Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել ավելի քան 371 մլն դրամ ՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։

Հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից` որպես պետությանը պատճառված վնասի հատուցում 16.10.2018թ-ին, այնուհետև 23.10.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտի հաշվին է փոխանցվել 50.000.000 ՀՀ դրամ։
 
«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված ընկերության տնօրենին և տեխնիկական սպասարկման կայանի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հիշյալ քրեական գործի շրջանակներում Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում որպես պետությանը պատճառված վնաս «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից ընդհանուր առմամբ վերականգնվել է 100.000.000 ՀՀ դրամ։
ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ ավտոտեխսպասարկման ոլորտում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցումը օրերս վերականգնվել է 10.000. 000 ՀՀ դրամ:
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 28 քրեական գործ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին ընդհանուր առմամբ փոխանցվել է 371.400.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
 
Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: