Նիկոլ Փաշինյան. Հյուսիսկորեական վրիպում

Նիկոլ Փաշինյան. Հյուսիսկորեական վրիպում
Նիկոլ Փաշինյան. Հյուսիսկորեական վրիպում

«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը»։ 
Ես այս կարգախոսի հետ խնդիր չունեմ, եթե այն վարչապետի «Ֆեյսբուքի» պատին է։ Ես խնդիր չունեմ այս կարգախոսի հետ, թե ով ինչպես է ընկալում այն՝ առաջին պլանում Հայաստանն է և գլխավորը դա է։ Բայց եթե ասելիքդ դառնում է գովազդային պաստառ, այն պիտի ավելի խոր լինի։ Հայաստանում ապրում է մոտ 3 միլիոն մարդ։ Այդ մարդկանց մոտ 90 տոկոսն այս կամ այն կերպ հեղափոխության մասնակից է եղել հենց այն պատճառով, որ հեղափոխությունից առաջ նրան թույլ չէին տալիս Հայաստանն ընկալել օջախ։ 

Այո՛, Հայաստանն իմ օջախն է, անձամբ իմ։

Ահա ինչու ես դեռ Հայաստանում եմ։ Ահա ինչու խիստ անհաճելի կյանքով հանդերձ ես դեռ չեմ ուզում այս երկրից հեռու լինել։ Ուրիշ ոչ մի երկիր ինձ օջախ չի դառնա։ Բայց ժողովուրդն իմ ընտանիքը չէ։ Հետևաբար վարչապետի այս կարգախոսն այն մասին չէ, որ այն պետք է լինի յուրաքանչյուրիս կարգախոսը։ Սա հենց վարչապետի կարգախոսն է, ինքը դառնում է ժողովրդի հայր։ 

Նախ՝ ինչո՞ւ ժողովուրդն իմ ընտանիքը չէ։ Որովհետև այս երկրում համընդհանուր ցավեր չկան, չկան մարդիկ, որոնք էդ ցավը կրողն են, իմ և ոստիկանների հոգսերն իրար հետ չեն խոսում։ Այլ խոսքով՝ Քրիստոսներ կամ Մահաթմա Գանդիներ չկան։ Պե՞տք է բոլորի հոգսերը լինեն իմը։

Ոչ միայն պետք է, անհրաժեշտ է։ Բայց պետությունը մի փոքր այլ բան է, քան կրոնական քարոզչի աշխատանքը։

Պետության մեջ բոլորն իրենց գործին են։ Հենց Քրիստոս լինելու անհնարինությունն է բոլորին հասկացնում՝ զբաղվեք ձեր գործով, ինչ լինում եք, եղեք ձեր գործի մեջ, վարչապե՞տ ես՝ գործովդ զբաղվիր, սանիտարական աշխատո՞ղ ես՝ զբաղվիր գործովդ, այգեպա՞ն ես՝ գործովդ զբաղվիր, գրո՞ղ ես՝ գործովդ զբաղվիր։ 

Անկասկած նույնիսկ ընտանիքում բոլորն աշխատանքին իրենց նվիրվածությամբ են ընտանիք կայացնում։ Սակայն կապիտալիստական հասարակարգում ժողովուրդն իմ ընտանիքը չէ, տղե՛րք, չի լինելու էդպես, ինչ-որ մեկի համար հաստատ վատ է լինելու, դե, շների համար՝ հաստատ։ Հետո ինչ, որ մարդ չեն։

Ես չեմ ճանաչում որևէ քաղաքական գործչի, որի ընտանիքի մասը կլինեմ ես։ Ի՞նչն է խնդիրը՝ սահմանին կանգնած զինվորն իր գործը չի՞ արել, աղբահավաքը չի՞ արել, ատամնաբույժը չի՞ արել։ Էս բոլորը հեղափոխություն են արել՝ հաստատելով, որ Հայաստանն իր օջախն է, բայց եթե ժողովուրդը քո ընտանիքն է, ինչո՞ւ ես հյուսիսկորեական այդ լոզունգը մտցնում աչքս։ Մեկն էլ կար, անհամեմատ ավելի տգեղ էր արտահայտվում՝ իմ կուսակցությունը ժողովուրդն է։ 

Մի քանի ամիս առաջ վարչապետը տնտեսական հեղափոխությունը պարզաբանելիս իրականությանն ավելի մոտ միտք էր ասում՝ յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր աշխատանքի համար։ Օջախում էլ է այդպես։ Այսինքն՝ ընտանիքում։ Իսկապես, եթե ես աշխատել չեմ ուզում, ո՛չ ինձ համար է լավ լինելու, ո՛չ էլ ընտանիքիս։

Էլի մարդիկ կան, որոնց համար լավ չի լինի։ Վարչապետն ի՞նչ է անելու։ Ոչինչ։ Մտքերի փոքրիկ հետևողականությունը վարչապետին չէր խանգարի։ Այս դեպքում կարգախոսը պետք է տեսլական ունենա, կարգախոսը պետք է բոլորին վերաբերի։ Եվ, առնվազն, պետք է գեղեցիկ լինի։ Իսկ այդ կարգախոսի հետ իմ էսթետիկական կռիվը գոնե զուտ անձնական է։ Այդ կարգախոսը ես ոչ մեկին չէի ասի։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am