Բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնը Երևանում

Բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնը Երևանում
Բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնը Երևանում

Մարտի 10-ին ժամը 16.00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությունը: Բացման խոսոքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և բրիտանացի կինոռեժիսոր Մայքլ Ուայթը:

Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-ամյա հոբելյանի շրջանակում կազմակերպվող Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնի ընթացքում կցուցադրվի բրիտանական արտադրության տասը ֆիլմ: Բազմաժանր ֆիլմերը ներկայացնում են պատմություններ բրիտանացիների առօրյայից, ներկայացնում համամարդկային խնդիրների նրանց ընկալումները, բացահայտում ժամանակակից աշխարհում սեփական ճակատագրի համար պայքարող մարդկանց ապրումները: Ֆիլմերը նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և հասարակության ու անձի փոխհարաբերությունների հիմնախնդիրներին:

Փառատոնի բացումը տեղի կունենա մարտի 10-ին Մոսկվա կինոթատրոնում «Հրակառքեր» ֆիլմով: Այն հիմնված է իրական պատմության վրա և ներկայացնում է 1924 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում երկու մարզիկների պայքարը:

Փառատոնի պատվավոր հյուրերն են ծրագրում ընդգրկված «Մեծագույն սեր» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Ուայթն ու գեղանկարիչ Րիս Ուայթհեդը: Փառատոնի ընթացքում Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում կցուցադրվեն Րիս Ուայթհեդի Հայաստանով ոգեշնչված աշխատանքները, իսկ մարտի 11-ին ռեժիսոր Մայքլ Ուայթը ցուցադրությունից առաջ հանդիսատեսին կներկայացնի «Մեծագույն սեր» ֆիլմի նկարահանման պատմությունը: Ռեժիսորը նաև վարպետության դասընթաց կանցկացնի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնում ընդգրկված «Կյանքը մեկ օրում» ֆիլմի ստեղծմանն են մասնակցել հայ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանն ու դերասան Արսեն Գրիգորյանը: Ֆիլմը, որը ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց մեկ օրվա պատմությունը, կցուցադրվի մարտի 15-ին Մոսկվա կինոթատրոնում:

Հանդիպումների ու վարպետության դասընթացների անցկացմանը զուգահեռ փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Կովկասյան ինստիտուտը և Ռուբեն Մանգասարյան մեմորիալ հիմնադրամը կազմակերպում են վավերագրական լուսանկարչության դասընթաց: Այն կվարի Լոնդոնի Արվեստների համալսարանի Հաղորդակցության լոնդոնյան քոլեջի դասախոս Պատրիկ Սադերլենդը:

Հայաստանում ֆիլմերի գրախոսության և կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը և Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարում է ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ: Մասնակիցները պետք է գրեն փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն, որոնցից լավագույնի հեղինակը կպարգևատրվի Apple iPad 2-ով:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ֆիլմերը մարտի 1-ից-11-ը ցուցադրվելու են հանրապետության երեք մարզերում` Վանաձորում, Բերդում և Գյումրիում: Երևանում մարտի 10-ից -19-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում ֆիլմերը կցուցադրվեն 17.00-ին անգլերեն, իսկ 19.00-ին` հայերեն ենթագրերով: Փառատոնի ցուցադրությունների մուտքն ազատ է: Ցուցադրություններից առաջ կներկայացվեն նաև բրիտանական կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին:

Բրիտանական ֆիլմերի փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը:

 

Ծրագիր

 

10 մարտի 16.00, Մոսկվա կինոթատրոն – Բրիտանական ֆիլմերի փառատոնի բացման արարողություն

11 մարտի 17.00 և 19.00, Մոսկվա կինոթատրոն– Հանդիպում «Մեծագույն սեր» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Ուայթի հետ

 

12 մարտի 14.30, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ – Մայքլ Ուայթի վարպետության դասընթացը Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում

 

16 մարտի 16.00, Մոսկվա կինոթատրոն – Արվեստների համալսարանի Հաղորդակցության լոնդոնյան քոլեջի դասախոս Պատրիկ Սադերլենդի երևանյանի դասընթացի մասնակիցների լուսանկարների ցուցահանդես

© Medialab.am