը սա անվանել է հարկադրված որոշում, որն ընդունվել է այն ֆոնին, որ միջուկային երկրները շարունակում են զարգացնել իրենց միջուկային սպառազինությունը և պահանջում են մուտք գործել ռուսական միջուկային օբյեկտներ։

ՌԴ նախագահը տեղեկություններ ունի Ուկրաինայի զինված ուժերի՝ ռուսական ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու փորձերին Արևմուտքի ներգրավվածության մասին։

Պուտինի խոսքով՝ Մոսկվան նաև տվյալներ ունի այն մասին, որ ԱՄՆ-ում ընթանում է միջուկային զինամթերքի նոր տեսակների մշակում, և որ Վաշինգտոնը մտածում է միջուկային զենքի բնական փորձարկման մասին:

ՌԴ նախագահը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն անցկացնի նոր միջուկային զենքի փորձարկումներ, Ռուսաստանը նույնը կանի, պարիտետը պետք է պահպանվի։ Նա հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմ»-ին ապահովել նման փորձարկումներին պատրաստ լինելը:

«Նրանք ցանկանում են մեզ ռազմավարական պարտության հասցնել և պահանջում են մուտք գործել մեր միջուկային օբյեկտներ։ Այդ կապակցությամբ ես այսօր պետք է հայտարարեմ, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին», – ասել է նա: