Հայաստանի 15-ամյա աշակերտների արդյունքները PISA 2025 միջազգային գնահատման երեք հիմնական ուղղություններով՝ ընթերցանություն, մաթեմատիկա և բնագիտություն, զգալիորեն ցածր են ոչ միայն ՏՀԶԿ երկրների միջինից, այլև Հարավային Կովկասի մյուս երկու երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշներից։
Այս մասին վկայում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ OECD-ի հրապարակած PISA 2025 Results զեկույցը։ Հայաստանում գնահատմանը մասնակցել է 6804 աշակերտ՝ 293 դպրոցից, որոնք ներկայացնում են երկրի շուրջ 23,800 15-ամյա աշակերտների՝ մոտ 80 տոկոսը։
Ամենամտահոգիչ պատկերը գրանցվել է ընթերցանության ոլորտում։ Ընթերցանությունից Հայաստանի 15-ամյա աշակերտների միայն 19 տոկոսն է հասել այն նվազագույն մակարդակին, որը PISA-ն անհրաժեշտ է համարում տեքստը հասկանալու, հիմնական միտքը գտնելու և պարզ եզրակացություններ անելու համար։ OECD երկրներում այդ ցուցանիշը միջինը 69 տոկոս է, Վրաստանում՝ 39, Ադրբեջանում՝ 35 տոկոս։ Այսինքն՝ Հարավային Կովկասում Հայաստանը վերջինն է։
Մաթեմատիկայից Հայաստանի 15-ամյա աշակերտների միայն 28 տոկոսն է հասել նվազագույն պահանջվող մակարդակին, այսինքն՝ կարողացել է կիրառել հիմնական մաթեմատիկական գիտելիքները պարզ խնդիրներ լուծելիս։ Վրաստանում այդ ցուցանիշը 47 տոկոս է, Ադրբեջանում՝ 48 տոկոս, OECD երկրներում միջինը՝ 65 տոկոս։ Բարձր՝ 5-րդ կամ 6-րդ մակարդակի է հասել Հայաստանի աշակերտների միայն մոտ 1 տոկոսը։
Նույն պատկերն է նաև բնագիտությունից։ Հայաստանում 2-րդ կամ ավելի բարձր մակարդակի է հասել աշակերտների 28 տոկոսը, մինչդեռ Վրաստանում՝ 55 տոկոսը, Ադրբեջանում՝ 48 տոկոսը, OECD երկրներում միջինը՝ 74 տոկոսը։ Հայաստանում բարձրագույն՝ 5-րդ կամ 6-րդ մակարդակի հասած աշակերտներ գրեթե չեն եղել։
Այս թվերը ցույց են տալիս, որ Հարավային Կովկասի երեք երկրների համեմատությամբ Հայաստանը բոլոր երեք հիմնական ուղղություններով ամենացածր դիրքում է.
| Ցուցանիշ՝ նվազագույն մակարդակին հասած աշակերտներ | Հայաստան | Վրաստան | Ադրբեջան | OECD միջին |
|---|---|---|---|---|
| Ընթերցանություն | 19% | 39% | 35% | 69% |
| Մաթեմատիկա | 28% | 47% | 48% | 65% |
| Բնագիտություն | 28% | 55% | 48% | 74% |
PISA 2025-ի զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանի դպրոցներում նյութական ռեսուրսների պակասը շարունակում է խնդիր մնալ․ աշակերտների 49 տոկոսը սովորում է այնպիսի դպրոցներում, որոնց տնօրենները նշել են դասագրքերի, ՏՏ սարքավորումների, գրադարանային կամ լաբորատոր նյութերի պակասի ազդեցությունը ուսուցման վրա։ 39 տոկոսի դեպքում նշվել են նաև շենքային և ենթակառուցվածքային խնդիրներ։
Միևնույն ժամանակ Հայաստանի աշակերտների 58 տոկոսը հայտնել է, որ PISA-ի թեստին նախորդած երկու շաբաթվա ընթացքում առնվազն մեկ օր բացակայել է դպրոցից, իսկ 59 տոկոսը բաց է թողել առնվազն մեկ դասաժամ։ OECD երկրների միջին ցուցանիշները համապատասխանաբար 22 և 24 տոկոս են։
PISA-ն միջազգային գնահատման ծրագիր է, որը ստուգում է ոչ միայն դպրոցում սովորած գիտելիքների վերարտադրումը, այլև այն, թե 15-ամյա աշակերտներն որքանով են կարողանում այդ գիտելիքները կիրառել իրական իրավիճակներում՝ հասկանալ և վերլուծել տեքստերը, լուծել մաթեմատիկական ու բնագիտական խնդիրներ, համադրել տեղեկությունները և քննադատաբար մտածել։
2025 թվականի գնահատմանը մասնակցել է ավելի քան 760 հազար աշակերտ՝ 91 երկրից և տնտեսությունից։ PISA-ի արդյունքները հնարավորություն են տալիս համեմատել տարբեր երկրների կրթական համակարգերի արդյունավետությունը և տեսնել, թե դպրոցն աշակերտներին որքանով է պատրաստում ոչ միայն քննություններին, այլև առօրյա և հետագա կյանքի խնդիրները լուծելուն։



















