Արմավիրում 1000-ավոր հա ստվերային այգիներ են գործել, որոնց համար ոռոգման ջրի վարձ չի վճարվել. մարզի ոռոգման խնդիրները

Արմավիրի մարզում ոռոգման ջրի խնդրի հետ կապված բողոքի ակցիաները շարունակվել են նաև այսօր: Բնակչությունը դեռևս հունիսի 27-ից բողոքի ակցիաների միջոցով փորձում է ուշադրություն հրավիրել հարցի վրա, լուծում է պահանջում, սակայն Արմավիրի մարզպետարանից ասում են՝ խնդրի լուծումը իրենց իրավասության տիրույթում չէ:

Հունիսի 26-ին բնակիչները փակել էին Երևան-Արմավիր մայրուղին, իսկ այսօր բողոքի ակցիան շարունակել Ջրօգտագործողների ընկերություններից մեկում:

«Մարզի ջրային համակարգի փաստացի կառավարիչը Արմավիրի մարզպետարանը չէ», -«Մեդիալաբին» ասում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Մարզպետի խոսքով, թեպետ խնդիրը մարզպետարանի իրավասության լուծման դաշտում չէ, բայց ինքը տեղյակ է իրավիճակին, և բնակչությանը մտահոգող հարցերը բարձրացրել է վերին օղակներում:

Նրա խոսքով, կային պլանային անջատումներ և երբ պետք է, ըստ հերթականության, ջուրը հասներ Էջմիածնի տարածաշրջան, Քասախի հատվածում միջտնտեսային ցանցերի վթար է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ ոռոգման ջրի մատակարարումը այդ տարածաշրջանին ուշացել է: Մարզպետն ասում է՝ Ջրային կոմիտեն փորձել է վթարը  վերացնել, իսկ այդ ընթացքում շատ մարդիկ մնացել են առանց ոռոգման ջրի:

Պաշտոնյան իր ղեկավարած մարզի բնակչությանը տանջող ոռոգման ջրի հարցը, առհասարակ, պայմանավորում է երեք հիմնական խնդիրներով՝ տարին սակավաջուր էր, եղանակը այս տարի շոգ է, իսկ դրան զուգահեռ մշակովի հողատարածքները կտրուկ աճում են:

Սևանա լճի ջրի մակարդակի աճը, ըստ մարզպետի, չի նշանակում, թե բոլոր հողատարածքները անխոչընդոտ կարող են ոռոգվել: «Սակավաջուր տարի ունենք, ջրամբարներում քիչ ջուր ունենք, դե իսկ բնակլիմայական պայմաններն էլ շատ շոգ են ու այդ պատճառով պլանային ոռոգումը, որը սովորական պայմաններում միանգամայն բավարար էր, հիմա չի բավարարում», -խնդիրները թվարկում է Համբարձում Մաթևոսյանը:

Բայց այդքանով հանդերձ, մարզում աճում է մշակովի հողատարածքների թիվը: Մարզպետն ասում է, որ ոռոգման ջրի հետ կապված մտահոգությունները չեն վանում բնակչությանը հացահատիկային հողատարածքները դարձնել բանջարաբոստանային հողատարածքներ, այգիներ:

«Եթե նախկինում հացահատիկային մշակաբույսերի համար հողը պետք է ոռոգվեր 2-3 անգամ, ապա հողատարածքների տեսակի փոփոխմամբ ոռոգման պահանջը աճել է 1-10 անգամ», -բացատրում է պաշտոնյան:

Այդուհանդերձ, չնայած մարդիկ բողոքում են, բայց մարզպետն ընդգծում է, որ Արմավիրում ջրային տնտեսության բարելավման հարցում զգալի աշխատանքներ կատարվել են: Օրինակ՝ մարզում միջտնտեսային ու ներտնտեսային 100 կմ-անոց ջրային ցանց է կառուցվել, որը Մաթևոսյանի խոսքով, խորհրդային շրջանից հետո երկրորդ խոշոր ծրագիրն է այս մարզում:

Բացի այդ, Արմավիրի մարզպետարանի վերահսկողական վարչությունը 1000-ավոր հեկտարներով ստվերային այգիներ է հայտնաբերել, այսինքն ոռոգելի տարածքներ, որոնք ոռոգման համար պայմանագիր չեն ունեցել և ջրի վարձը չեն վճարել: Ըստ մարզպետի, միայն 2019-ին նման 1700 հա տարածք է հայտնաբերվել:

Մյուս կողմից, Մաթևոսյանի խոսքով, մարզում փորձել են խրախուսել ջրամբարների կառուցմանը. «Մարզում բոլոր խոշոր գյուղատնտեսական ներդրողներին մեր կողմից հորդորել ենք ու աջակցել, որ փոքր ու միջին ջրամբարների տնտեսությունը զարգանա: Անձամբ ես վերջին երեք տարիների ընթացքում շուրջ 3 տասնյակ ջրամբարների կառուցման թույլտվություն եմ ստորագրել»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am