«Դլե յաման», Հայաստանի դրոշն ու օրհներգը. Ֆրանսիայի նախագահի գլխավորությամբ Փարիզում ազգային հրաժեշտ տվեցին Շառլ Ազնավուրին

«Դլե յաման», Հայաստանի դրոշն ու օրհներգը. Ֆրանսիայի նախագահի գլխավորությամբ Փարիզում ազգային հրաժեշտ տվեցին Շառլ Ազնավուրին
«Դլե յաման», Հայաստանի դրոշն ու օրհներգը. Ֆրանսիայի նախագահի գլխավորությամբ Փարիզում ազգային հրաժեշտ տվեցին Շառլ Ազնավուրին

Այսօր Փարիզի Les Invalides` Հաշմանդամների պալատում կայացավ աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը: Այն գլխավորում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հայաստանի պատվիրակության կազմում էին, մասնավորապես, նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը:

Արարողությանը ներկա էին նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին, հայտնի դերասաններ, երգիչներ, դիվանագետներ:

Հայկական դուդուկի՝ «Դլե յաման» երաժշտության հնչյունների ներքո պալատ բերվեց Ազնավուրի աճյունը՝ Ֆրանսիայի եռագույն դրոշով փաթաթված:

Ազնավուրի աճյունի առջեւ զինվորականները խոնարհեցին նաեւ Հայաստանի պետական դրոշի գույներից կազմված ծաղկեպսակը:

Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախումբը ի պատիվ Ազնավուրի երկու երգ կատարեց՝ ֆրանսերենով եւ հայերենով:

Ֆրանսիայի նախագահն ու Հայաստանի վարչապետը՝ երկու երկրների պետական օրհներգերի ներքո գլուխ խոնարհեցին մեծ երգչի աճյունի մոտ:  

Ապա Մակրոնն ու Փաշինյանը հանդես եկան ելույթներով:

«Ֆրանսիայում պոետները չեն մահանում»,- իր խոսքում նշեց Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ Ազնավուրը հազարավոր մարդկանց համար նա դարման էր եւ ուժ:

«Մենք սովորել ենք, որ այս մարդը միշտ ներկա լինի մեր կյանքում և միավորի բոլորիս: Նա դարձել էր Ֆրանսիայի դեմքերից մեկը: Նա մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող էմիգրանտի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»,- իր խոսքում նշեց Ֆրանսիայի նախագահը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով» եւ ինքը նրան խոստացել էր ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին: 

«Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, սփոփանքս այն է, որ Ազնավուրն այնուամենայնիվ հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»։ 

Սիրելի Վարպետ, Մեծարգո Շառլ Ազնավուր. 

Ձեր նամակում դուք ճշգրտորեն ձեւակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, ինչ ուզում է Հայաստանի երիտասարդությունը: Եւ այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը, կյանքի կկոչենք Ձեր ցանկությունը: Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ եւ Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի»,- հայտարարեց Փաշինյանը: