Միանգամից երկու «Արևածաղիկ» «Մեդիալաբին». ամփոփվեցին «Հավասար հնարավորություններ» հոբելյանական 10-րդ մրցույթի արդյունքները

Միանգամից երկու «Արևածաղիկ» «Մեդիալաբին». ամփոփվեցին «Հավասար հնարավորություններ» հոբելյանական 10-րդ մրցույթի արդյունքները
Միանգամից երկու «Արևածաղիկ» «Մեդիալաբին». ամփոփվեցին «Հավասար հնարավորություններ» հոբելյանական 10-րդ մրցույթի արդյունքները

Այսօր ամփոփվել են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ-ների համար հայտարարված մրցույթի արդյունքները, ուր «Մեդիալաբի» երկու լրագրողները` Քրիստինե Խանումյանն ու Փառանձեմ Հովհաննիսյանն արժանացել են մրցանակների:
«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից հայտարարված հոբելյանական 10-րդ մրցույթին ներկայացվել էր 35 հայտ Երևանից և ՀՀ մարզերից:
Ներկայացված էր 16 տպագիր, 2 մուլտիմեդիա, 2 ֆոտո և 15 հեռուստատեսային աշխատանք:

«Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգում սահմանված միակ` երրորդ մրցանակին արժանացավ «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանը` «Չկա հիվանդ երեխա, կա հիվանդ հասարակություն և հիվանդ անտեղյակություն» պատմության համար: Այս անվանակարգում երկրորդ և առաջին մրցանակ չշնորհվեց ոչ մեկին:

«Լավագույն տպագիր հոդված» անվանակարգում երկրորդ մրցանակին արժանացավ «Մեդիալաբի» լրագրող Քրիստինե Խանումյանը` «Պատերազմ խաղաղության մեջ. լավ է կույր աչոք, քան կույր մտոք» հոդվածի համար:

Նույն անվանակարգում 1-ին մրցանակի արժանացավ Սոնա Ավագյանը «Ի՞նչ է եղել քաղաքացու հետ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածի համար («Հետք» էլ. պարբերական), իսկ երրորդ մրցանակի՝ Գայանե Ասրյանը «Խոսել նրանց հետ և ոչ թե նրանց մասին. հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները Հայաստանում» հոդվածի համար («Կոսմոպոլիտան Հայաստան»):

Մրցույթի «Լավագույն հեռուստանյութ» անվանակարգի 1-ին մրցանակին արժանացավ Նելլի Հարությունյանը «Հատուկ և հանճարեղ» հեռուստառեպորտաժի համար («Արմնյուզ» հեռուստաընկերություն), երկրորդ մրցանակին՝ Տաթևիկ Ղազարյանը «30 օր» հեռուստաֆիլմի համար («Սիվիլնեթ» ինտերնետ կայք), իսկ երրորդ մրցանակին՝ Սոնա Հակոբյանը «Ես Սիրանուշն» եմ ռեպորտաժի համար («Երկիր մեդիա» հեռուստաընկերություն), ինչպես նաև Անի Հակոբյանը «ՀՀ իրական քաղաքացի» ռեպորտաժի համար («Փաստ» լրատվական, «ԱԹԻՎԻ»):

Գլխավոր մրցանակին արժանացավ Կարինե Հարությունյանը` «Երկու ճանապարհ» հեռուստաֆիլմի համար («Շողակաթ» հեռուստաընկերություն, Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ):

Իսկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հատուկ մրցանակին արժանացավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Մանկական երկիր» լրատվական ծրագիրը:

«Դրական կերպարների ներկայացումից զատ, որոնք շատ կարևոր են, պետք է ներկայացնել խնդիրները, որոնք առկա են: Այսինքն` անձի պրոբլեմից գնալ դեպի հասարակության մեջ առկա խոչընդոտները: Այս տարի ներկայացված նյութերի մեծ մասը հաջողված պատմություններ էր, և թե ինչպես են նրանք խնդիրները հաղթահարել, ավելի քիչ էին այդ խոչընդոտների վերացման ու այդ բազմակարծության կողմերը: Պետք է վեր հանենք դրանք ու հետևողական լինենք»,- «Մեդիալաբին» ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ տնօրեն Սուսաննա Թադևոսյանը:

Ի դեպ, «Մեդիալաբի» 2-ամյա պատմության մեջ այս մրցանակներն արդեն տասներեքերորդն էին` տեղական ու նաև միջազգային հեղինակավոր մրցանակների կողքին: Շնորհավորում ենք մրցանակակիրներին:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am