Բժիշկների համաշխարհային ասոցիացիան Բաքվին կոչ է անում ապահովել անվտանգ անցումը Լաչինի միջանցքով.«Ազատություն»

Բժիշկների համաշխարհային ասոցիացիան հումանիտար ճգնաժամում հայտնված հազարավոր քաղաքացիական անձանց օգնելու հրատապ գործողությունների կոչ է անում:Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Տարածած հաղորդագրությունում կազմակերպությունը նշում է՝ ճգնաժամը հետևանք է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի արգելափակման, որը հանգեցրել է ավելի քան 120 հազար մարդու՝ բժշկական օգնությունից կտրվելուն: «Հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չեն կարողանում ստանալ պարենի մատակարարումներ ու բուժօգնություն, հիվանդները տարածաշրջանում չեն կարողանում տեղափոխվել հիվանդանոց Հայաստանի մայրաքաղաք Երևանում», – ասված է հաղորդագրությունում:

Ասոցիացիայի խորհրդի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին հայտարարել է. – «Հիվանդները մահվան վտանգի տակ են, քանի որ չեն կարողանում ստանալ իրենց դեղորայքը և հասնել հիվանդանոց: Մենք հորդորում ենք Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ապահովել անվտանգ անցումը Լաչինի միջանցքով՝ խուսափելու համար այդ վատթարացող հումանիտար ճգնաժամից: Դա կարևորագույն ճանապարհ է կենսական նշանակություն ունեցող պարենի և բժշկական մատակարարումների համար»: