Հայաստանը չի օգտագործում խոշտանգումների դեմ կոնվենցիան Ադրբեջանի դեմ՝ հայ գերիների հարցով, թեև ապացուցողական մեծ բազա կա․ Տարոն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները պարբերաբար ուղերձներ են հղում՝ բարձրաձայնելով իրենց նկատմամբ կիրառվող անարդարության և իրավունքների խախտումների մասին։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ են ցույց տալիս այդ ուղերձները, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այժմ՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական մակարդակներում։

– Ոչ միայն այդ ուղերձներից, այլև նախկինում եղած պրակտիկայից ակնհայտ էր, որ այդ մարդիկ հոգեբանական ու ֆիզիկական կտտանքների են ենթարկվում, ու դա ոչ միայն Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների էական, կոպիտ խախտում է, այլ նաև ներպետական օրենսդրության խախտում է: Նույն Ադրբեջանը չի թաքցրել ու չի էլ թաքցնում, որ իր ներպետական դատավարական ընթացակարգերը խախտելով է այդ մարդկանց ենթարկել պատասխանատվության: Նույն այդ ուղերձներում էլ մեր հայրենակիցները ճշմարտացիորեն նշում են, որ առկա վկայություններն իրենց հետ կապ չունեն, մարդիկ գալիս ուրիշ անուններ ու ուրիշ իրադարձություններ են ներկայացնում, ու այդ ամբողջ կեղծ մեղադրանքները, վկայություններն ընկնում են դատավճռի հիմքում: Նվազագույն իրավաբանական գիտելիքներ ունեցող մարդու համար էլ են ակնհայտ այդ կոպտագույն խախտումները: 

Մեր հայրենակիցներն էլ փորձում են առաջին իսկ հնարավորության դեպքում այս մասին բարձրաձայնել, որովհետև արտահայտվելու այլ տարբերակ չունեն, որովհետև Կարմիր խաչն այլևս չի այցելում այդ մարդկանց, չկա որևէ միջազգային կառույց, որ կկարողանա այցելել ու ինֆորմացիա տրամադրել ոչ միայն մեզ, այլ նաև ամբողջ միջազգային հանրությանը: Այդ մարդիկ արդեն երեք տարի է, Բաքվի բանտերում խոշտանգումների են ենթարկվում, ու միայն նմանատիպ փոքրիկ հնարավորությունների պարագայում են կարողանում այդ մասին բարձրաձայնել: Թե որքանով է այդ ինֆորմացիան ազդում մեր պետական այրերի վրա, ինքներդ եք տեսնում: 

– Մեր պետական այրերը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վստահեցնում են, որ այդ մարդկանց հետ բերելու համար արվում է ամեն ինչ, ուղղակի դրա մասին չեն բարձրաձայնում, որովհետև այս պարագայում, ըստ իրենց, ճիշտը գաղտնիությունն է, ավելին՝ նշում են, որ ընդդիմադիրների տարատեսակ հայտարարություններ խոչընդոտում են այս մարդկանց արագ հետ բերելու գործընթացը:

– Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող գաղտնի լինել, մարդու իրավունքների պաշտպանության ամենաառաջնային գործիքը հրապարակայնությունն է, դու պետք է հրապարակայնորեն դատապարտես մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, որ խախտող սուբյեկտը իրեն զսպի: Եթե մեր կառավարության ներկայացուցիչները կուլիսների ետևում ինչ-որ բաներ են քննարկում, սակարկության առարկա են դարձնում մարդու իրավունքները և այլն, ես չգիտեմ, մեզանից ոչ մեկը չի կարող դա իմանալ, բայց աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր գործիքները հրապարակային են ու բոլոր գործիքները կան: 

Չի կարելի մի կողմից ասել՝ ես զբաղվում եմ իմ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ ու փորձում եմ գաղտնի լսումների կամ բանակցությունների միջոցով այդ մարդկանց իրավունքները պաշտպանել, իսկ մյուս կողմից ասել, որ ես հրաժարվելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ նույն մարդկանց իրավունքների պաշտպանության գանգատներից: Սա ո՞նց կարելի է զուգահեռաբար տանել, հակառակը՝ նույն Եվրոպական դատարանում առկա գանգատները պետք է ավելի ինտենսիվացնել: 

– Պարո՛ն Սիմոնյան, Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակը նաև պետական մակարդակով բավարար և հետևողական աշխատանքի բացակայության հետևանք է։

– Պատմությունը «եթե»-ներով խոսել չի սիրում, բայց առնվազն պետությունը իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր գործիքները պետք է օգտագործի, ես տեսնում եմ, որ այսօր չի օգտագործում: Խնդիրը սրա մեջ է, թե չէ ասել՝ ինչ կլիներ, որ ավելի ինտենսիվ օգտագործեր, այլ հարց է: Կարող է ոչինչ էլ չլիներ, կարող է նույնը լիներ, կարող է շատ ավելի լավ իրավիճակում լիներ, բայց այն, ինչ դու պարտավոր ես անել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից քո քաղաքացիների համար, դու պարտավոր ես անել, դու զիջելու բան չունես, որովհետև եթե զիջես, ապա ստացվում է, որ դու իրավախախտ պետության հետ դառնում ես միևնույն հարթության վրա գտնվող պետություն: 

– Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների հարազատները դիմել էին ՀՀ ՄԻՊ-ին ու պատրաստակամություն հայտնել մեկնել Բաքու՝ տեսակցելու իրենց հարազատներին: Այս մասով ի՞նչ մեխանիզմներ կան, որոնք պետությունը պետք է կիրառի ու հնարավոր լինի իրականացնել այդ հանդիպումը:

– Եթե այն, ինչի մասին մեր կառավարությունը խոսում է, ռեալ լինի, ու պետական մարմինների միջև հարաբերություններ լինեն, թեկուզ ոչ պաշտոնական, բայց լինեն, ՄԻՊ-ն էլ է պետական մարմին, ու ինքն էլ կարող է իր գործընկերոջ հետ կապ հաստատել ու եղած համագործակցության շրջանակներում, եթե այդպիսին կա իհարկե, որոշակի գործիքներ օգտագործել: Պարզապես այստեղ ես չեմ կարող շատ խորանալ, պարզաբանումներ տալ, որովհետև ես անձամբ որոշ գործերում ներգրավված եմ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությանը ու չեմ կարող հրապարակային ձևով ներկայացնել, թե պետական մարմինը ինչ իրավունք ունի կամ չունի անելու: 

Կարող եմ ասել, որ համագործակցության շրջանակներում կարող է իր գործիքակազմն ամբողջությամբ օգտագործել, որովհետև և՛ մենք, և՛ Ադրբեջանը ներկայացված ենք մարդու իրավունքների պաշտպանության մի քանի հարթակներում ու առնվազն դրանց լծակները օգտագործել Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ համագործակցելու համար, կարծում եմ, հնարավոր է: 

– Եթե արձանագրում եք, որ պետական մարմինները չեն անում այն, ինչ պետք է անեն, այդ պարագայում այս մարդկանց իրավունքները ինչպե՞ս ու ովքե՞ր պետք է պաշտպանեն:

– Ոչ միայն չեն անում, այլ նաև հայտարարում են, որ չեն էլ անելու, օրինակ՝ գանգատները հետ են վերցնելու: Մարդու իրավունքների հետ կապված, երբ դրանք դառնում են արդեն խոշտանգում, սրանք միջազգային հանցագործություններ են, ու բոլոր պետություններն ունեն միջազգային պարտավորություն միջամտելու, որպեսզի այդ խնդիրները, խախտումները վերանան, բայց առավելապես այն պետությունները, որոնց քաղաքացիների դեմ ուղղված են դրանք: 

Հայաստանն ու Ադրբեջանը Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի անդամ ենք, չէ՞, բայց մենք այս կոնվենցիան չենք օգտագործում Ադրբեջանի դեմ իրավական գործընթացներ սկսելու ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, որովհետև այդ կոնվենցիան ճանաչել է տալիս թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին միջազգային դատարանի իրավազորությունը: Այդ գործիքը մենք հիմա ինչո՞ւ չենք օգտագործում, ես դժվարանում եմ պատասխանել, որովհետև մենք բավականաչափ մեծ ապացուցողական բազա ունենք այդ խոշտանգումների վերաբերյալ՝ ոչ միայն այն գերիների, որոնք հիմա գտնվում են Բաքվի բանտերում, այլև այն, որոնք խոշտանգումների միջոցով սպանվել են: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am