«Սյունիքում տեսանելի էին բոլոր այն խմբակները, որոնք արդեն 2 տարի է՝ դիրքավորված են ընդդեմ հեղափոխության». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, մայիսի 24-ին Սյունիքում բողոքի ակցիա տեղի ունեցավ, որի մասնակիցները պնդում էին, որ պահանջում են ազատ արձակել Քաջարանի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարուցված քրեական գործով անցնող երիտասարդներին։ Նաև տարբեր կոչեր հնչեցին այդ ակցիայի ժամանակ, իրականում ի՞նչ էր տեղի ունենում։

– Ճիշտն ասած, ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ նման բան, որ ժամեր շարունակ ինչ-որ բողոքի ակցիա լինի, և կողմերից ոչ ոք չասի, թե ինչի մասին է այն։ Ընդ որում, և՛ լուսաբանող լրատվամիջոցները, և՛ ցուցարարներն ամեն ինչից խոսում էին, բացի բուն գործից, մեղադրանքներից, թեպետ չեմ կարծում եմ, որ նրանք տեղյակ չէին, թե ի՛նչ գործով էին բերման ենթարկվել երիտասարդները։

Բավական հմտորեն թաքցվում էր տեղեկատվությունը, և տպավորություն էր ստեղծվում, թե ոստիկանությունն անհիմն ինչ-որ գործողություններ է իրականացնում։ Ընթացքում մենք լսում էինք անհասկանալի ուլտիմատումներ, վերջնագրեր՝ կփակենք փողոցները, կփակվի պղնձամոլիբդենային գործարանը, մարդիկ առանց աշխատանքի կմնան և այլն։

Քաջարանի քաղաքապետի կողմից հայտարարություն տարածվեց, որ քաղաքական հետապնդում է իրականացվում իր հանդեպ։ Բողոքողների մի մասը պնդում էր, որ այս ամենն արդյունք է այն բանի, որ այդ քաղաքապետները, այսպես ասած, այնքան էլ հաճո չեն այսօրվա իշխանություններին, դրա համար իրենցից փորձում են ազատվել։ Եվ այսպես շարունակ։ Ամեն ինչ ասվեց, բացի նրանից, թե ինչ է կատարվել իրականում, ինչում են մեղադրվում տղաները և քաղաքապետը։

Բայց այդ ամենի կողքին նկատելի էր նաև ոստիկանության լռությունը։ Նույն Քննչական կոմիտեն ևս լռում էր։ Ի վերջո, Քննչական կոմիտեն ավելի վաղ՝ հենց օրվա ընթացքում կարող էր ուղղակի հաղորդագրություն տարածել՝ կանխելու համար բոլոր այն գործողությունները, որոնք իրականացվեցին։ Այդ գործողությունները, ըստ էության, պայթյունավտանգ իրավիճակ էին ստեղծում, հատկապես որ այն, ինչ կատարվում էր Սյունիքում, ամբողջովին հակասում էր արտակարգ դրության ռեժիմի կանոններին, համավարակի տարածման ռիսկեր էին ստեղծվում։

– Ի՞նչ էր տեսանելի, ի՞նչ ուժեր են փորձում Սյունիքում ապակայունացնել իրավիճակը։ 

– Կողքից տեսանելի էին բոլոր այն խմբակները, որոնք արդեն երկու տարի է՝ դիրքավորված են ընդդեմ նոր իշխանության ու հեղափոխության։ Նրանց կհամարենք կոնտրհեղափոխականներ, թե այլ կերպ, բայց նրանցից ոմանք արագ տեղափոխվեցին Սյունիք՝ քաղաքականացնելու այդ բողոքի ակցիաները։ Տեսանելի էր, թե ովքեր են։

Այսինքն՝ եթե անգամ չասենք, որ նախկին իշխանությունները կազմակերպիչն են, առնվազն իրենց պատկերացնում էին որպես այդ ամենի շահառու, որը, նրանց կարծիքով՝ թույլ կտար մարզի բնակչությանը հանել գործող իշխանությունների դեմ։ Եվ միայն կեսգիշերին հայտնի դարձավ, որ ըստ էության տեղի է ունեցել հանցագործություն, որի մեջ կասկածվում են Քաջարանի քաղաքապետը և նրա շրջապատը, որոնցից չորսին ցանկանում էին քննչական գործողություններ իրականացնելու նպատակով տեղափոխել Երևան։

Իհարկե, այս պահին որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել պետք չէ, բայց, այնուամենայնիվ, խոսքը անմիջապես քաղաքապետի ներկայությամբ կատարված առևանգման և ծեծկռտուքի ու թմրաբիզնեսի դեպքի մասին է։ Ըստ հաղորդագրության՝ դրան առնչվում էին այդ թվում պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ աշխատակիցներ՝ բարձր պաշտոններ զբաղեցնող։

Եվ հետին թվով այդ ամենը համադրելով՝ հասկանում ենք, որ երեկվա ցուցարարների հիմնական մասը կա՛մ այդ տղաների շրջապատն էր՝ պղնձամոլիբդենային կոմբինատից, կա՛մ հարազատները, կա՛մ քաղաքապետի աջակիցները։ Համենայնդեպս, փորձ արվեց քաղաքական ենթատեքստ տալ այդ ամենին, ինչը ճիշտ չէր ո՛չ լրատվամիջոցների պահվածքի, ո՛չ համայնքի ղեկավարի հայտարարության առումով, ո՛չ էլ ոստիկանության ու Քննչական կոմիտեի հայտարարության։ 

– Ոստիկանության գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Խնդիր կար ոստիկանությունում բերման ենթարկված անձանց խոշտանգումների մասին, որի վերաբերյալ հնչեցին հայտարարություններ։ Պետք է հասարակությանը պարզաբանում տրվի՝ այդ մարդկանց նկատմամբ իսկապես բռնություններ կիրառվե՞լ են, թե՞ ոչ։ Ծառայողական քննությունը, որի անհրաժեշտությունը բարձրացվել է ՄԻՊ-ի կողմից, հայտարարվել է ոստիկանության կողմից, պետք է հասարակությանը ներկայացվի։

– Երբ ասում եք՝ նկատելի էր, թե ո՛ր ուժերն էին հրահրում այդ հանրահավաքը, հաշվի առնելով այս օրինակը, կարո՞ղ ենք ասել, որ այդ ուժերը կփորձեն պարբերաբար տարբեր մարզերում նման իրավիճակներ հրահրել ու անկայունացնել վիճակը։

– Պարզ է, տեսանելի է, դա նոր չէ։ Այո՛, նրանք փորձելու են ցանկացած բողոքի ու դժգոհության ալիք օգտագործել՝ այդ ամենին քաղաքական երանգ հաղորդելու և իշխանությունը թուլացնելու համար։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am