Քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը խստորեն դատապարտում է Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհրդի հայտարարությունը

«Հարգելի՛ երևանցիներ, Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասի՝ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։ 2021 թվականի հունվարից առ այսօր խորհուրդն ինտենսիվորեն աշխատել է խորհրդի նախագահ Հայկ Մարությանի հետ և առաջարկել է նոր լուծումներ մայրաքաղաքի երիտասարդների խնդիրներին։

Համատեղ աշխատանքի արդյունքում Երևան համայնքն իր պատմության մեջ առաջին անգամ նախատեսել է համայնքի բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացնել երիտասարդական ծրագրերի իրականացմանը։ Արդեն իսկ ֆինանսավորվել են երիտասարդական 4 նորարարական ծրագրեր, շուտով կձևավորվի Երիտասարդության հարցերի բաժինը և կզարգանա Երևանի երիտասարդական կենտրոնների ցանցը։

Համոզված ենք, որ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը չի բխում Երևանի բնակիչների և մասնավորապես Երևանի երիտասարդության շահերից։

Լինելով քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդ՝ երբևէ չենք ներգրավվել որևէ քաղաքական գործընթացներում: Այնուամենայնիվ, կարևոր ենք համարում հայտարարել, որ մեր աջակցությունն ենք հայտնում Երևանի քաղաքապետին և կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որի հաջողության արդյունքում կկասեցվեն մեկնարկած համակարգային բարեփոխումներն ու նախաձեռնությունները։

Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ»։