Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց դատավորների թեկնածուների ցուցակի համալրման գրավոր քննության արդյունքները։ Ապագա դատավորները պետք է աշխատեն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ֊հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունների ենթաբաժնում:
17 թափուր հաստիքի համար գրավոր քննությանը մասնակցել էր 50 հավակնորդ, բալերի անցողիկ շեմը հաղթահարել՝ ընդամենը 21-ը։ Առաջիկայում նրանք մասնակցելու են բանավոր քննությանը, որից հետո միայն պարզ կլինի՝ կհամալրեն դատավորների թափուր տեղերը, թե՝ ոչ։
Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում առկա դատավորների թափուր հաստիքները 33-ն են, որից 26-ը՝ Առաջին ատյանի, 6-ը՝ Վերաքննիչ, 1-ը՝ Վճռաբեկ դատարանում։ Վերջին երեք տարում Հայաստանում ակնհայտորեն նվազել է դատավոր դառնալու հավակնորդների թիվը․
Factor.am-ի հետ իր մտահոգությունն է կիսում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Ըստ նրա՝ իրավաբանները չեն ձգտում դատավոր դառնալ, պատճառները մի քանիսն են․ «Տվյալ պահի դրությամբ՝ պատճառներից գլխավորը դատավորի մասնագիտության նկատմամբ հանրության անվստահությունը և քննադատական վերաբերմունքն է։
Դատավոր դառնալ ցանկացող անձինք տեսնում են, որ անընդհատ գտնվելու են հայհոյախառը, շատ դեպքերում՝ սուբյեկտիվ քննադատության ճնշման ներքո, ինչն արդեն իսկ վանում է մարդկանց: Շատերը կան, որ ճնշմանը չեն դիմանում և ցանկանում են հեռու մնալ այդ պաշտոնից»,- նշեց Բեքմեզյանը։
Ավելին՝ factor.am-ում